aneta baghdasaryan

Երեկ ամեն ինչ վերջացավ

Սովորական մի շաբաթ օր էր, առավոտյան ժամը ութն անց կես, կամ էլ արդեն ինն էր։ Դեռ մինչև վերջ չարթնացած, պատերին քսվելով ու կահույքից բռնվելով, նա հասավ խոհանոց, միացրեց թեյնիկն ու գնաց կողքի սենյակ։ Բոլորը դեռ քնած էին, իսկ ով էլ քնած չէր, վաղուց գնացել էր տանից։ Նստեց սեղանի մոտ ու դեռ կիսափակ աչքերով նայեց թղթերի կույտին, որոնք երկու շաբաթ է, ինչ կուտակվում են գրասեղանի անկյունում։

Չէ, խաբում եմ, սովորական շաբաթ չէր։ Սովորական չէր, որովհետև սեղանի մոտ նստածին այդ երեք հարազատ դեմքերն արդեն նայում էին ոչ թե համակարգչի էկրանից, այլ շրջանակի ապակու տակից։ Նրանք նման չէին երեկվա նույն երեքին, որոնք բաժանել էին համակարգչի էկրանը երեք ոչ հավասար մասի՝ պարբերաբար մեկով պակասելով ու ավելանալով։ Թեյնիկն ուժեղ ձայնով անջատվեց, կարծես թե ցանկանում էր ամեն ձևով արթնացնել նոր արթնացած, բայց արդեն հոգնածին։ Դեռ երկար էր եռման ջրով լի թեյնիկը միայնակ սպասելու խոհանոցում, քանի որ մի քանի րոպե առաջ թեյ խմել ցանկացողը գլուխը դրել էր սեղանին և տեղից բարձրանալու ցանկություն չուներ։

Շաբաթը իրոք սովորական չէր․ նկարում նրանց մեջ ավելի շատ կյանք կար, քան երեկ համակարգչով խոսելիս, և, ընդհանրապես, վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Միայն չորրորդն էր, որ չէր փոխվել՝ գլուխն ափի մեջ դրած, հայացքն ու մտքերը Աստված գիտի՝ որտեղ։ Նկարի փոշին սրբեց ու տեղը դնելուց հետո մի կերպ տեղից բարձրացավ ու գնաց խոհանոց։ Արդեն ոչ բավականաչափ տաք թեյ, թխվածքաբլիթ և կրկին սեղան ու նկար։

-Ի՞նչ ես տենց նայում, դու էլ չես հավատո՞ւմ, որ երեկ վերջինն էր։ Տես, իսկ երրորդը հավատում ա ու շատ էլ ուրախ ա։ Ի՞նչ, չորրո՞րդը, ինքը միշտ ա էդպես, ուշադրություն մի դարձրու։

Դեռ երեկ՝ այս նույն ժամին, նրանցից երկուսը միացրին վիդեոչաթն ու սկսեցին աննպատակ կարդալ առաջին չորս հարցը, հույս ունենալով, որ դրանք վերջին անգամ են կարդում։ Վերջին անգամ էր նայում արցունքներից լղոզված տառերով այդ հարցաշարին, ինչից հետո գնաց թեյ խմելու։ Իսկ հիմա թեյն արդեն սառել էր, թխվածքաբլիթն էլ առանց թեյ էլ չէր ուտվի։

Նկարից էլի չորրորդը նույն դեմքով նայեց նրան, կարծես թե ասում էր․

-Ի՞նչ ես նստել, ոչ մեկը քեզ համար թեյ չի բերելու։ Չնայած ինչի՞ եմ էս ասում․ անիմաստ ա ամեն ինչ, միևնույն ա, չես գնալու։

-Գնում եմ, գնում, էլի սկսեց մուննաթը։

-Ես լինեի քո տեղը, չէի գնա, – ասաց երրորդը,- հանգիստ նստի տեղդ ու ոչ մի բան մի արա, մեկ ա պրծել ենք։

Երրորդը ճիշտ էր, բայց նա դեռ ցանկանում էր թեյ խմել։ Նորից գնաց խոհանոց ու միացրեց թեյնիկը՝ այս անգամ մնալով այնտեղ մինչև ջուրը չեռա։ Տաք թեյ խմելու հույսով հասավ սեղանին ու մեկ անուշադիր շարժումով հերթական անգամ գցեց շրջանակը՝ ինչպես միշտ դեմքով ներքև։

-Էլի դու զարմացա՞ծ ես։ Քեզ երբ գցեմ, միշտ այս նույն դեմքով ես։ Բայց այս անգամ ոնց որ շատ վախեցար, հա՞։ Կարևորը, ապակին չջարդվեց։

Նորից նայեց թղթերի կույտին, մոտիկ քաշեց ու սկսեց դասավորել ու առանձնացնել, ինչից հետո տեղավորեց դարակի մեջ, որ մոռանա, մինչև մի երրորդ կուրսեցի չհարցնի դրանց գոյության մասին։

Ամեն դեպքում դա սովորական շաբաթ օր էր, անսովոր էր միայն այն, որ այդ երեքին էլ համակարգչով չի տեսնի․ կտեսնի միայն նրանց նկարներն ու դրանց կողքը հայտնվող նախադասությունները կկարդա, երբ կվիճեն միասին հավաքվելու օրվա ընտրության մասին։ Կհիշի, որ էլ պետք չէ կարդալ ու հասկանալ այդքան պարզ, բայց միևնույն ժամանակ, բարդ թվացող առարկան, կուրախանա, որ արդեն ժամանակ կունենա գիրքն ավարտելու ու նորը սկսելու համար։ Կնայի դատարկ սեղանին դրված նկարին․

-Դե, երևի ճիշտ ես անում, որ ժպտում ես։ Երեկ ամեն ինչ վերջացավ։