Seroj araqelyan

Դե, սիրում եմ սպորտը, ի՞նչ անեմ

Սկզբից երբ ասում էին սպորտ, ասում էի, այ մարդ, լավ է, ի՞նչ սպորտ: Նկարչություն, դե բնականաբար, պարզ է, ամեն մարդ սիրում ու գովաբանում է իր ընտրած ճյուղը, մասնագիտությունը:

Մի անգամ, երբ ներկա գտնվեցի սպորտ վարժանքների, մի տեսակ փոշմանեցի, որ սպորտի մասին այդ կարծիքին եմ եղել: Որ ասում էին սպորտ, պատկերացնում էի մարզասրահ, ծանրություն ու գերխոշոր մարդիկ:

Բայց խոսքերս հետ եմ վերցնում: Որոշեցի ես նույնպես զբաղվել սպորտով, վերջապես հասկացա, որ դա առողջ ապրելակերպ է, և արժե ժամանակ տրամադրել: Անընդհատ ուզում էի զբաղվել, բայց չէի զբաղվում: Խանգարում էր այն հանգամանքը, որ սպասում էի գյուղում մարզասրահ բացվի: Երևի ամեն ամիս չշահագործվող շենքերի նկարներ էին խնդրում տարբեր կազմակերպություններից, որ շենքը կամ սենյակներից մեկը վերանորոգեն ու մարզասրահը կառուցեն: Նկարները ուղարկվեցին: Բայց կարելի է ասել, միայն ուղարկվեցին, նկարների պատասխանը չտեսանք:

Ինչպես մեծերն են ասում, «ջանիս հասավ», ու սկսեցի իմ միջոցներով պարապել: Մի օր վազել, մի օր պտտաձող, մի օր ձգումներ, բայց ինչքան կարելի է նույն վարժությունները կրկնել: Վերջը գցեցի-բռնեցի, հայրիկից օգնություն խնդրեցի:

-Պապ ջան, քեզնից մի բան եմ խնդրում, չգիտեմ ոնց, բայց ինձ համար մի հատ «գանտել»` մարզաքար սարքի, էլի, ու քեզնից էլ ոչինչ չեմ ուզում:

-Լավ մի բան կանենք:

Մարզաքարս սարքվեց, անգամ ժամ ունեմ սահմանած մարզվելու համար` 19:30: Գիտեմ, երեկոյան այդքան էլ ճիշտ չի մարզվելը, բայց դե ամենահարմար ժամն է, որովհետև այդ ժամերին ես անելու ոչինչ չունեմ: Ու եթե ուրիշ ժամ ընտրեի, հաստատ գրաֆիկը կխախտեի, ինչը անթույլատրելի սխալ է: Ավելի ուշ իմացա, որ Նոյեմբերյանում մարզասրահ է գործում: Ճիշտն ասած, այդքան մտադրություն չունեի գնալու, որովհետև միշտ չէ, որ կարող ես գյուղից քո մեքենայով գնալ: Շատ ժամանակ գնում էի պատահական մեքենաներով, ինչը այդքան էլ հեշտ չի ու հաճելի: Ասեմ ինչու՝ շատ ժամանակ մեքենա չի կանգնում, կամ եթե կանգնում է, ապա վարորդին առաջին անգամ ես տեսնում, ու ծանոթ մարդու հետ գնալը միշտ չէ, որ ստացվում է: Մեկ-երկու գնացի, հետո ասացի՝ չէ, էսպես չի կարելի, բացի գնալը, հետ գալ է պետք:

Լսել եմ, որ նոր քաղաքապետը մեքենա է տրամադրելու ճանապարհի համար: Բայց մինչև տրամադրելը անծանոթ մարդկանց հետ ճանապարհ գնալը այդքան էլ ճիշտ չի, ու մինչև ե՞րբ:

Այ, մարդ, չէ~: Ես` իմ հին տաշտակը: Իմ գրաֆիկից լավը չկա: Ականջակալներ, մաքուր օդ, ու սպորտային տրամադրություն: Այսօր 1 տարի, 8 ամիս 13 օր է, ինչ զբաղվում եմ սպորտով: Որոշ չափով հպարտ եմ, որ ինչի հիմա հասել եմ, իմ ջանքերի շնորհիվ եմ հասել: Վարժություններ, որի կատարման մասին անգամ չէի ուզում պատկերացնել, բայց հիմա արդեն կարողանում եմ ու սպորտը թողնելու մտադրություն չունեմ, ու մտքովս անգամ չի անցել: Ու երբ ինձ համեմատում էի սպորտից առաջ և հետո, այ, այդ ժամանակ հասկացա, թե ինչու են ասում՝ մարդու մտքին տեղ լինի: