Եթե մարդը դերասան է, ուրեմն շնորհալի է

Այս անգամ արվեստային խորհրդավոր վարագույրը փորձել ենք բացել  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի  դերասան, բեմադրիչ,  մանկավարժ Սամվել Բաղինյանի հետ:

 -Ե՞րբ առաջավ Ձեր մեջ դերասան դառնալու ցանկությունը։ Ի՞նչը նպաստեց դրան։
- Ցանկությունն առաջացավ 3֊րդ դասարանում  (1964թ), երբ Իջևանի կուլտուրայի տանը տեսա  «մարդ-թատրոն» մեծն Սուրեն  Քոչարյանի ելույթը (թումանյանական դպրոցական ծրագրով),  իսկ նպաստեց ժող. թատրոնին կից, դպրոցական թատերախմբում ներգրավվելը:

- Իսկ սկզբնական շրջանում ինչպիսի՞ դժվարությունների հանդիպեցիք, և ինչպե՞ս կարողացաք հաղթահարել դրանք։

-Դժվարություններ եղել են և՛ ժող. թատրոնում (երբ սկսնակ դերասան էի), և՛ Գեղարվեստաթատերական ինստիտուտում, և՛ Ստեփանակերտի բեմում, և՛ լեհական թատրոնում, և՛ այսօր… Սակայն դրանք հաճելի դժվարություններ են, ստեղծագործական հաճույքով վարձատրվող դժվարություններ: Դրանք հաղթահարվում են միայն նվիրումով ու կլանված աշխատանքով:

-Եղել եք լեհական թատրոնում: Ինչո՞վ էր տարբերվում հայկականից։

-Շատ բաներով էր տարբերվում։ Ցանկացած լեհական թատրոն ունի երկու, շատ հաճախ երեք բեմ ու դահլիճ (մեծ, միջին կամ փոքր, կամերային)։ Չկա դերասան, որն ամեն թատերաշրջանում մի քանի դեր չխաղա։ Ոչ ոք իրավունք չունի և ինքն էլ չի հրաժարվում փոքր կամ էպիզոդիկ դերերից։ Նույն տաղանդավոր դերասանը մի ներկայացման մեջ գլխավոր դերակատար է, մյուսում՝ էպիզոդիկ: Լեհերը երբեք որևէ  դերասանի մասին չեն ասում «շնորհալի», «շնորհաշատ» և այլն։ Եթե դերասան է՝ ուրեմն անպայմա՛ն պետք է շնորհալի լինի։ Եթե ասում ես  «շնորհալի դերասան», ուրեմն կա նաև  «ապաշնո՞րհ դերասան»:  Եթե մարդը դերասան է, ուրեմն շնորհալի է:   Նաև՝ լեհ դերասան-դերասանուհիները շատ համեստ են (երբեք գլուխ չեն գովում)։ Երբ մեկին (արժանի) հաճոյախոսություն ես անում, անհարմար է զգում և քեզ ընդհատում.  «Տո ես ի՞նչ եմ արել որ… Դու այսինչին նայիր այնինչ դերում (իր ընկերներից), տես թե ի՛նչ հրաշք է»:

- Լեհաստանում աշխատելու տարիներին, ցանկանու՞մ  էիք Հայաստան վերադառնալ։

-Եթե նման ցանկություն չլիներ՝ չէինք վերադառնա։ Ինչքան էլ այնտեղ լավ էր, միևնույնն է, կարոտը խեղդում էր (քանի՞ դերասանի կարող եք թվարկել, որոնք աշխատել են ռուսական, լեհական, գերմանական կամ ֆրանսիական թատրոնում, հաջողություն ունեցել և ապա՝ ամեն ինչ թողել ու վերադարձել Հայաստան):

-Ի՞նչն  է փոխվել հիմա Հայ բեմում։ Ասում են, որ առաջ այն ռոմանտիկ էր, իսկ հիմա ավելի մաթեմատիկական է դարձել։ Կա՞ նման բան։

- Չեմ կարծում։ Թատրոնն ինքը միշտ էլ ռոմանտիկների համագործակցություն է… Ավելին, այսօրվա (թատրոնին նվիրյալ) դերասաններն առավել ռոմանտիկ, առավել անձնազոհ են, քանի որ նախկինների հսմեմատ, նյութապես ավելի անապահով են ու իրավական առումով՝ ավելի խոցելի:

-Ինչքանո՞վ է Հայ թատրոնն այսօր քայլում ժամանակին համահունչ։  Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք անակնկալ են եղել ձեզ համար։

