Nare Hovhannisyan

Դու երբեք էլ չերևակայեցիր

Դու չերևակայեցիր, դու անգամ իմ կողմ չնայեցիր, դու ուղղակի լուռ հայացքդ թողեցիր թաց օդում ու աննկատ հեռացար։ Դու հեռացար այնպես, կարծես չէիր էլ եղել ու քո թողածը օդում դեռ երկա՜ր մնաց, ոչ թե նրա համար, որ այն քեզ հետ չէր ուզում ապրել, այլ նրա համար, որ այս կողմում էլ տանջվող թողներ։ Դու այդպես էլ չերևակայեցիր, ուղղակի փակեցիր գրքի վերջին էջն ու էգոիստի նման չցանկացար իմանալ, թե վերջն ինչպես եղավ, այս անգամ գոնե մտածեցիր «վերջի» մասին, բայց ավաղ՝ չերևակայեցիր։ Դու կարոտն ու ցավը խառնեցիր օդին, լցրիր գինու մեջ և հագենալ չիմացող հարբեցողի պես կուլ տվիր այն։ Դու վարագույրը բացեցիր անգամ այն ժամանակ, երբ արև չկար, ու ամպամած երկինքը արևին կարոտ հայացքով քեզ էլի խաբեց ու մի քանի լույսի շող նետեց դեմքիդ։ Դու մատնահետքերդ թողեցիր դաշնամուրի ստեղներին, բայց երբեք սիրով չնվագեցիր և գոնե ստեիր․ դու դա էլ չսովորեցիր, դու միշտ ճիշտ էիր և անթերի։ Դու այդպես էլ չերևակայեցիր ու ես երբեք էլ չիմացա քո երևակայության ձեռագիրը, չիմացա, թե քո գլխում անձրևից հետո ծառացած օզոնն ինչ գույն ունի, չիմացա նաև, թե ինչու էիր միշտ թեյամանում գոյացած ու սառած թեյի հետ զրուցում, կամ էլ նրան նայելիս ժպտում։ Ու երբեք էլ չիմացա՝ որ թեյն ես շատը սիրում, այն, որը ե՞ս էի միշտ պատրաստում, թե՞ այն, որը միշտ թեյամանում էր։
Իմ երևակայությանը դու երբեք էլ չհավատացիր, դրան մեռցրիր հենց իր ստեղծման պահին ու քո կյանքը ավարտվեց հենց այնտեղ, որտեղ իր ծիլերը գցեց իմ երևակայությունը։ Դու սահմաններ դրեցիր, ու փակեցիր չորս սառը պատերի մեջ, որ անգամ վանդակում ես էլի երևակայեմ։ Դու իմ հոգու անձրևը չսիրեցիր, բայց դրսինը շատ էիր սիրում, քամին ուղղակի ատում էիր, որովհետև մազերդ ցաքուցրիվ էր անում, իսկ ես սիրում էի, որովհետև մազերիդ ցաքուցրիվ ալիքների մեջ ավարտվում էին 7 օվկիանոսները։ Քո սառած դեմքին միշտ մի քաղցր ժպիտ էր սազում, բայց դու դրա փոխարեն քմծիծաղն էիր թողնում։ Բարձր ծիծաղս տանել չէիր կարողանում, այնպես, ինչպես երեկոյան հյուրասենյակում գոյացած մթությունը։ Երեք լամպերի փոխարեն վառում էիր երկուսը, որովհետև գիտեիր, որ հոգուդ լույսն ավելի պայծառ է։ Դու նույնքան ճիշտ էիր և անսխալական, որքան մեր գյուղից Երևան հասնող գնացքն իր անփոփոխ ժամերով։ Ի դեպ, այն հենց նոր կրկին անցավ, ու ես էլի կարոտս խառնած երևակայությանս՝ թողեցի նրա վագոններում, որ գոնե մի օր պատահմամբ գտնես նստատեղերից մեկի վրա։
Ես երբեք չիմացա և չսիրեցի քո երևակայությունը…