anushik mkrtchyan

Դատարկ սեղանները լրացնելու մտքերով

Բարև: Հուսամ՝ ինձ չեք մոռացել: Հեռախոսիս մեջ ունեմ մի քանի հավաքած կիսատ նյութեր, որոնց սկզբում միշտ նշել եմ, որ վաղուց չեմ գրել, ու սա էլ բացառություն չի կազմում, հետևաբար, վերջապես կարողացա նյութը կիսատ չթողնել ու վերջացնել: Ինձ երբեմն թվում է, որ ընտանիքիս մասին խոսելը ընթերցողի համար դարձել է ծեծված թեմա, բայց քանի որ ես չգիտեմ, թե իրականում ինչ է մտածում ընթերցողը, ավելի լավ է ուղղակի գրեմ:

Մենք ունենում ենք առիթներ, տոներ, խնջույքներ, որոնք նշվում են ընտանիքի բոլոր անդամների ու հարազատների հետ: Մեր սեղանները քիչ-քիչ դատարկվում են: Ասածս կապ չունի մարդկանց կորստի հետ, այլ ուղղակի ներկա չլինելու: Որպես ամենամեծ տոն, ուզում եմ խոսել Ամանորի մասին, որովհետև շուտով այն մոտենում է, բայց սեղանս մնում է դատարկ:

Ես կարող եմ երկար պատմել մեր ընտանիքում նշվող Ամանորի մասին, որովհետև այն հետաքրքիր էր անցնում, ոնց որ ֆիլմերում: Ամենահետաքրքիրը, որ կարող եմ պատմել, դա մամայի մոտեցումն էր Ամանորին: Նա մեզնից շատ էր սպասում Նոր Տարվան, դեռ մեկ ամիս շուտ պատրաստվում ու ամանորյա շունչ հաղորդում: Նա երբեք չէր անհանգստանում այն բանի համար, որ մոռացել է պատրաստել կոտլետը կամ ձեթի մեջ տապակել «բլինչիկ» ասվածը, որովհետև մտածում է, որ Ամանորը դրա մեջ չէ: Դեկտեմբերի գալուն պես սկսում էր զբաղվել իր սիրելի գործով՝ դիզայնով, ու արդյունքում ունենում էինք գեղեցիկ ու օրիգինալ խաղալիքներ ու ոչ միայն: Հետո միացնում էր ամանորյա երաժշտությունը ու ամեն ինչ արտակարգ էր: Հայրիկի մոտեցումը․ նա միշտ մեզ համար գնում էր նոր խաղալիքներ, կպչուն նկարներ, լույսեր, ու առհասարակ, ամեն ինչ Ամանորի հետ կապված: Հենց դեկտեմբերի 31-ին, երբ սկսվում էր Նոր Տարին, չէինք մոռանում մեր ընտանեկան ավանդույթը, ըստ որի պետք էր ունենալ նոր խաղալիքներ, երազանք պահել ու դրանք կախել տոնածառից, իսկ դրանից հետո պարում էինք: Հայրիկը չէր մոռանում ուտել 12 խաղողի հատիկ ու երազանք պահել: Հորեղբայրը՝ ասել ամենասիրուն կենացները: Հորեղբայրը կենաց ասելու մեծ վարպետ է: Հորեղբոր կինը չէր մոռանում մեզ հետաքրքրիր նվերներ մատուցել: Հիշում եմ, որ մի անգամ այդ նվերները դրել էր իր պատուհանին ու ինձ խնդրեց դրանք բերել: Իսկ տատիկն ու պապիկը ուրախանում էին՝ մեր ուրախությունը տեսնելով: Հիմա ամեն բան փոխվել է: Հեռախոսից այն կողմ կենացներ, նվերներ, 12 խաղողի հատիկներ ու ամանորյա երաժշտություն: Դրանք չեն ջերմացնում: Հետաքրքիր չէ արդեն պարելը, որովհետև մեզ մաման էր ստիպում պարել՝ իր բարձր տրամադրությամբ: Շուտով Ամանոր է ու գուցե դրա մասին խոսելը՝ շուտ, այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ ես դեռ սպասում եմ հետաքրքիր Ամանորի ու ուզում եմ ասել, որ տոնածառի խաղալիքները չեն թարմացվել: Հետ գալու ճիշտ ժամանակն է:

Հ. Գ. Անկեղծ ասած՝ 12 խաղողի հատիկներ ուտել ու երազանք պահելը միայն հայրիկը չէր անում: Ու կարծում եմ, որ մեր հատիկների հաշվարկներում մի տեղ սխալվել ենք: