anahit husikyan

Երազից մինչև իրականություն

2019 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց իր նախաձեռնությունը՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 30-ամյակին նվիրված, որը միտված էր բարձրացնելու հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ։ Համագումարին մասնակցում էին 170 երեխաներ՝ ՀՀ տարբեր մարզերից և Երևանից։ Ինձ նույնպես հնարավորություն ընձեռվեց մասնակցելու այդ միջոցառմանը։

Աշնանային սովորական առավոտ էր, արթնացա զարթուցիչի ձայնից։ Արթնացա սովորականի պես նույն ժամին, բայց մի փոքր զայրացած, քանի որ զարթուցիչս ինձ արթնացրեց երազիս ամենահետաքրիր պահին։ Երազումս ես նախագահական նստավայր էի մտնում, և հենց այդ պահին զարթուցիչն ինձ արթնացրեց (միշտ ցանկացել եմ տեսնել նախագահական նստավայրը ներսից)։

Մտքերով ընկած և մի փոքր ուշացած՝ հասա դպրոց, մտա դասարան այն պահին, երբ հասարակագիտության ուսուցչուհին դասընկերներիս տեղեկացնում էր, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մրցույթ է կազմակերպել, որտեղ հաղթելու դեպքում հնարավորություն կունենանք լինել նախագահական նստավայրում, հանդիպել պատգամավորներին և մեր համայնքային հիմնախնդիրները ներկայացնել իրենց։ Պատկերացնո՞ւմ եք զարմանքս։ Երազս որպես լավ նախանշան ընդունելով՝ ես մեծ ոգևորությամբ համագործակցեցի ուսուցչիս հետ, և որքան փուլ առ փուլ անցնում էինք և մոտենում հաղթանակին, այնքան ես համոզվում էի, որ երազս նախանշան էր, և երազանքս շուտով իրականություն կդառնա։ Երբ ծանոթացա ծրագրի բովանդակությանը, հասկացա, որ ես ավելի շատ ցանկանում եմ լինել նախագահական նստավայրում ոչ թե այն ուղղակի տեսնելու համար, այլ նաև այն բանի համար, որ իմ այնտեղ գտնվելով՝ քաղաքից հեռու գտնվող մեր համայնքի երեխաների շատ երազանքներ միգուցե իրականություն դառնան։ Ես հասկացա, որ ցանկությունդ սկսում ես կարևորել, երբ դրանում ավելի կարևոր արժեքներ ես տեսնում։

Յուրաքանչյուր փուլն անցնելիս սրտի խորքում զգում էի, թե ինչքան մոտ եմ իմ նպատակին։ Եվ ահա, երազս ի վերջո իրականացավ, հաղթեցինք և ես մասնակցեցի «Երեխաների իրավունքներ մասին կոնվենցիայի» ընդունման 30-ամյակին նվիրված երևանյան գագաթնաժողովին։ Հիանալի օրեր ունեցա, նոր ծանոթություններ։ Եվ ահա նախագահական նստավայր․․․ Որքան հաճելի պահեր ապրեցի՝ զրուցելով ՀՀ չորս նախարարների և Մարդու իրավունքների պաշտպանի հետ, լսելով նրանց կարծիքն ու տեսակետները։

Հենց այնտեղ ես հասկացա, թե ինչու էին ցանկանում բուհերի ուսուցումից հանել հայոց լեզու և պատմություն դասընթացները (ինչին ես մինչ այդ դեմ էի): Մեզ բացատրեցին, որ այն, ինչ աշակերտը սովորում է դպրոցում, լիովին բավական է կիրառելու կյանքում և ավելորդ ծանրաբեռնվածություն այսպես չի ստեղծվի։

Երեք օր անցկացնելով նոր միջավայրում՝ ձեռք բերեցի նոր ընկերներ և ստացա արժեքավոր գիտելիք, որը հետագայում կարող եմ կիրառել բազում ոլորտներում։

Այժմ, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե որքան խոչընդոտներ կարող են առաջանալ դեպի նպատակ տանող ճանապարհին, նաև զգում եմ, թե որքան հաճելի և ոգևորիչ են նպատակին հասնելու առաջին վայրկյանները, որոնք որպես հաղթանակի գրավական կծառայեն կյանքում, ուստի պետք է մշտապես լինել աշխատասեր, ճկուն և միշտ հավատալ սեփական ուժերին։