Դիլիջանյան մեդիա ճամբար. Դիրբար տատիկը

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ահա և եկավ այն ժամանակը, որ պետք է գնանք ֆոտոարշավների: Գնում ենք Սեմյոնովկա գյուղ` ակնկալելով տեսնել ռուս մոլոկանների: Մոտենում ենք մի խումբ երեխաների, նրանց հետ երկար ժամանակ զրուցում ենք, նկարում ու առաջ անցնում: Մի տուն հետո հանդիպում ենք գյուղապետի կնոջը, բոլորը նրա հետ են զրուցում ու նկարում նրան: Քիչ հեռվում տեսա մի խորհրդավոր հայացք, որն ինձ էր նայում: Մոտեցա նրան ու սկսեցի հարցեր տալ նրան:

-Էհ, աղջիկս, շատ լավ ա, որ տենց բաներ եք անում: Նկարում եք, շատ լավ էրեխեք եք:

-Ապրես, տատի ջան, իսկ դուք այս գյուղի՞ց եք:

-Չէ, բալաս, եկել եմ ստեղ, ամուսնացել եմ ու ապրում եմ այստեղ:

-Իսկ այստեղ կա՞ն մոլոկաններ:

-Չէ, հա, որտեղի՞ց: Սաղ քոչել են: Ոչ մեկը չկա: Մի ժամանակ ստեղ քրդեր էլ կային, բայց հիմա գյուղում ոչ մի մոլոկան չկա:  Երբ որ իրենք մեր գյուղում էին,  գնում էինք բոլորով կաթի գործարան  ու աշխատում: Հիմա էլ ոչ մեկը չի գնում, որովհետև ջահել չկա: Մնացել ենք մեծերով:

Գյուղում մարդ չի մնացել, սաղ կամ գնացել են, կամ էլ… էհ, տղաս գնաց, էս վերջին պատերազմ ու էլ չեկավ, իսկ ամուսինս շուտ է մահացել: Այ տենց բաներ, բալաս…

Բայց չեմ դժգոհում երբեք: Իմ Հայաստանը շատ լավն ա: Մի բան ասե՞մ:

-Հա, իհարկե:

-Ես քուրդ եմ: Մենք եկել ենք Հայաստան, երբ ես փոքր էի: Ես սիրում եմ Հայաստանը`  աղջիկ ենք տալիս Հայաստանից, աղջիկ ենք տանում Հայաստանից, կնքվում ենք Հայաստանում, ամեն ինչ Հայաստանից ու Հայաստանում: Ես երջանիկ եմ, որ ամեն առավոտ կարամ զարթնեմ, շնչեմ ծաղիկների բույրը ու զգամ հայոց լեռների հզորությունը:

Մի ժամանակ շատ էին կռվում հայերն ու քրդերը, բայց հիմա շատ համերաշխ ենք: Շատ կան խնդիրներ, բայց դա ոչինչ չի փոխում, չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր դժգոհ են այս երկրից:

- Շատ լավ է, տատ ջան, իսկ ձեր անունն ի՞նչ է:

-Մի քիչ ամոթ եմ անում, բայց որ սենց համով բալա ես, կասեմ` անունս Դիրբար է:

Այդ պահին նա բռնում է իմ ձեռքը մի քիչ հուզված:

-Էրեխեք, արագացրեք, դեռ շատ տեղեր պիտի գնանք.-հեռվից լսվում է Լիլիթի ձայնը:

-Բալա ջան, արի մի հատ քեզ պաչեմ, էլի,- հրաժեշտից առաջ ասաց Դիրբար տատիկը:

Շատ հետաքրքիր տատիկ էր, նա այն բացառիկ տատիկներից էր, ով գոհ էր իր կյանքից, սիրում էր իր երկիրը ու ապրում էր` տեսնելով իր երկրի լուսավոր ապագան: Դրական լիցքերով  շարունակում եմ ճանապարհս: