aneta baghdasaryan

Ես Պայլը չեմ

-Լավ, մի անգամ էլ լսեմ ու վերջ։ Ինչ սպիտակ ա էս պատը, միշտ սե՞նց ա եղել։

Ձեռքն առավելագույն չափով ձգեց, որ մի կերպ սեղանի ծայրին դնի հեռախոսն ու շարունակի պատով՝ ավելի ճիշտ առաստաղով հրճվել։ Ջութակների հիմնական թեմայի հետ զուգահեռ հնչում էին փողայինները՝ մարելով, հետո ուժեղանալով ու լցնելով դատարկ սենյակը։ Չէ, սենյակը այդքան էլ դատարկ չէր՝ անկյունում բազմոցն ու սեղանը, լարից ընկած դաշնամուրն էին, մյուս անկյունում՝ գրասեղանն ու նվագարկիչը․ սենյակում կահույքից բացի միայն նա էր՝ բազմոցին պառկածն ու առաստաղով հրճվողը։

-Տենաս` ինչի՞ են հարևաններս տանը բարձրակրունկ հագնում։ Ախր, հարմար չի, ամբողջ օրը դրանցով ես, դրանցով գործի ես գնում, հետո նույն ճանապարհով տուն ես գալիս: Չե՞ս ուզում հանել, որ ոտքերդ մի քիչ հանգստանան։ Չնայած, կարող ա դրսում էդքան էլ հարմար չի բարձրակրունկներով քայլել, իսկ դրանք իզուր չես գնել, մի տեղ պետք է, չէ՞, հագնել։ Էլի մտքերով ընկա ու սիրածս մասը բաց թողեցի։

Նա նորից ձգվեց, այս անգամ, որ վերցնի հեռախոսն ու նորից միացնի ստեղծագործությունը։ Սենյակը նորից լցվեց լարայինների ու փողայինների կարծես թե կատարյալ հնչյուններով։ Դեմքով նորից նայում է մեզ արդեն քաջ ծանոթ սպիտակ առաստաղին։

-Տենաս` պարոն Ֆաուլերը գտա՞վ Պայլին։ Միգուցե Պայլին սպանել են։ Ափսոս, լավ տղա էր։ Իսկ միգուցե գաղտնի գործակալ է և, հավաքելով թանկարժեք փաստաթղթերը, ուղղակի փախել է։ Չնայած այդ տարիներին Վիետնամից փախչելու համար մենակ խիզախությունը հերիք չէր լինի։ Իսկ եթե Պայլը գոյություն չունի՞, և նրան Ֆաուլերն է հորինել, իր վրայից մեղքը հանելու համար։

Այ, եթե մի փոքր տեղից շարժվեր, միգուցե և իմանար Պայլի ճակատագրի մասին, այլ ոչ թե գրասեղանին դրված գրքին նայեր՝ վարկածներ թվարկելով։

-Լավ, էս ժամին, ո՞վ ա փոշեկուլ միացնում։ Գոնե բարձրակրունկներդ հանի, նոր տները մաքրի, հարմար չի տենց։ Էն մի անկյունը չմաքրեցիր, ո՞ւր ես գնում․․․ Էլի չլսեցի սիրածս դրվագը։

Կրկին միացրեց այն ամենասկզբից՝ այս անգամ հեռախոսը ուղղակի դրեց բազմոցի գլխին։

-Իսկ եթե ես լինեի Պայլի փոխարեն, միսս Ֆուոնգի հետ կփախչեի, որ մեզ ոչ ոք չկարողանար գտնել։ Ամերիկա կփախչեի, Պայլը հավանաբար այնտեղ ծանոթներ կունենար։ Բայց ես Պայլը չեմ, ոչ էլ իմ միսս Ֆուոնգին ունեմ, Ամերիկայում էլ դժվար ծանոթներ ունենամ։ Եթե մի օր որոշեմ գիրք գրել իմ Թոմաս Պայլը կամ Ջիմը, կամ էլ Բիլը ամբողջ օր կպառկեր գետնին ու կնայեր աստղերին։ Ֆուոնգն էլ կողքից հարցեր կտար, Պայլն էլ տպավորություն թողնելու համար իր իմացած մեկ-երկու աստղի անուն կասեր կամ կհորիներ, ցույց կտար դրանք։ Բայց ես Պայլը չեմ ու իմ միսս Ֆուոնգին էլ չունեմ։ Էս ճաքը մի՞շտ ա եղել առաստաղի էս մասում։ Ինչ էլ մեծ ա։

Սենյակը նորից դատարկվեց․ լսվում էր միայն ժամացույցի տկտկոցը։ Երաժշտությունը նորից միացնել էր պետք։ Ձեռքի մի թեթև շարժում, ու հեռախոսն ընկնում է ուղիղ բազմոցի հետևը։

-Չէ, էդքան էլ սպիտակ չի առաստաղը։

Գլուխը նորից թեքում է դեպի գրասեղան, տեղից բարձրանում ու վերցնում է գիրքը։

«Սիրելի՛ Թոմաս, ․․․ »