Angelina Karapetyan

Ե՞ս եմ պարինը, թե՞ պարն է իմը

-Կանգնե՛ք պարային գիծ: Մեջքը՝ ուղիղ, ուսերը՝ հետ, ոտքերը՝ ձիգ, ծնկներն՝ առանց ծալելու, անում ենք նախավարժանք:

Պարը դարձել է իմ նիստուկացը, իմ ոճը, իմ շարժուձևը և, վերջապես, ապրելու իմաստներից մեկը: Դժվար է պատկերացնել կյանքս առանց պարի: Ամեն ինչ կանեի շաբաթվա բոլոր օրերին էլ պարի հաճախելու համար: Այն օրերին, երբ պարի պարապմունք չունեմ, պարի խումբն է տեղափոխվում իմ սենյակ, սակայն ես եմ իմ և՛ ուսուցչուհին, և՛ աշակերտը:

Ես ունեմ պարելու անսպառ եռանդ, էներգիա: Մայրս միշտ ասում է.

-Անգել, տեսենես կգա՞ մի օր, որ ուժասպառ լինես, եռանդդ ու էներգիադ սպառվեն, որ անգամ խոսել չկարողանաս:

-Իհարկե, ոչ:

Մայրս միշտ տալիս է այդ հարցը և գրեթե ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը, քանի որ անգամ հաց ուտելիս եմ պարում:

Չեմ կարողանում հասկանալ՝ ես եմ պարինը, թե պարը` իմը: Բայց, ըստ իս, մեր սերը փոխադարձ է: