Եկեք հարևաններ դառնանք

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Չգիտեմ` ով ինչպես, բայց մենք հարևանություն անել շատ ենք սիրում: Նույնիսկ ժողովրդական ասացվածք ունենք. «Լավ հարևանը հեռու ազգականից լավ է»: Լավն, իհարկե, լավն է, բայց քանի դեռ չի փորձում դառնալ ընտանիքի անդամ: Էհ, ի՞նչ եմ ասում… Ախր, հայկական ընտանիքը մեծ է, համարյա ողջ շենքը: Բակում են անցնում շատերի կյանքի տարիները: Հա, մոռացա, բա մեր տների բարակ պատե՞րը: Նույնիսկ հարևանի` անկողնում շուռումուռ գալն է լսվում, էլ չասեմ զրույցների մասին: Տան մուտքով բարձրանալիս անսխալ կարող են կռահել, թե ով ինչ ճաշ է եփել, կամ… Ավելի լավ է կարդանք:

Կոկին

Կոկին 12 տարեկան է: Նա բրդոտ է, սև և կարճահասակ: Ունի սև աչքեր և կարճ պոչ: Կոկին ամեն օր լողանում է: Նա իր տիրոջ սիրելին է: Երեք ամիս առաջ Կոկիի ծննդյան տարեդարձն էր: Նրա տերը փուչիկներ էր փչել, տորթ թխել և հյութեր գնել: Հենց որ նրանց տան դուռը թակում են, նա իր տիրոջ հետ գնում է դռան մոտ. տերը` դուռը բանալու, ինքը` եկողին դիմավորելու: Կոկին նաև շատակեր է: Նա ամեն օր հինգ անգամ ճաշում է, երեք անգամ լանչ է անում, մեկ անգամ էլ` նախաճաշում: Ես Կոկիին չեմ սիրում: Մի անգամ ես ու մայրիկս Կոկիի համար ոսկորներ էինք տարել: Կոկին, իր սովորության համաձայն, վազեց դռան մոտ: Երբ ես Կոկիին տեսա, փախա վերև` մեր տուն, որովհետև երեսն էլ չեմ ուզում տեսնել… Վախենում եմ շներից:

Մերի Շարոյան, 10 տ.

Չհասկացվածը

Ես առաջին անգամ բջջային հեռախոս էի նվեր ստացել: Քարտը դնելիս հանկարծ ինչ-որ բան կատարվեց, և էկրանն անջատվեց: Խառնվեցի, ընտանիքիս անդամները չէին կարողանում գլուխ հանել: Որոշեցի գնալ ընկերուհուս հայրիկի մոտ, քանի որ նա քիչ թե շատ հասկանում է հեռախոսներից: Երբ անցնում էի մեր բակի տաղավարի կողքով, տիկին Շուշիկը նստած զրույց էր անում մյուս կանանց հետ: Երբ ինձ տեսավ, բարձր ասաց` այնպես, որ լսեմ.

-Պա՜հ, մի տեսեք, է՜, հեռախոս է առել ու իրեն ցույց է տալիս: Ավելի շուտ` ձև է տվել:

Քանի որ դիմացինս մեծահասակ էր, ես լռեցի:

Հաջորդ օրը մեր վերևի հարկի հարևան Խաչիկը ներկել էր մուտքի դռները և պատերը: Երբ դասից եկա, մեր շքամուտքից ահավոր հոտ էր գալիս: Տանել չեմ կարողանում ներկի հոտը: Ես, քանի որ մտքերի մեջ էի ընկել, չնկատեցի, թե ինչպես տիկին Շուշիկը կողքովս անցավ: Ինձնից անկախ` բարձրաձայն ասացի.

-Ֆո՜ւ, էս ի՞նչ հոտ է գալիս:

-Էդ հոտը քո վրայից է գալիս,- վրա բերեց տիկին Շուշիկը:

Զարմացա.

-Բայց ես Ձեզ հե՞տ էի:

-Հա, կարո՞ղ ա գիտես հարիֆ եմ:

Մի փոքր լռելուց հետո չդիմացա և ասացի.

-Ճիշտն ասած` ես անտեղի տեղն եմ Ձեզնից ներողություն խնդրում, բայց քանի որ դուք ինձնից շա՜տ մեծ եք, ներողություն:

Այդ օրվանից նա այլևս չի խոսում իմ հետևից:

Նանե Ջավրուշյան, 13 տ.

Արդեն կարոտում եմ

Որոշ ժամանակ ես բնակվում էի տատիկիս տանը: Այնտեղ ես ունեի չսիրած հարևաններ, բայց ամենաշատը չէի սիրում Խաթուն տատին: Ձմռանը նա տաքանում էր տատիկիս տանը, ամբողջ տարի բամբասում էր և մեր տնից խոսում միջքաղաքային: Ինչ վատ բան աներ նրա թոռը, նա միշտ ինձ էր մեղադրում` պատճառաբանելով, թե ես եմ սովորեցրել:

Մի օր նրա թոռը պոկեց ջրհորդանի խողովակը, և կրկին Խաթուն տատն ինձ մեղադրեց:

Մի անգամ էլ նա խոսեց միջքաղաքային 40 հազար դրամի և ասաց, որ ինքը չի խոսել:

Ինչպես միշտ, առավոտյան ժամը 6-ին դուռը ջարդում էր Խաթուն տատը: Երբ ներս էր մտնում, միշտ բողոքում էր, թե իր տանը ցուրտ է: Երկու ժամ բողոքում էր իր առողջությունից, չնայած շենքի ամենաառողջ մարդն ինքն էր: Երբ դուրս էր գալիս տնից, հիշում էր, որ չի խմել իր հինգերորդ բաժակ սուրճը, չնայած, որ արդեն խմել էր տասը:

Անցյալ տարի նրա որդի Խաչիկը գնեց գազի կաթսա, և ես այլևս չտեսա նրան ձմռանը մեր տանը: Պետք է խոստովանեմ, որ շատ եմ կարոտում Խաթուն տատին և նրա բամբասանքները:

Ռոման Մարգարյան, 12 տ.

Դը՜մփ, թը՜րխկ, բո՜մ

Այսպես ասենք` մեր վերևի հարևանն իմ ամենասիրած հարևաններից չէ: Դա հասկանում եմ հատկապես այն ժամանակ, երբ վերևը «բռնոցի-պպզոցի» են խաղում կամ բարձր ցատկելու մրցույթ անցկացնում: Ըստ ավանդույթի, դա սկսվում է այն ժամանակ, երբ ես նստում եմ դաս սովորելու:

Դը՜րմփ, բը՜րմփ, գը՜րմփ, բո՜մ… Եվ այդպես` ամեն օր ժամը 13-18-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ վերջը…

-Այո, Գայ, տղայիդ ասա` էդպես չթռվռա, աղջիկս դաս է սովորում:

-Հա, կներես, հիմա կասեմ:

Տո՜ւ, տո՜ւ, տո՜ւ…

Եվ նորից` բը՜մփ, դրը՜մփ, թը՜րխկ…

Սոնա Կանեցյան, 10 տ.