milena movsesyan

Երբ համացանցը չի անջատվում

Այն հաճելի պահը, երբ վերջապես անջատում ես համացանցը ու մնում մենակ ինքդ քեզ հետ։ Երբ մտքերդ դանդաղ ընթացք են ստանում, հանդարտվում են, ու փորձում ես ոչնչի մասին չմտածել։ Բայց չի ստացվում․ այնքան հիշելու բան կա, այնքան շատ խնդիրներ՝ լուծելու: Մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր, մեկը՝ քեզ համար, մյուսը՝ ուրիշի։ Ու դրանց չափից ավելի լինելը ազդում է հանգիստ շնչելուդ վրա։ Այդ մանր to do-ները, ծավալուն հանձնարարությունները, հետոյին թողած գործերը անընդհատ պտտվում են ուղեղումդ, հիշեցնում, որ էլի բան կա անելու, ինչ-որ բան կիսատ է մնացել։

Ու դու, համակարգիչն անջատելով, to do list-ը մի կողմ դնելով՝ ուզում ես մոռանալ ամեն ինչ, վանել շրջապատը, մի կողմ դնել պարտականությունները, փորձում ես մենակ մնալ քեզ հետ, մի քիչ լսել ինքդ քեզ, մտածել կյանքի մասին, մի քիչ էլ փիլիսոփայել։ Բայց նորից չի ստացվում։

Համացանցից դուրս գալով՝ ուզում ես կտրվել վիրտուալ մարդկանցից ու նրանց հետ ունեցած հաղորդագրություններից․ չէ՞ որ դրանք օրվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն են թողնում քեզ վրա։ Նրանց խոսքերը, ստատուսները, խելացի մտքերը, կարծիքներն ու սմայլիկները նետերի պես մխրճվում են զգայարաններիդ մեջ։ Ազդեցությունը տարբեր է՝ ուրախություն, ծիծաղ, ջերմություն, հոգատարություն, ընդվզում, անհամաձայնություն, զզվանք ու տհաճություն։ Մեկի նամակին սպասում ես, մյուսին՝ արհամարհում, մեկի գրածը վրադ ազդում է, մյուսինը՝ ոգևորում, 100 հոգի հավանել են նկարդ, բայց այն մեկը չի էլ տեսել․․․

Գլուխդ սկսում է պտտվել ինֆորմացիոն ու էմոցիոնալ մեծ հոսքից, երբեմն ուղղակի ուզում ես չկարդալ, չպատասխանել, երբեմն՝ փոխել թեման, երբեմն արագ անջատել, լքել համացանցը։ Ուզում ես մի քանի օր ապրել այդ սարդոստայնից դուրս, առանց այդ նետերի ազդեցության, առանց կեղծ ու սխալ լուրերի, առանց ֆեյքերի ու լայքերի, դիտումների թվի ու դիտողների, առանց ուրիշի կյանքին խառնվելու, առանց հեռախոսի՝ տագնապ առաջացնող ծնգոցը լսելու։

Բայց հիմա համացանցը բոլորիս աշխատանքային գործիքն է․ մեկը սովորում է, մյուսը՝ աշխատում։ Դու ստիպված ես անընդհատ լինել կապի մեջ, ապահովել քո վիրտուալ ներկայությունը, տնայինը ուղարկել օնլայն, կարդալ գիրքը օնլայն, լսել դասընթացը օնլայն, ընկերներիդ հետ հանդիպել նորից օնլայն․․․

Թեև ծանր օրվանից հետո համացանցը վերջապես անջատված է, բայց նամակները, ստատուսները, մեկնաբանություններն ու նորությունները չեն վերանում մեր ուղեղից, դրանք ատոմների նման արագ պտտվում են այնտեղ, խառնում ու փոխում են մեր մտքերի ուղղությունը։ Փակում ես աչքերդ, դրանք նորից հայտնվում են դիմացդ։ Թվում է՝ երբեք քեզ հանգիստ չեն տա։ Իսկ քո ուզածը միայն մենակ մնալն է։ Անհնար ցանկություն չէ, չէ՞․․․