milena khachikyan

Երբ առջեւում անկախության օրն է

«Պիտի գնաս տուն ու գրես: Պիտի թողնես ամեն տեսակ դաս կամ պարապմունք, թողնես ու գրես: Պիտի էնպես գրես, որ կարդան ու ծայրեծայր զգան, որ կարդան ու… Հավատան քեզ»:

-Կարո՞ղ ես, փորձի՛ր,- կրկնում էի ինձուինձ ողջ ճանապարհին:

Երեկոյանում էր: Դուրս էի եկել տանից ու չէի կարողանում հասնել ուզածս տեղը: Դե պարզ է՝ խցանում էր: Սովորական բան է երեկոյան Երևանում, հատկապես, երբ առջևում անկախության օրն է:

Ուրեմն՝ Իսակովի պողոտայում էի: Ինձ համար մի կողմ քաշված՝ Բրել էի լսում.

Ne me quitte pas,
ne me quitte pas,
ne me…

«Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
ծափով-ծիծաղով ախպերս ու ես…»

Գլուխս բարձրացրի՝ Բրելին ընդհատելով: Պատուհանիս մյուս կողմում ՊՆ ավտոբուսներից էր, ներսում՝ մի խումբ զինվորներ: Ժպտում էին ու երգում, երգում էին ու ժպտում: Ներքին ինչ-որ խաղ կար իրենց մեջ, ինչ-որ անհոգ վիճակ, որ պարտավորեցնում էր էդքան լուրջ չլինել: Մինչ կհասցնեի ժպտալ, ավտոբուսը առաջ ընկավ՝ իր հետ տանելով հազար ու մի սպասում, հազար ու մի երազ:

«Անկախության տոնի նախապատրաստական միջոցառումներին են եկել երևի », – մտածեցի ինձուինձ:

Խցանումը դեռ շարունակվում էր, երբ մեզ զուգահեռ երևաց երկրորդ ավտոբուսը: Էստեղ տղաները լուրջ էին, քիչումիչ ժպտում էին, բայց լուրջ էին ավելի: Թվում էր՝ պարտավորեցնում էին զգոն լինելու, լինելու միշտ պատրաստ գրեթե ամենին:

Շարունակում էի նայել պատուհանից, երբ խցանման մեջ հայտնված մեքենաներից մեկի դուռը բացվեց, և մի կին շտապելով դուրս եկավ էնտեղից: Զարմացա, չգիտեի՝ ինչն ինչոց է: Մեկ էլ տեսնեմ՝ մոտեցավ տղաներին, պատուհանի միջով երկու տուփ ծխախոտ փոխանցեց և արագ վերադարձավ իր մեքենան: Ես չգիտեմ՝ ինչպես գրեմ էս սիրուն պահի մասին, որ չփչացնեմ, որ լիարժեք փոխանցեմ տեսածս մարդկայինը:

Ամերիկահայ Վիլյամը ասում էր՝ փնտրիր ամենուրեք բարին և ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ: Ես սրանից ուժեղ բարություն կգտնեի՞, իսկ զինվորի ժպիտից ուժեղ խնդությո՞ւն:

Տղաները վերցրին ծխախոտը որքան զարմացած, նույնքան էլ սիրով: Երևում էր, թե իր փոքրիկ քայլով էդ կինն ինչպես շոյեց ինքն իրեն, դե տղաների մասին էլ չասեմ:

Մի քանի րոպեից տեսադաշտս փոխվեց, ականջակալներիս երգը՝ ևս:

И на рассвете вперёд уходит рота солдат
Уходит, чтоб победить и чтобы не умирать
Ты дай им там прикурить, товарищ старший сержант
Я верю в душу твою солдат, солдат, солдат.

Լյուբեն է՝ երբեք չհնացող իր երգերով…

Օրվա վերջում, երբ անցնում էի նույն ճանապարհի հակառակ ուղղությամբ, տեսա նույն ավտոբուսներն արդեն լրիվ դատարկ, տեսա ու հասկացա, որ պարտավորեցնող է ապրելը: Էսքան բան:

Պիտի գայի տուն ու գրեի: Պիտի թողնեի ամեն տեսակ դաս կամ պարապմունք, թողնեի ու գրեի: Պիտի էնպես գրեի, որ կարդային ու ծայրեծայր զգային, որ կարդային ու հավատային ինձ… Հավատային վաղվա օրվան: