Երբ է սկսում խորհրդավորը

Լուսանկարը՝ Թինա Մաքոյանի

Լուսանկարը՝ Թինա Մաքոյանի

Երբևէ զգացե՞լ եք անտառային լռության ուղեկցությամբ խորհելու, կամ էլ ծովի ալիքների խշշոցից ննջել ու սիրուն երազներ տեսնելու հաճույքը: Դա անբացատրելի է, ինչպես ասել է վան Գոգը՝ դա ոչ ուրախ է, և ոչ էլ տխուր. դա հիասքանչ է:

Ընտանիքիս հետ մեկնել էի հանգստանալու: Ստիպված էի մի ահագին խորդուբորդ բարձունք հաղթահարել՝  ծովին հասնելու համար, մի էդքան էլ՝ մեր «ճամբարը» հետ վերադառնալու: Առաջին օրը շատ լողացի ու մրսեցի, գիշերեցի փայտե փոքրիկ տնակում, իսկ հաջորդ օրն արդեն ջերմում էի: Տաք-տաք հագնված նստել էի անտառում՝ մի բարձր տեղ, ու հիանում էի ներքևում ծփացող ծովի ալիքներով, ծիտիկների դայլայլով, երբ մի մարդ մոտեցավ՝ ձեռքին մի գիրք: Ասաց, որ գիրքը գտել է անտառում: Իր հետ տանել չի ուզում, անտառում ընկած թողնել՝ նույնպես, գուցե ե՞ս վերցնեմ, կամ էլ մեկ ուրիշին նվիրեմ: Ես հաճույքով վերցրի գիրքը, շնորհակալություն հայտնեցի ու գնացի:

Նայեցի՝ վրան գրված էր «Мастера фэнтези», «Джонатан Уайтли», «Лабиринт Теней»: Վրան էլ ինչ-որ ծերուկ է նկարված՝ դեղին թուրը ձեռքին, շրջապատված ինչ-որ չարքերով:

-Մամ, տես՝ գիրք եմ գտել:

-Ի՞նչ գիրք: Որտեղի՞ց:

-Մի մարդ մոտեցավ,- ու պատմեցի՝ ինչ որ եղել էր:

-Վերցնելո՞ւ ես: Կեղտոտ գիրք ա: Սկի քո գրքերը չես կարում վերջացնես, էդքան էլ բերեցիր հետդ Հայաստանից:

Առանց մի բառ ասելու՝ նորից վերադարձա հին տեղս: Հարմար տեղավորվեցի ու սկսեցի կարդալ: Ներքևում ծովն է՝ ծփացող ալիքներով, վերևում՝ ծիտիկները՝ իրենց դայլայլով, ու ես էս ամեն ինչի ներքո խորասուզվել եմ գրքի մեջ:

Լուսանկարը՝ Թինա Մաքոյանի

Լուսանկարը՝ Թինա Մաքոյանի

«Ինչ լավ էր՝ էդ մարդուն հանդիպեցի: Ես էլ չֆայմեցի հետս գիրք բերեմ, ուրիշ զբաղմունք էլ չկա, մինչև իրիկուն էստեղ ենք»:

Բայց մի րոպե. էս ի՞նչ խշխշոց է, չեմ հասկանում: Նայում եմ շուրջս՝ ոչ մի շարժվող առարկա չկա: Նորից սկսում եմ կարդալ: Նորից խշխշոց: Ախ, հա՜, իհարկե, էս շունը կորել է անտառում, տերերն էլ վաղուց գնացել են: Թփերի միջից մի հսկայական սև շուն դուրս եկավ ու նստեց ուղիղ կողքիս: Սկսեցի շոյել գլուխը: Կարծես թե դուր եկավ: Էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար: Հավատարիմ ընկերն էր պակասում՝ դա էլ ավելացավ: Ամեն ինչ այնպես է, ինչպես որ պետք է: