Երգեր՝ գրված խրամատում

Տատս միշտ շեշտում է, որ արվեստի հանդեպ իմ և եղբորս սերը գալիս է պապիկից։ Պապս` Խաչատուր Նորայրի Բաղդասարյանը, ում ցավոք լավ չեմ ճանաչել, Արցախի ազատամարտիկ էր և իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին և մարտնչել Արցախի ազատագրական ճակատում։ Լինելով ինժեներ՝ նա նաև բանաստեղծ էր։ Ստեղծագործել է իր ամբողջ կյանքի ընթացքում՝ թե՛ սահմանին, թե՛ Երևանում, թե՛ հայրենի Բոլնիս-Խաչենում։ Խորհրդակցել է Շիրազի հետ։ Մինչև այսօր իր իրերի մեջ գտնում ենք արդեն մաշված տառերով փոքր թերթիկներ, նոթատետրեր և տետրեր, որտեղ նա գրի է առել իր բանաստեղծություններն ու երգերը։ Այս անգամ էլ աչքովս ընկավ Դաշնակցություն թերթի 1992 թվի օգոստոս ամսվա օրինակը։ Գինը՝ 1 ռուբլի։ Դրա էջերից մեկի վրա տեսա պապիս՝ մի քիչ մաշված նկարը, իր՝ Խաչատուր Խաչենցի, կենսագրությունն ու կռվի ժամանակ գրված բանաստեղծությունները։

ԻՄ ԳԱՆՁԱՍԱՐ

Գանձասարը հեքիաթն է իմ,

Առասպելը հայ մանուկի,

Գանձասարը թովչանքն է իմ,

Կոմիտասը իմ անտունի։

 

Քեզ տեսել եմ երազիս մեջ,

Հայոց Սասնա հուր-հրեղեն,

Քո սիրով եմ այրվում անշեջ,

Իմ Մարաթու՛կ դու բոցեղեն։

Դու իմ սրտի արտասվող լար,

Մեր հեքիաթի անհաս Պեգաս,

Դու Շիրազի անգին քնար,

Մենք հավերժ ենք՝ քանի դու կաս։

 

ՀԱՅԱՇԵՆ ՇՈՒՇԻ

Շուշի՛, իմ Շուշի՛, դու՝ բերդ ու ամրոց,

Դու լույս՝ մշուշի և աշխարհի բոց։

Հայոց աշխարհի անհայտ ընդերքում,

Գանձերի գանձն ես իմ լուսե երգում։

Երբ նվիրեցին քեզ դավի ձեռքով,

Մենք ետ վերցրինք մեր սրտի վերքով։

Այժմ քեզ հետ ենք, չե՛նք տա ուրիշի,

Դու հար պիտ ժպտաս, Հայաշե՛ն Շուշի։

Շուշի՛, իմ Շուշի՛, դու՝ բերդ ու ամրոց,

Դու հույս՝ մշուշի, Անմահության բոց։

***

Իմ Ստեփանակե՛րտ, դու իմ փունջ ծաղիկ․

Դու իմ սրտի բերդ, դու հայոց բալիկ։

Քեզ ո՞վ կթողնի մնաս ուրիշին,

Բախտդ քո ա՛զգը պիտի որոշի։

Կմեռնեմ հողում ես քո տիրական,

Այս կռվի բովում քո նվիրական։

 

․․․ ԻՍԿ ՄԵՆՔ ԿՄՆԱՆՔ

Հավատում էի՝ այս օրը կգա՛,

Այնքան ուրախ եմ, ա՜րևս վկա,

Այսօր լցվեցին սրտերը փխրուն,

Արցունք երևաց աչքերում տխուր,

Եվ փչեց զուռնան մեր Հայոց երգի,

Որ բալասանն է մեր ցավոտ վերքի։

Բոլորի կողմից ձեզ հալալ լինի

Մեր ոսկեվազյան խաղողի գինին,

Երգը կմնա հողում Արցախի՝

Որպես մեր հիմնը մեծ հաղթանակի։

Դուք կերթաք վաղը, իսկ մենք կմնանք,

Խոստովանում եմ ձեզ, որ կդիմանանք,

Դուք միշտ կմնաք մեր սրտերի մեջ,

Որպես հաղթության հավատամք անշեջ։

***

Երբ շատ փոքր էի, հարցնում էի՝

Ի՞նչ է Հայաստան,

Որ այսքան թանկ է ու նվիրական․․․

Տեսնես ինձ հե՞տ է ծնվել իմ մորից,

Թե՞ մորս հետ եմ ծնվել նրանից․․․

Ասացին՝ չկա՛ ուրիշ Հայաստան,

Նա է լոկ հավերժ ու նվիրական։

Ու այդ օրվանից ընդմիշտ հասկացա,

Որ այլ սուրբ երկիր ինձ համար չկա։