Դասական երաժշտության նման ներդաշնակ, ռոքի նման ըմբոստ, ջազի նման հավերժ, բայց ոչ երբեք փոփի նման կանխատեսելի

Հարցազրույց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ

- Պրն. Աբրահամյան, շատերը չգիտեն, որ դուք մասնագիտությամբ երաժշտագետ եք: Ինչպե՞ս ստացվեց Ձեր կյանքում երաժշտությունից անցումը դեպի լրագրություն, ի՞նչը տարավ ձեզ «Ա1» ու դարձրեց Հայաստանի ամենահայտնի լրագրողներից մեկը:

- Ես ավարտել եմ կոնսերվատորիան 1983 թվականին: 1988թ. նույնիսկ թեկնածուական թեզ եմ պաշտպանել արվեստագիտությունից։ Այլևս ոչ մի տեղ չեմ ավարտել, ոչ մի բուհում չեմ սովորել։ Լրագրության մեջ ինքնուս եմ, ինքս ինձ կատարելագործել եմ։

Երբ ավարտեցի կոնսերվատորիան, ընկերս առաջարկեց, որ ես երաժշտական հաղորդում վարեմ։ Դա 1983 թվականին էր։ Երաժշտական հաղորդման մեջ ես էջ էի վարում պատանիների համար, կոչվում էր «Մեղեդի»։ Դա իմ մասնագիտության և լրագրության արանքում էր: Ես պետք է մինչև 16-17 տարեկան երեխաներին պատմեի որևէ կոմպոզիտորի մասին, կամ խոսեի որևէ ստեղծագործությունից։ Եվ ես հայտնվեցի այդ ժամանակվա միակ պետական հեռուստաընկերությունում, որտեղ լույսերը, տեսախցիկները, այդ ամբողջ մթնոլորտը, կարելի է ասել այդ մագիան, երբ դու որևէ բան ես ասում, և այդ ամենը հայտնվում է եթերում, գերեցին ինձ, ես շատ սիրեցի հեռուստատեսությունը։

Սկզբնական շրջանում ես վարում էի երաժշտական հաղորդումներ՝ մնալով երաժշտության մեջ: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մենք 1991թ. որոշեցինք ստեղծել մեր հեռուստաընկերությունը՝ որպես այլընտրանք պետական հեռուստաընկերությանը, որը կոչվեց «Ա1»։ Հենց այդ ժամանակ, կարելի է ասել, ես անցա մաքուր լրագրողական աշխատանքի։ Երաժշտությունից հեռացա։ 1991 թվականից մինչև այսօր բացառապես աշխատում եմ որպես լրագրող։

Երիտասարդ լրագրողի համար ինչ-որ սթրես, էքստրեմալ իրավիճակ է հարկավոր, որ նա կարողանա զարգանալ: Ցանկալի է, որ դա չլինի այն իրավիճակը, որը ես եմ տեսել՝ պատերազմ։ Չնայած ես տարիքով երիտասարդ չէի այդ ժամանակ, այլ երիտասարդ էի որպես լրագրող։ Եթե դուք ուզում եք զարգանալ որպես լրագրող, աստված չտա՝ պատերազմ լինի. հրդեհ, տարերային աղետ, ինքնաթիռի կործանում, այդպիսի դեպքեր եթե լուսաբանեք, դուք միանգամից կհայտնվեք իրադարձությունների հորձանուտում և ստիպված կլինեք լավ ռեակցիա, լավ կրեատիվություն ցույց տալ: Այս ամենը լրագրողի համար շատ մեծ փորձ կլինի, իհարկե, հասկանում ենք նաև, որ գործ ենք ունենում դժբախտությունների, մարդկային կյանքերի հետ։

Այդպիսի փորձ էր ինձ համար պատերազմը լուսաբանելը, երբ ես գործուղվում էի «Ա1»-ից։ Դա էլ նպաստեց իմ լրագրող դառնալուն։

Չգիտեմ, չեմ կարող ասել՝ որքանով եմ ես հայտնի։ Հիմա կան ավելի հայտնի լրագրողներ, քան ես եմ։

Ես ամեն օր իմ աշխատանքն եմ կատարում, աշխատում եմ համեստորեն և նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ։ Եթե դուք նույնիսկ շատ հայտնի դառնաք, և ձեզ համարեք սուպերաստղ, միևնույն է, պետք է շարունակեք աշխատել ձեզ վրա, սև աշխատանք էլ պետք է կատարեք. կոպիտ ասած, եթե քեզ տալիս են ստուդիան ավլելու առաջադրանք, դու չպիտի ասես. «Ա՜խ, ես աստղ եմ, աստղերն այդպիսի բան չեն անում»։

Պարզապես լրագրող, առանց հայտնիի, ինձ դարձրեց ամենօրյա համառ աշխատանքը։

Երբ առաջին քայլերս էի անում լրագրության մեջ, կային երեսուն տարվա լրագրողներ, որ ասում էին՝ ինչո՞ւ պետք է այս երաժշտագետն աշխատի որպես լրագրող։ Բայց ես դա նորմալ էի համարում, և կարծում եմ, որ լրագրող լինելու համար անհրաժեշտ չէ ավարտել լրագրության բաժինը։ Լրագրությունը մասնագիտություն չէ բառիս բուն իմաստով։ Բժշկից կամ իրավաբանից պահանջում են դիպլոմ, և զարմանալի կլիներ, որ մի մարդու տային դանակը՝ մարդկանց վիրահատելու համար, և նա չունենար բժշկի կրթություն, կամ իրավաբանին՝ առանց կրթության, թույլ տային մարդկային ճակատագրերը տնօրինել, բայց լրագրության մեջ այլ է։ Լրագրությունն ավելի շուտ մտածելակերպ է, ապրելակերպ, ապրելաոճ։ Եթե մարդ այրվում է որևէ պատմություն պատմելու կրքով, ապա նա կարող է լինել լրագրող, մնացած բաները, ինչ սովորեցնում են՝ ինչպես պետք է գրել, կամ հարցերը տալ, իհարկե, պետք են, բայց կարևորն այդ կիրքն է։ Ես ունեցել եմ աշխատողներ, ովքեր շատ զարգացած, ինտելեկտուալ են եղել, լեզուներ են իմացել, բայց այդ կիրքը չեն ունեցել։ Ես շատ եմ սիրում նրանց, բայց ի վերջո նրանք թողեցին-գնացին, որովհետև սա իրենցը չէր:

- Ձեզ կարելի է գտնել «Առավոտ» օրաթերթում, «Շանթ» հեռուստաընկերությունում, «Ա1+»-ում, Մանկավարժական համալսարանում: Այս բոլոր տեղերում Ձեր ընկերը լրագրությունն է: Մի տեղ Դուք սեփական վերլուծություններ եք անում տարբեր թեմաներով, մյուսում` հարցազրույցներ, համալսարանում ուսանողների հետ եք աշխատում. ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

- Մարդկայնորեն «Առավոտն» ինձ ավելի հոգեհարազատ է. այդ թերթը ես չեմ ստեղծել, բայց կայացրել եմ: Այստեղ աշխատող մարդկանց գրեթե 99 տոկոսն իմ ընտանիքի անդամներն են: 1994-ից ես «Առավոտի» խմբագիրն եմ:

Իսկ մասնագիտորեն ինձ ավելի մոտ է «Շանթը»: Օպերատիվ ինֆորմացիա գրելը, որ հաղորդավարը կարդա, ռեպորտաժ պատրաստելը, շտկելը, որ այն հետաքրքիր լինի, և առավել ևս եթեր դուրս գալը մասնագիտորեն ինձ ավելի հետաքրքիր են:

Համալսարանում ցանկանում եմ իմ 30 տարվա փորձը փոխանցել ուսանողներին: Ոչ թե պատմել, թե «Մեղու» թերթն ինչ է գրել 19-րդ դարում, դա բոլորը կարող են ընթերցել համացանցում, նմանատիպ գիտելիքները հիմա բոլորին հասանելի են, այլ կոնկրետ իմ փորձը, աշխատանքը, որի հետ ես ամեն օր շփվում եմ, շփվել եմ, փոխանցել երեխաներին:

- Մի առիթով նշել եք, որ չեք ընդունում լրագրողի չեզոք լինելը. ոչ թե չեզոք, այլ հավասարակշռված նյութեր: Ասենք` քաղաքական լրագրողներն ունենան որևէ կողմնորոշում. արդյոք չի՞ խանգարի դա նրանց:

- Ոչ միայն լրագրողները, մարդը, եթե նույնիսկ մուրացկան է, պառկած է ինչ-որ փողոցում, էլի ունի քաղաքական կողմնորոշում: Չկա մարդ, որ չունենա քաղաքական կողմնորոշում:

Եթե լրագրող ես, այդ քաղաքական կողմնորոշումը պետք է հավասարակշռես: Ենթադրենք` ես Պուտինի երկրպագուն եմ: Իմ կողմնորոշմամբ` նրա բոլոր քայլերը հրաշալի են, բայց ես չպիտի այդպես գրեմ, ես պիտի քաղեմ, իմանամ նաև այն ինֆորմացիան, որն այդ մարդու դեմ է, քննադատում է նրա գործողությունները:

Չեզոք, երևի, միայն Աստված է: Մարդիկ բոլորն աչառու են, անաչառ մարդիկ չկան: Չեզոքությունն այն տերմինը չէ, որն այս պարագայում հարկավոր է:

Դու քո կամքով, գիտակցությամբ քո հայացքները պետք է հավասարակշռես այլ հայացքներով:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ երաժշտություն հասկանալն օգնել է Ձեզ լրագրության մեջ, հատկապես` դասական երաժշտությունը, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, ներդաշնակ: Հիմա Ձեր լրագրողական ոճը, Ձեր նյութերը, ըստ Ձեզ, ո՞ր երաժշտական ոճին են նման:

- Ընդհանրապես երաժշտությունն ունի կառուցվածք` կա սկիզբ, զարգացում, եզրափակում, և եթե լավ երաժշտություն է, այդտեղ բոլոր հատվածները մեկը մյուսից են բխում: Սկիզբի տարրերը պետք է ինչ-որ ձևով ներթափանցեն մեջտեղի մեջ, ձևափոխվեն, զարգանան և ամփոփվեն վերջում: Ես այդպես եմ փորձում գրել, ու հատկապես իմ խմբագրականները, այդպես եմ փորձում խմբագրել նաև այլ նյութեր, որ դրանք ունենան ձև: Հաճախ խմբագրականներս գրում եմ վերջից, գրում եմ, այսպես ասած, վերջին ակորդները, վերջին տողերը, որից հետո ծնվում է սկիզբը:

Միայն դասական երաժշտությամբ խորհուրդ չեմ տա սահմանափակվել: Ոճն այդքան էլ էական չէ. կա և՛ լավ ռոք, և՛ լավ ջազ: Փոփ երաժշտությունն այդքան էլ չեմ հասկանում. ինձ համար դա մի քիչ միօրինակ է, ավելի կանխատեսելի: «Ա՜խ, ես տառապում եմ, որ դու ինձ չես սիրում». այս տեսակի, բովանդակության երգերն ինձ համար պարզունակ են:

- Շատ է խոսվում, որ Հայաստանում լրագրությունը վատ վիճակում է, հատկապես ծանր է համացանցային լրատվության դրությունը: Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօրվա մեր լրագրության մեջ, ի՞նչն է պակասում լրագրողներին:

- Կարծում եմ` ընդհանրապես մեր հասարակությանը, և լրագրողներին, որպես հասարակության մի մաս, պակասում է բարությունը, իրար օգնելու, իրար ձեռք մեկնելու ցանկությունը, պակասում է հոգու շռայլությունը: Այդքան էլ համաձայն չեմ, երբ ասում են` պակասում է պրոֆեսիոնալիզմը: Մեզ մոտ, մանավանդ հիմա, շատ կան պրոֆեսիոնալ, երիտասարդ լրագրողներ, բայց նաև կա որոշակի չարություն, ինչ-որ մեկին ցավեցնելու, ինչ-որ մեկի վերքին աղ լցնելու ցանկություն: Կցանկանայի, որ այս երևույթները քչանային:

Գլխավոր հարցը համացանցային այս դարում այն է, թե ինչով է լրագրությունը տարբերվում ոչ լրագրությունից: Եթե դու լրագրող ես, փնտրում ես մի պատմություն և փորձում այն ներկայացնել ընթերցողներին, պետք է հասկանաս` ինչո՞վ ես տարբերվում սելֆի անող մի երիտասարդից, որ հետաքրքիր ժամանց է անցկացնում, սելֆիով, բլոգով կամ ֆեյսբուքյան գրառումով իր մասին է պատմում: Այս ամենի սահմանը գոյություն չունի, կամ կա, բայց շատ պայմանականորեն: Սահմանը կլինի այն ժամանակ, երբ այդ սելֆիական պահանջարկը հագենա:

Արևմուտքում սահմանազատված են դեղին մամուլն ու որակյալ լրագրությունը: Դեղին մամուլը բառիս դասական իմաստով, քանի որ հիմա, երբ չինովնիկի մասին որևէ վատ բան ես գրում, ասում են` դու դեղին մամուլ ես: Կոպիտ ասած` Քիմ Քարդաշյանի մասին մամուլը մի բան է, որը պետք է, որակյալ մամուլը` այլ: Կան սեփականատերեր, որ ունեն և՛ մեկը, և՛ մյուսը. չպետք է սրանցից որևէ մեկը ոչնչացնել, պարզապես հստակ սահմանազատել:

Դիտումների համար ստեր գրելը, բովանդակությանը չհամապատասխանող նյութերը կշարունակեն լինել, բայց լրագրությունից դուրս:

- Ջոն Սավոտսկին կազմել է հարցազրույց վարող լրագրողի «մահացու մեղքերի» ցուցակը: Ըստ Ձեզ` ընդհանուր լրագրության մեջ որո՞նք են այդ «մեղքերը»:

- Նախ` տարբերել լրատվությունը մեկնաբանությունից, վերլուծությունից: Երբ դու գրում ես` այսինչ բանը տեղի ունեցավ, պետք է քոնը չավելացնես, թեմայի մասին ամբողջական տեղեկություն հավաքես, ոչ թե գրես` այդ մարդը, մեկ է, վատն է:

Երբ գրես մեկնաբանություն, վերլուծություն, կարծիք, այդ ժամանակ կարող ես ասել այսինչ մարդը լավն է, վատն է, բայց դա էլ պետք է ինչ-որ կերպ հիմնավորես, ոչ թե քո էմոցիաներով շարժվես։ Ցավոք, հոդվածների, լրատվության մեծ մասը, որ կարդում ենք թերթերում և հատկապես կայքերում, համեմված են սեփական կարծիքով, էմոցիաներով, նաև քարոզչությամբ։ Սա արդեն լրատվություն չի համարվում։

Կարևոր է հակառակ կարծիքները լսելը։ Եթե մեկը, օրինակ, բողոքում է որևէ պետական մարմնից, և դու ներքուստ համաձայն ես, այնուամենայնիվ, հրապարակելուց առաջ պետք է անպայման դիմես այդ պետական մարմնին, լսես նաև նրան ու երկու կարծիքները միաժամանակ տեղադրես քո հոդվածում։

Ինձ համար, որքան էլ զարմանալի թվա, կարևոր է այն, որ մենք՝ լրագրողներս, վեճերի մեջ չմտնենք իրար հետ։ Այսինքն ես չփորձեմ ինքնահաստատվել գործընկերներիս նսեմացնելով։ Ես անկախ եմ, դու անկախ չես, ես գրագետ եմ, դու գրագետ չես. այս բոլոր խոսակցությունները տգեղ են և, կարծում եմ, որ ընթերցողներին չպիտի հետաքրքրեն մեր հարաբերությունները։ Պետք է փորձել լինել այդ ճահճից ավելի բարձր։ Եթե նույնիսկ դու ինձ մեղադրում ես անկախ չլինելու մեջ, ես չպետք է քեզ նույն կերպ պատասխանեմ։

Լրագրությունը պետք է ստեղծի ազնիվ, լուսավոր, մաքուր մթնոլորտ, որը, իհարկե, հիմա պակասում է։

- Վերջերս հրատարակվեց Ձեր առաջին գիրքը` «Գերմանական կվինտետը», որը երաժշտական թեմայով էր: Կարելի է ասել` ի վերջո Ձեր ներսի երաժշտագետն ըմբոստացավ: Ինչպե՞ս առաջացավ գիրք գրելու միտքը:

- Գիրք գրելն էլ է լրագրություն: Սա էլ է պատմություն մարդկանց մասին, մոտեցումն ավելի շատ լրագրողական է, քան գիտական: Ինչպես ես պատմում եմ, օրինակ, ֆուտբոլային խաղի կամ ԱԺ նիստի մասին, այդպես ես պատմում եմ այն ամենի մասին, ինչին ես լավ տիրապետում եմ. մասնագիտորեն ինձ համար դա երաժշտությունն է: Հետաքրքիր պատմություններ, հետաքրքիր դրվագներ կոմպոզիտորների կյանքից և ստեղծագործություններից. սա էլ է լրագրություն:

Կամաց-կամաց արդեն հաջորդ գրքիս պլաններն եմ կազմում. այն նույնպես լինելու է կոմպոզիտորի մասին:

Հանրային հեռուստաընկերությունում ես վարում էի «Պարականոն» հաղորդումը` կրկին կոմպոզիտորների մասին: Ես շրջում էի պատկերասրահում, ցույց էի տալիս նկարներ և խոսում էի երաժշտության մասին: Ցավոք սրտի, այդ հաղորդումը փակվեց, և ինձ մոտ ինչ-որ այլ ֆորմատով այդ հաղորդումը շարունակելու միտք առաջացավ. այդ ֆորմատը գիրքն էր: Տարիներ շարունակ իմ վարած հաղորդումները տեքստերի հետ միասին 20%-ով տեղ գտան այս գրքում:

