Երեկոյան Վանաձոր

Սիրում եմ Վանաձորի ամառային երեկոները: Հով, խաղաղ, երկնքում լիքը աստղեր, լուսին…

Օրվա այդ պահին ամեն ինչ շատ հանգիստ և գեղեցիկ է: Բայց ամենից շատ գիտե՞ք ինչն եմ սիրում: Սիրում եմ, երբ քաղաքը լիքն է լինում, երբ մարդիկ քայլում են, երբ բոլորը ժպտում են իրար: Իսկ ո՞ւր են կորչում այդ ժպիտները մնացած եղանակներին: Մնացած ամիսներին քաղաքը դատարկվում է, կորցնում է իր բազմերանգությունը, դառնում է միապաղաղ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Տարօրինակ է, չէ՞, նույն հանգիստ քաղաքը մեկ այնպիսին է դառնում, որ ուզում ես փախչել այդ հանգստությունից, մեկ էլ այնպես է անում, որ ուզում ես ամբողջ օրը թափառել նրա փողոցներով և վայելել ամեն մի քայլը, ամեն մի շունչը: Այնպես է անում, որ ուզում ես հիշել ամեն մի ծառը, քարը, կողքով անցնող ամեն մեկի հայացքը:

Երբ ամառը վերջանում է, այնպես եմ կարոտում այդ երեկոները…