Երբ աշխարհը գունավոր է

Լուսանկարը՝ Անի Ավետիսըանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսըանի

-Անունդ ի՞նչ է:

-Իրա անունը Մերի ա:

-Բա քո՞նը:

Ձայն չկա:

-Քանի՞ տարեկան ես,-հարցս ուղղում եմ Մերիին:

-Մերին երկու տարեկան ա,- նորից մեջ է մտնում անծանոթ զրուցակիցս:

-Իսկ դո՞ւ:

-Ե՞ս: Ես՝ երեք:

-Բայց անունդ չասացիր, է:

-Անունս Զուզի ա:

-Ա՜, Սյուզի՞:

-Ըհը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսըանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսըանի

Դե, արդեն ծանոթ ենք, ու փոքրիկ Զուզին կարող է ցույց տալ իր բոլոր ունակությունները: Ասեմ, որ դրանք երբեմն պրոֆեսիոնալ մարմնամարզիկների հնարքներից ավելի վտանգավոր ու բարդ էին: Եվ ամեն անգամ, երբ փոքրիկ ընկերս ցատկում էր բազմոցի կամ բազկաթոռի վրայից, իմ վախեցած հայացքին հաջորդում էր նրա ինքնագոհ ժպիտը: Այդպիսին են մանուկները: Աշխարհում նրանց համար անհնարին ոչինչ չկա: Սիրում եմ երեխաներին: Երևի կասեք, որ չկա մարդ, ով չսիրի նրանց, բայց ես մի քիչ ավելի շատ եմ սիրում: Ամենաշատը սիրում եմ նրանց մոլորակը, որ մերին նման չէ, ընդհանրապես: Սիրում եմ, երբ  նրանք ժպտում են, որովհետև նրանց ժպիտը երբեք կեղծ կամ սուտ չի լինում: Երեխաների հետ խաղալով` հաճախ մոռանում եմ աշխարհն ու նրանում կատարվող ցանկացած բան: Երբ կողքիս փոքրիկ մարդուկ կա, ինձ համար դադարում են կարևոր կամ հետաքրքիր լինել քաղաքականությունն ու սպորտը, պատմությունը, գրքերն ու շտեմարանները, դրանց փոխարեն օրս լցնում են «Մաշան» կամ ”Трактор Гоша”-ն, իսկ նրանց երգերը երբևէ լսածս ամենալավ երգերն են դառնում: Երբեմն էլ, անկախ ինձանից, ողջ օրը երգում եմ: Նրանց հետ մենք էլ նոր գույներ ենք ստանում, սկսում ենք սիրել աշխարհը, այն աշխարհը, որ կա մեզանից յուրաքանչյուրի մեջ, որ մենք կորցնում ենք, երբ չափից շատ ենք մոտենում իրականությանը, երբ կորցնում ենք հեքիաթը, իսկ երեխաները հեքիաթն ամենուր իրենց մոտ են պահում:

Լուսանկարը՝ Անի Ավետիսըանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսըանի

Գիտե՞ք, երեխաներին այնքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, երբեմն  ընդամենը մեկ ժպիտ և տասը րոպե՝ իրենց հետ խաղալու համար: Դրանից հետո դու նրանց համար դառնում ես ամենասիրելին, ամենակարևորը, և քո կողմից արված ցանկացած բան՝ ճիշտ:

Պատահում է, որ փոքրիկ մարդուկներից մեկն էլ գալիս է, սեղանին տեսնում կիսաքանդ ամրոցի կիսաքանդ նկարն ու այնքան անկեղծ ասում՝ ի՜նչ սիրուն ա, որ ես էլ սկսում եմ հավատալ: Դուք էլ կհավատաք, եթե անգամ խզբզանքի համար արված  նրանց  գնահատականը լսեք:

Նրանց հետ մեր աշխարհը գունավոր և ուրախ է դառնում, իսկ մենք էլ պիտի փորձենք գունավորել նրանցը:

Հ.Գ Եվ կես-կատակ, կես-լուրջ՝ երեխաների մեջ ամենաշատը սիրում եմ այն, որ «մամա»-յից ու «պապա»-յից հետո ամենաառաջինը իմ անունն են ասում: