«Երկու հակադիր կարծիք օրվա թեմայով»

Լուսանկարը՝ Աննա Անդրեասյանի

Լուսանկարը՝ Աննա Անդրեասյանի

Երեկ մեր կայքում այս վերտառությամբ հրապարակված բանավեճին արձագանքում են նաև փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում սովորող 17-ի թղթակիցները: Նրանք մասնակցել են տոնակատարությանը և, կարելի է ասել, