ella mnacakanyan yerevan

Ես հիշում եմ…

Ես հիշում եմ… Ես այսօրվա նման հիշում եմ 2016-ի ապրիլի սկիզբը: Հիշում եմ Մաշտոցի պուրակն ու էն հարազատ, ջերմ ու ոգևորված միջավայրը, որ ստեղծվել էր այնտեղ: Ես հիշում եմ էն արկղերը, որոնց թիվը, երևի, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով էր աճում: Օր առ օր, ժամ առ ժամ, նույնիսկ րոպե առ րոպե: Իմ աչքի առաջ են դեռ էն տատիկները, որ իրենց ձեռքերով գործած գուլպաներն էին իրենց թոռների հետ ուղարկել, էն երիտասարդները, որ այս կամ այն սրճարանում ժամանակ անցկանելու վրա վատնվող գումարով գնել էին ինչ հնարավոր է ու անհրաժեշտ զինվորին՝ ծխախոտ, քաղցրեղեն, հիգիենայի պարագաներ ու նույնիսկ զգեստ ու ներքնազգեստ: Գնել էին ամեն անհրաժեշտն ու ամենաանհրաժեշտն էին դրել այդ արկղերի մեջ՝ մեր սերը, կարոտը, հույսն ու սպասումը, հավատը, որ ամեն բան լավ է լինելու: Ես հիշում եմ էն երեխաներին, ովքեր, հազիվ այբուբենը սովորած, նամակներ ու անկեղծ տողեր էին գրել իրենց ծանոթ ու անծանոթ զինվորներին, տողեր, որոնցով հույս ունեին մի քիչ հոգեպես աջակցել, քաջալերել այդ դժվար ժամանակներում նրանց, տողեր, որոնց արձագանքին էին նույնիսկ ոմանք սպասում, որովհետև վստահ էին, որ այդ տողերը հասնելու են իրենց հասցեատերերին: Կասկածելու բան էլ չկար, ո՞ւմ էին պետք դրանք՝ իրենց հասցեատերերից բացի… Բայց, արի ու տես, որ պետք էին: Ոմանց խելքին փչել էր դրանցով արկղեր ծածկել, որ չփոշոտվեն: Արկղեր, որոնցում խնամքով դասավորված էր էն ամենը, ինչ տատիկներն էին գործել, ինչ երիտասարդներն էին գնել, ինչ երեխաներն էին գրել զինվորների համար, արկղեր, որոնցում մենք ի սրտե դրել էինք մեր սերը, կարոտը, հույսն ու հավատը, որոնք պարուրել էինք Մաշտոցի պուրակի մեր ջերմ ու հարազատ մթնոլորտով, արկղեր, որոնք պիտի՛ հասնեին սահման:

Գիտե՞ք՝ ԱԺ պատգամավոր, գեներալ , «հերոս» Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությունների, դրանցում հայտնաբերվածի մասին լուրերն ահավոր ու սարսափելի չեն մինչ այն պահը, երբ դիտում ես այդ ամենի մասին պատմող տեսանյութը, որովհետև լուրերում խոսվում է ապօրինի գույքային յուրացումների մասին, բայց չի ասվում, չէ՛, երբեք չի ասվում, որ այդ անկեղծ սրտով ու հոգատարությամբ դասավորված արկղերի, Սփյուռքից որպես օգնություն ուղարկված ռազմական և շտապ օգնության մեքենաների, «Զինվորի բաժին» պահածոների (որոնցով, ի դեպ, մեկն իր սեփական, լսո՞ւմ եք, սեփակա՛ն կենդանաբանական այգու արջերին էր կերակրում), մեծաքանակ զինամթերքի (որը գուցե կարողանար մի ամբողջ դասակի կյանք փրկել ժամանակին) հետ մեկտեղ յուրացվել են նաև այն նամակները, որ պիտի զինվորին հասնեին, յուրացվել է այն սերը, հավատն ու ջերմությունը, որոնք պիտի զինվորին պարուրեին, ոչնչացվել է այն արժեհամակարգը, հանուն որի պայքարել ու որի շուրջ համախմբվել էին մարդիկ: Ու մեղավորները պիտի պատիժ կրեն ոչ միայն ապօրինի յուրացումների, այլև մի ողջ սերնդի հույսը, անապակ պատկերացումներն ու ոգևորությունը ջարդուփշուր անելու համար…