-Ներկայիս, հայտնի դեպրեսիայի շրջանում՝ հուսադրող, դրական շարժ է նկատվում համարյա բոլոր թատրոններում:  Օրինակ՝ վերջերս մի քանի հետաքրքիր բեմադրություններ եմ դիտել Սունդուկյանում, Համազգայինում, Պարոնյանի փոքր բեմում:   Թատրոնը միշտ էլ պարտավոր է հարցեր տալ և երբեմն պատասխաններ փնտրել։ Դա է նրա առաքելությունը։ Ինձ թվում է, որ մեր հայ թատրոնը շարունակում է քայլել այդ ճանապարհով և ստեղծագործական առումով, բավականին բարեփոխվել է և շարունակում է բարեփոխվել:

-Ինչպիսի՞ հիշարժան դերեր և ներկայացումներ կհիշեք ձեր մասնակցությամբ։

-Վերջին երեք տարին (արտերկրից վերադառնալուց հետո) հանգրվանել եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Իհարկե, բոլորիս հայտնի պատճառով, անտրամադիր եմ, անհանգիստ, բայց ստեղծագործական զբաղվածության  առումով՝ գոհ եմ: Խաղացել եմ Հարդինգի դերը՝ «Թռիչք կկվի բնի վրայով», Փադիշահ՝ «Ալլադինի կախարդական լամպը», հայրը՝ «Էվրիդիկե», «ներմուծվել եմ» «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման մեջ, հետաքրքիր դեր եմ ստացվել (նոր բեմադրվող) Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որը պետք է կանխվեր» պիեսում…  Նաև զբաղված եմ մեր թատրոնից դուրս՝ մի կոմերցիոն նախագծում: Եթե ավելացնեմ, «Նարեկացի» արվեստի միությանը կից, մեր ստեղծած Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնում զբաղվածությունս՝ հաստա՛տ ձանձրանալու ժամանակ չի մնում:

-Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա երիտասարդ կադրերի մասին։

- Ես թատրոնի երիտասարդության նկատմամբ մեծ համակրանք ունեմ։ Հավանաբար դա գալիս է նրանից, որ իմ երիտասարդ տարիներին, Արցախի թատրոնի ավագ սերնդի մեր հրաշալի արտիստները՝ առանձնահատուկ սիրով են վերաբերվել ինձ (խորհուրդներ տվել, օգնել, ոգևորել):   Սունդուկյան թատրոնը այսօր հրաշալի, կայացած երիտասարդություն ունի, և բարեբախտաբար սերնդափոխությունը անվտանգ ու սահուն է իրականանում։ Ես նրանց  շատ եմ սիրում ու գնահատում, քանի որ այսօր (նյութական առումով) դժվար է մնալ թատրոնի նվիրյալ արտիստ… Կեցցեն մեր երիտասարդները:

-Իրականացրել եք բեմադրություններ Լեհաստանում, ինչպիսի՞ պահեր ապրեցիք: Արդյոք դժվար չէ՞ր դերասանական գործունեությունից հետո բեմադրություններ անել:

-Իհարկե դժվար էր։ Երբ նման անսպասելի առաջարկ ստացա, սկզբում շատ մեծ սթրես ապրեցի։ Բայց քանի որ ժամանակին, Արցախի թատրոնին կից դերասանական ստուդիայում բեմադրություններ էի արել (նաև` արտապլանային ներկայացում թատրոնում) և ամենակարևորը՝ որպես դերասան 80-ականներին, աշխատել էի Ստեփանակերտ հրավիրված այնպիսի տաղանդավոր վարպետ ռեժիսորների հետ, ինչպիսիք էին՝ Նիկոլայ Ծատուրյանը, Վահե Շահվերդյանը, Արմեն Էլբակյանը, երջանկահիշատակ փայլուն  մանկավարժ-ռեժիսոր Ռաֆայել Ջրբաշյանը, և շատ բան էի «գողացել» նրանցից, կարողացա գլուխ հանել և ոչ միայն «չխայտառակվեցի», այլև նույնիսկ որոշ (թող ներվի ասել) հաջողություն ունեցա:

- Երբ մենակ եք լինում, ինչի՞ մասին եք հաճախ մտածում։

- Ցավոք սրտի (պատերազմից հետո), մեծ դժվարությամբ եմ ինձ ստիպում մտածել կենտրոնանալ ասմունքային ծրագրերիս կամ թատրոնում հերթական դերիս վրա: Ուղեղիս մեջ անընդհատ մի միտք է պտտվում.  ո՞նց կարողացանք կորցնել նորմալ երկիր ունենալու այս հազվագյուտ շանսը: Իմ բաժին մեղքի զգացումն է ազատ (և ոչ միայն այդ) ժամերիս մտածմունքը, ցավն  ու ափսոսանքը: