satine sakanyan

Ես մշեցու զավակ եմ

Մի հարց կար հոգումս, բայց չգիտեմ ինչու, տարիներ շարունակ լռում էի և մի օր որոշեցի բարձրաձայնել: Հարցս տատիկիս էր ուղղված:

Գիշեր էր: Տատիկիս կողքին նստած էի և սովորությանս համաձայն հարցեր էր, որ տալիս էի, շատ ժամանակ խնդրում, որ ինձ հեքիաթ պատմի, չնայած որ արդեն 15 տարեկան էի: Տատիկս երբեք չէր մերժում և պատմում էր իմ սիրած հեքիաթը: Բայց այս անգամ, երբ ասացի տատիկիս, որ խնդրանք ունեմ, միանգամից ասաց, որ արդեն մեծ աղջիկ եմ, և էլ հեքիաթ չի պատմելու: Իսկ ես ասացի, որ հեքիաթ չեմ ուզում, այլ ճշմարտությունը:

-Տատ, դու կամ քո ընտանիքը ինչ-որ կապ ունեցե՞լ է Արևմտյան Հայաստանի հետ:

-Այո… Մեր արմատները գալիս են Մշից, դու մշեցու ծոռ ես, իսկ քո հարցը մտովի ինձ տարավ հորս մոտ: Երբ նրան հարցեր էինք տալիս ցեղասպանության մասին, նա լռում էր, աչքերը լցնում և ոչինչ չէր ասում, բայց մի քանի բան կարողացել ենք իմանալ: Հայրս ու պապիկս են եղել իրենց ընտանիքից այն երկուսը, ովքեր մազապուրծ են եղել և հասել Արևելյան Հայաստան: Պատմում էր, որ փոքր է եղել, իսկ մայրը՝ հղի: Նրանք տանն էին հորաքրոջ հետ, իսկ հայրը գնացել էր պաշտպանելու իր ընտանիքը: Մայրը տեսնում է, որ թուրքերը մոտենում են տանը, երեխային թաքցնում է տեղաշորի ծալքի տակ, հորաքույրը դուրս է գալիս տնից և թաքնվում: Թուրքերը մտնում են տուն, տեսնում հղի կնոջը, բացում փորը և երեխային սրի հանում: Իսկ մյուս թուրքը սուրը հանում է և խրում ծալքի մեջ, տան մեջ ամեն ինչ ջարդում, փշրում և հեռանում: Այդ ժամանակ հայրս երեք տարեկան էր, բայց ինչքան էլ որ մեծանար, նրա աչքերի տխրությունը չէր անցնում: Հայրս և պապս փրկվելով գալիս են Արևելյան Հայաստան` Ղուկասյան գյուղ: Իսկ այդ ճանապարհը այդքան էլ հեշտ չէր, սոված, ծարավ: Տարիներ հետո էլ այդ սովի զգացողությունը նրան չէր լքել: Երբ հաց էին ուտում, անպայման պետք է յուղ ուտեր` հացը մեջը փրթած, թե չէ, չէր կշտանում: Վերջ, այսքանը գիտեմ: Էլ ոչինչ չի պատմել մեզ հայրս:

Էլ հարց չտվեցի, սակայն չկարողացա էլ քնել և ամբողջ գիշեր երազեցի այնտեղ լինելու մասին:

Սա էլ մի ցեղասպանությունից փրկված մարդու կյանքի պատմություն է: Ես նրա ծոռն եմ: Հիմա ավելի շատ եմ ուզում գնալ Արևմտյան Հայաստան, տեսնել իմ պապերի երկիրը: