Եղանակը

Մեզ դեռ ճամբարի ժամանակ էին ասել, որ նոյեմբերի 17-ին պետք է նկարենք մեզ շրջապատող կյանքը: Սկզբում ես արդեն մտքումս պատկերացնում էի, թե ինչ կնկարեմ: Ես պատկերացնում էի, որ կգնամ այն վայրը, որը մենք անվանում ենք «ակումբ», որտեղ ամեն օր հավաքվում են մեր` Ցամաքաբերդ գյուղի տարեց մարդիկ: Տարբեր խաղեր են խաղում՝ նարդի, բլոտ և այլն: Ես որոշեցի նրանց նկարել, հետո պատկերացնում էի, որ կգնամ խաղահրապարակ, որտեղ հավաքվում են երեխաները, ֆուտբոլ, պահմտոցի և տարբեր խաղեր են խաղում, նրանց էլ կնկարեմ:

Երբ նկարահանման օրվան մնացել էր մեկ օր, հիշեցի, որ իմ ֆոտոխցիկը լիցքավորված չէ: Ես արագ դրեցի լիցքավորման և քնեցի: Առավոտյան արթնացա ու տեսա, որ ձյուն է եկել: Հիշեցի, որ նախորդ օրը համացանցում կարդացել էի, որ ձյուն է գալու, բայց իմ բնավորության համաձայն, ուշադրություն չէի դարձրել: Այդ ժամանակ հօդս ցնդեցին նկարահանման հետ կապված իմ բոլոր պատկերացումները:

Ինչպես ամեն օր, մի կերպ արթնանալով, գնացի դպրոց՝ հետս վերցնելով լիցքավորված ֆոտոխցիկս։ Դասերի ժամանակ մտածում էի, թե ինչ կարելի է նկարել: Դասերն ավարտվեցին, և ես այդպես էլ չորոշեցի, թե ինչ եմ նկարելու: Բոլորս տուն էինք գնում: Դպրոցի ճանապարհը լի էր աշակերտներով: Ես մտածեցի, որ եթե այդ տեսարանը նկարեմ, գեղեցիկ կլինի: Արագ հանեցի ֆոտոխցիկս և նկարեցի։ Հետո որոշեցի գնալ ակումբ՝ մտածելով, որ գոնե մի երկու հոգի կլինեն այնտեղ, և ես նրանց կնկարեմ: Գնացի, մարդ չկար: Գնացի տուն: Ճանապարհին հանդիպեցի մեր դպրոցի երկրորդ դասարանի աշակերտներին: Նրանցից մեկին հարցրեցի.

-Անունդ ի՞նչ է:

-Մարիամ:

-Մարիա՛մ, դու ձնագնդիկով խաղալ գիտե՞ս:

-Հա՛, գիտեմ,-ծիծաղելով ասաց նա:

-Ինձ ձնագնդիկով կխփե՞ս, քեզ նկարեմ:

-Չէ…

-Ինչո՞ւ:

-Չեմ ուզում:

Երկար համոզելուց հետո վերջապես խփեց ինձ, և դա եղավ իմ ամենաստացված նկարներից մեկը:

Ես գնացի տուն, մտածում էի` էլ ինչ նկարեմ: Դրսից ձայներ էին լսվում: Ես գնացի դուրս ու տեսա, որ մի քանի հոգի սահնակով սահում են: Շատ ուրախացա և արագ վազեցի այդ կողմ: Նրանք սարից իջնում էին, ես նրանց նկարում…

Եվ եկավ այն ժամը, որ ես պետք է գնայի պարապմունքի, ճանապարհին նկարեցի թռչուններին, հետո նկարեցի տրակտորով գործ անող մարդկանց և ավարտեցի նկարահանումներս:

Ճիշտ է, ձյան պատճառով ես քիչ նկարներ ունեցա, բայց ամեն մի նկարը մի պատմություն էր պատմում։ Պարապմունքս ավարտելուց հետո եկա տուն և նկարներս արագ ուղարկեցի «17.am-ին»: Պարզվեց՝ ես պիտի վիդեո նկարեի: Շատ տխրեցի, որովհետև շատ գեղեցիկ վիդեոներ կարող էի նկարել: Բայց ինձ 17-ից հուսադրեցին. « Ոչինչ, հաջորդ անգամ կնկարես»: Ավարտվեց իմ օրը, ու ես հասկացա, որ եղանակի տեսությանը անպայման պետք է հետևել, որպեսզի այսպիսի խնդրի առաջ չկանգնեմ։