«Եղեք ձեր լավագույն տարբերակը… Այս կյանքում այսքանը․․․»

Սա Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Գագիկ Խաչատուրյանի գրառումն է մինչ բանակ գնալը։

Գագիկ Խաչատուրյանը ծնվել է 1997թ.-ին։ Մանկությունն անցել է Թբիլիսիում։ Երգել է «Փոքրիկ հայեր» երգչախմբում: Հաճախել է դաշնամուրի: 2007թ.-ին վերադարձել է Երևան և սկսել է հաճախել Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին, ավարտել այն կարմիր դիպլոմով: Հաճախել  է Երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալի բաժինը: Գյումրիում, որպես դաշնակահար մասնակցելով երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարելիցին, պարգևատրվել է դիպլոմով: Ստեղծել է cover թիմ, ովքեր ամեն տարի ներկայացնում էին Եվրատեսիլ միջազգային մրցույթի Հայաստանի երգի cover տարբերակը: 2015թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին: 2016թ.-ին մասնակցել է X-factor մրցույթին: Եղել է Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի ռեժիսորի օգնական։ Երգել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Աշխատել է օպերային թատրոնում որպես Միմանսի դերակատար: Ընտրվել է Կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ: ԵՊԿ-ն ավարտել է կարմիր դիպլոմով: Մինչ զորակոչվելը Գագիկ Խաչատուրյանը ընդունվել է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա:

Երաժշտությունը իր կյանքի իմաստն էր։ Իր խոսքով՝ երգել սկսել էր մինչ ծնվելը։ 2019թ.-ի ծառայության է անցել Մեխակավանում: Մինչ զորակոչվելը ասում էր, որ պետք է մասնակացի պատերազմի և գտնվի ամենաթեժ վայրում։ Այդպես էլ եղավ։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Պարգևատրվել և ստացել է շնորհակալական նամակ իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար: Եղել է ջոկի հրամանատար: Արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու  ընթացքում 2020թ.-ի հոկտեմբերի 2-ին անմահացել է: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհվել է Միջազգային Անվտանգության Ակադեմիայի բարձրագույն կոչում՝ արժանանալով «ԱՍՊԵՏ» շքանշանի:

Ծառայության ընթացքում գիրք էր գրել իր մտերիմ ընկերների մասին։

-Սիրում էր կյանքը, անվերջ ժպտում ու ժպտացնում էր, ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի։ Շրջապատում լիդեր էր, նա էր մեր ուրախությունը, ամեն մանր բանից ուրախանում էր։ Օրդ կարող էր տոն դարձնել,  արև մարդ էր։ Իր ներկայությամբ գույն էր բերում և տրամադրություն էր ստեղծում։ Միշտ ասում էր՝ ուղղակի ապրեք ամեն վայրկյանը։  Կիսատ մնացինք, – նշում են ընկերները։

Գագիկի հիշատակին նվիրված 2 համերգ կայացավ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգասրահում։

-Կոնսերվատորիայի նոր ժամանակի պատմության մեջ նա մնաց որպես ամենաբոսոր ուսանող և ոչ այն պատճառով, որ կարմիր դիպլոմով ավարտած ամենահիշվող ուսանողն էր, այլ որովհետև Կոնսերվատորիայով քայլող այդպիսի մարդ էր նա․․․ Կոնսերվատորիայի հավերժ մագիստրոսն ու արվեստով ապրող զինվորը,- համերգի ժամանակ նշեց երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։

Վերջին անգամ ընտանիքի հետ խոսելիս Գագիկը ասել էր․

-Մենք այստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք, ամեն ինչ լավ է լինելու, ես ձեզ սիրում եմ․․․