Կարծում եմ` 19-րդ դարն ընդհանրապես երաժշտության համար ամենապտղաբեր, ամենահետաքրքիր ժամանակահատվածն էր և այդ շրջանում գերմանական երաժշտությունն առաջինն էր: Այս գրքում ամփոփված են իմ ամենասիրելի կոմպոզիտորները:

- Գիրքը նվիրված է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին: Ինչո՞ւ հենց նա:

- Կոնսերվատորիայում կար մի առարկա, որ կոչվում էր սինֆոնիկ պարտիտուրների ընթերցում: Դավիթ Խանջյանն այդ առարկան էր մեզ դասավանդում: Չափազանց չափված-ձևված, նրբազգաց մարդ էր և շատ լավ դիրիժոր: Ղեկավարում էր մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ես երբ ավարտեցի, ցավոք սրտի, կես տարի անց նա մահացավ: Ընդամենը 40 տարեկան էր: Շատ մեծ հաճույք է, երբ ոչ միայն լսում ես երաժշտությունը, այլև պատկերացնում ես, տեսնում ես, թե որ գործիքը որտեղ է գտնվում: Դավիթ Խանջյանն այդ հաճույքը պարգևեց, և հենց դա էր պատճառը, որ գիրքը որոշեցի նվիրել նրան:

- Վերջում մի քանի բլից հարցեր, որոնք նաև շատերի համար խորհուրդներ կլինեն. հարցերից կհասկանանք նաև, թե Դուք ի՞նչ եք սիրում:

 - Ի՞նչ կարդալ:

- Իմ սիրելի գրողը 20-րդ դարի անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն է: Նրա գրքերն եմ հաճախ կարդում: Ցավոք, կարողանում եմ կարդալ միայն արձակուրդների ժամանակ և կիրակի օրերին:

Սիրում եմ կարդալ լուրջ գրականություն, որ ինձ ինչ-որ բան է տալիս, հնարավորություն է տալիս ինքնակատարելագործվելու: Ես ներբեռնում եմ նաև, այսպես կոչված, աուդիոգրքեր և մետրոյում կամ որևէ տեղ գնալիս ճանապարհին այդպես եմ լրացնում գիրք կարդալ չկարողանալու բացը:

Պետք չէ հալած յուղի տեղ ընդունել «7 քայլ, և դուք կդառնաք միլիոնատեր» վերնագրով գրքերը: Ավելի շուտ` ոչ թե միլիոնատեր, այլ յուրահատուկ, լավ մարդ դառնալու նպատակ է պետք ունենալ: Հիմա Աստվածաշունչ եմ կարդում, լսում եմ սաղմոսները հենց նշածս վերջին նպատակով:

Իսկ ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ ժանրի գիրք եք կարդում, կարևոր է, որ կարդաք գիրք, ո՛չ թե կայք, ֆայլ, այլ գիրք: Ֆայլն ավելի մակերեսորեն եք կարդում, իսկ գիրքը կարդում եք ավելի անալիտիկ, բովանդակության մեջ խորանալով, գործի մեջ է մտնում նաև երևակայությունը:

- Ի՞նչ լսել:

- Ես ամենից շատ, բնականաբար, դասական երաժշտություն եմ սիրում, բայց սիրում եմ նաև «Բիթլզ» և «Ռոլինգ Սթոունզ», հնարավոր է` երիտասարդների համար դա մի քիչ «բիձայական» ճաշակ է: Սիրում եմ ջազմեն Օսկար Փիթերսոնին: Երբեմն նույնիսկ թեթև երաժշտություն եմ լսում, օրինակ, շվեդական մի խումբ կար` «Աբբա»:

Ինչ լսելը հիմնականում կախված է տրամադրությունից:

- Ի՞նչ դիտել:

- Հիմնականում սերիալներ եմ դիտում, բայց ոչ մեր` հայկական, ոչ էլ հնդկական: Երբ ազատ եմ լինում, ամերիկյան սերիալներ եմ նայում:

«House of Cards», որտեղ մեծ վարպետությամբ խաղում է Քեվին Սփեյսին: Շատ լավ դերասան, անկախ նրանից, թե ինչ մեղադրանքներ են հնչում նրա հասցեին:

Վերջերս էլի մի ամերիկյան սերիալ էի նայում, կոչվում է «Suits»:

Սերիալներն ինձ օգնում են նախ հանգստանալ և հասկանալ այն մշակույթը, որ կարողացել է ստեղծել շատ բարձր արժեքներ:

Հարցազրույցը վարեցին՝
Անի Հարությունյանը, Անի Կիրակոսյանը