margarita Khazaryan

ԵՊՀ օրեր մարզերում

Հայաստանի մայր համալսարանը «ԵՊՀ օրեր մարզերում» ծրագիրն էր իրականացնում այս շրջանում։ Նպատակը` աշակերտներին իրազեկելը, մեր համալսարանի ողջ կառուցվածքին ու գործառույթներին ծանոթացնելն ու  մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելն էր։ Ես էլ ծրագրի մասնակիցներից էի և մեծ  հպարտությամբ ներկայացնում էի հայ բանասիրության ֆակուլտետը, իսկ տպավորություններով չկիսվել չէի կարող։

Եղա մի քանի քաղաքներում և հիացա շատ աշակերտների՝ մայրենիի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ։ Բայց այդ հետաքրքրության կողքին նաև շատերի կողմից անտարբերություն կար։ Թերևս ամենահաճելի պահերից էր այն, որ մոտենում էին դպրոցի ուսուցիչները և հարցեր տալիս մեր ֆակուլտետի կրթական մակարդակի, կրած փոփոխությունների վերաբերյալ, ուսումնասիրում մեր ցուցադրած գրքերը։ Այդ դպրոցներում, կարծում եմ, հայոց լեզուն և գրականությունը բարձր մակարդակով են ուսուցանվում։ Համենայնդեպս տպավորությունն այդպիսին էր։

Եվ առհասարակ, եթե տվյալ դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը իր մասնագիտությամբ հետաքրքրված չէ, եթե չի կարողացել աշակերտների մոտ հետաքրքրություն և սեր առաջացնել ամենաազգապահպան մասնագիտություններից մեկի նկատմամբ, ապա հազիվ թե տվյալ դպրոցի աշակերտներից մեկը մի օր որոշի գալ հայ բանասիրության ֆակուլտետ։ Շատ ուսուցիչներ պարզապես արժեզրկում են այն, ինչի ջատագովը պիտի լինեին։ Ինչո՞ւ։ Հավանաբար այն պատճառով, որ ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ են պարզապես և իրենց ոլորտում որևէ աճ գրանցել չեն կարողացել։ Բայց ես ճանաչում եմ բանասերների, ովքեր երբեք չեն լճանում, միշտ գնում են նոր հնարավորությունների ետևից, և իրենց աշխատանքն էլ տալիս է սպասված պտուղները նաև նյութականի տեսքով։ Ավելի լավ մասնագետ դառնալու, առավել լավ կյանքով ապրելու հնարավորություններ միշտ էլ կան, իսկ ցանկությո՞ւն…

Իհարկե, նոր սերնդի հետաքրքրությունների շրջանակի համար միակ պատասխանատուն ուսուցիչը չէ, և շատ հաճախ նա էլ անզոր է գտնվում։ Բայց արժե՞ հույս ունենալ, որ օրերից մի օր կվերանա բանասիրության նկատմամբ եղած թերահավատությունն ու սխալ ընկալումը։ Այո՛, արժե, որովհետև ես շատ աշակերտների աչքերում տեսա այն կայծը, որը մի օր հրդեհի վերածվելով՝ կփոշիացնի այս անտարբերությունը լավագույն մասնագիտություններից մեկի նկատմամբ։

Ալավերդի քաղաքում մեզ մոտեցան քույր և եղբայր՝ համապատասխանաբար 4-րդ և 2-րդ դասարանի աշակերտներ, որոնք իրենց քաղցր մանկական լեզվով ասացին, որ սիրում են մեր մայրենին և օտար լեզուների նկատմամբ ևս մեծ հետաքրքրություն ունեն։ Արդեն հասցրել են սովորել մի քանի լեզուներ, և մեծ է ցանկությունը՝ այլ լեզուներ ևս սովորելու։ Հենց այս փոքրիկների շնորհիվ է մի օր ամեն ինչ փոխվելու, և դրա համար նրանց կողքին ենք լինելու մենք՝ նրանց ավագ ընկերները, ծնողներն ու ուսուցիչները։
Սիրելի՛ ուսուցիչներ և ծնողներ, հեռո՛ւ և մո՛տ բարեկամներ, ավա՛գ ընկերներ, երեխաներին թևեր տվեք իրենց երազած ուղով գնալու. դա կլինի ճանապարհ դեպի բանասիրություն, տնտեսագիտություն թե փիլիսոփայություն, կարևոր չէ։

Կարևորը` լինի իրենցը, իրենց բնությանը և ցանկություններին համապատասխան։ Ինչ-որ մասնագիտություն մի դարձրեք ժամանակակից և սահմանափակեք երեխայի ընտրության հնարավորությունը։
Բանասիրությունը գիտության լավագույն ճյուղերից մեկն է, և այն չի սահմանափակվում միայն ուսուցչի աշխատանքով։ Գրեթե բոլոր ոլորտներում էլ պահանջվում են բանիմաց ու շնորհալի լեզվաբաններ։ Բայց եթե նույնիսկ միակ հնարավոր աշխատանքը ուսուցչինն է, ապա եկեք ճիշտ գնահատենք այդ աշխատանքի կարևորությունն ու անփոխարինելի դերը սերունդների դաստիարակման գործում։