amalya harutyunyan

Երազանքը քառակուսիներից դուրս

Երբ դեռ փոքր էի ու չգիտեի, որ կյանքում բացի գետնի վրա տեղադրված քառակուսի սալիկները համաչափ թռչկոտելով անցնելուց, ավելի կարևոր բան կա, միակ նպատակս դա էի համարում: Ասում էի՝ եթե ոտքս չդիպչի գծերին, ուրեմն ես ամենակարող եմ: Օրեր էին լինում՝ ընկնում էի, բայց և օրեր էլ կային՝ ամենակարող էի դառնում ինձ համար:

Երբ փոքր էի ու դեռ չգիտեի, որ ինչպես գրատախտակի կավիճն են մաքրում կամ մատիտը, նույն կերպ երբեք կյանքիդ էջերն էլ չես կարող ռետինով մաքրել. ես երազում էի ջնջել ամեն ինչ ու նորից կառուցել:
Երբ թռչելը իմ միակ երազանքն էր, իսկ կախարդելը՝ միակ երևակայական կարողությունը, ես չէի էլ պատկերացնում, որ օրեր են գալու, երբ ես երազելու եմ ապրել կյանքը, իսկ կախարդանքի փոխարեն ցանկությունս ամեն ինչ փոխելն էր լինելու:
Մենք բոլորս մի ամուր ամբար ունենք, էնտեղ լցնում ենք մեր բոլոր ցանկություններն ու երազանքները:
Երբ մեր երազանքը շարքից դուրս է գալիս, նետում ենք աղբարկղը, եթե շատ ենք ցանկանում իրագործել, հեռախոսի նման միշտ պահում ենք մեր ձեռքում, որ չկորցնենք:
Հիմա, երբ երազանքներս հետզհետե կորցնում են իրենց պիտանելիությունը, ոչինչ չի մնում՝ բացի մի մեծ ցանկությունից. վերցնելու աշխարհն ու 180 աստիճան շրջելու այն, փոխելու ամեն ինչ՝ մարդկանց, օրենքները, կարծիքները: Աշխարհը վերածելու մի այլ մոլորակի:
Բնավորության վերնաշապիկս կվերցնեի, կլվանայի, կպարզաջրեի ու արդեն փոխված՝ կհագնեի վերնաշապիկս ու կանցնեի գործի:
Արդեն բնույթով ուժեղ լինելով՝ կանցնեի ամենի միջով: Հա, ճանապարհին շատ անգամ կկորցնեի ամեն ինչ, ու շուրջս ամեն բան կքանդվեր: Բայց չէ՞ որ այն կդառնար ազատ տարածքը, որտեղ ես ամեն ինչ կփոխեի ու նորը կկառուցեի:
Ես կվերցնեի աշխարհի բոլոր նկարիչների ներկերը ու շուրջս ամեն ինչ կներկեի: Մի քիչ էլ մարդկանց դեմքին ժպիտ կնկարեի, իսկ հոգում՝ արև:
Թվում է, թե դու անկարող ես: Որովհետև դու մեկն ես, իսկ աշխարհն ահռելի է: Բայց չէ՞ որ ցանկությունդ անսահման շատ է, իսկ եթե շատ ցանկանաս, մի բան կստացվի:
Երբ դեռ փոքր էի, երբ մի քանի անգամ հաղթահարել էի իմ առջև դրված փորձությունը՝ անցել էի գետնի քառակուսիները՝ առանց դիպչելու գծերին, ես ինձ ամենակարող էի կոչում, թվում էր՝ ամեն ինչ իմ ձեռքերում է, ու ես կարող էի ամեն ինչ ուրիշ դարձնել:
Հիմա, երբ կյանքն է սահմանափակել ինձ ու ճանապարհիս քառակուսիներ շարել ու չի թողնում, որ դիպչենք գծերին, ես ամենակարողից անկարողի եմ վերածվում: Հենց գծերի շնորհիվ էլ կաղապարվել ենք: Հիմա մենք չենք հանդուրժում այն օրենքները, որ մեր կաղապարից դուրս են, մեր մեջ ծանրացրել ենք կարծրատիպեր ու արգելում ենք մի պահ կյանքին այլ հարթությունից նայել: Իսկ ինձ համար կապ չունի կյանքում ինչքան կաղապարներ կլինեն, ես մեկ է՝ ձգտելու եմ փոխել ամեն ինչ:
Այսօր ուժեղ անձրևում էր, ջուրը դույլերով թափվում էր վերևից, ու միջի անձրևն էլ հետ չէր մնում. արցունքներն անդադար էին:
Ուզում եմ նորից հիշել մանկությունս, եթե վաղը չանձրևի ու թաց չլինի, ուրեմն ես ամենակարող եմ:
Եղանակի տեսությունը դիտեցի: Կարծես թե վաղն արև է լինելու…