Երեք օր Բյուրականի աստղադիտարանում

-Ալո, բարև ձեզ,Աննայի հետ ե՞մ խոսում:

-Այո, ես եմ, լսում եմ…

-Դուք «Իմ տիեզերքը» շարադրությունների մրցույթում հաղթել եք, 3 օր անցկացնելու եք Բյուրականի աստղադիտարանում:

Տիկին Գայանեն էր, իր մի զանգով երազանքս վերածեց իրականության: Ուրախությանս չափ չկար: Իրականում չէի էլ պատկերացնում, թե կհաղթեմ, բայց, ինչպես տեսաք, բախտն ինձ ստիպեց հավատալ երազանքների իրականացմանը: Սկսեցի պատրաստվել. պայուսակում մի կերպ տեղավորեցի իրերս ու մի փոքր քաղցրավենիք: Ընթացքում մտածում էի. «Տեսնես ընկերներս լավը կլինե՞ն»: Թերևս Բյուրականի ամենամեծ ձեռքբերումս եղան նրանք:
Հենց առաջին օրն էլ հիշարժան անցավ: Այնտեղ հասնելուց հետո Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հետաքրքիր դասախոսություն ունեցավ: Մնացած ժամանակը տրամադրեցին մեզ: Կեսգիշերն անց էր, բայց մենք շարունակում էինք անվե՜րջ զրուցել…
Հաջորդ օրվա տպավորություններն ավելի վառ էին: Այցելեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, այնքա՜ն հետաքրքիր էր, ամենուր զգացվում էր նրա շունչը: Այդ օրը բոլորս սպասում էինք մի կարևոր իրադարձության. երեկոյան աստղադիտում էր լինելու: «Տեսնես ի՞նչ տեսք ունեն աստղերը, մոլորակները, երբ նայում ես աստղադիտակով: Գուցե ավելի խոշո՞ր են, միգուցե ավելի պայծա՞ռ…»: Այս հարցերը խեղդելով մեր մեջ՝սրտատրոփ սպասում էինք 23:00-ին: Իսկ ժամերն էլ այնքա՜ն դանդաղ էին սահում: Միշտ էլ այդպես է, չէ՞, սպասելը հավասարազոր է լինում մահվան, ու ինչքան մոտենում էր ժամը, այնքան րոպեներն էին դանդաղում: Կարծես մեկը կանգնեցրել էր ժամանակը՝ զուտ մեր մեջ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար: Վերջիվերջո եկավ պահը. իրար հերթ չտալով՝ մոտենում էինք աստղադիտակին ու բերաններս զարմանքից լայն բաց արած հեռանում դրանից: Աննկարագրելի գեղեցիկ էր:
Վերջին օրը պակաս հետաքրքիր չանցավ: Տառերի պուրակ, Ամբերդ ամրոց, Սաղմոսավանք… Ճիշտ է, չկարողացա մինչև վերջ բարձրանալ 2300 մետր բարձրության վրա գտնվող Ամբերդ ամրոցը, բայց այն, որ այնտեղ եմ եղել, արդեն իսկ հպարտանալու տեղիք է տալիս:
Պի՛նդ պահեք ձեր երազանքները, դրանք իրականանալու սովորություն ունեն: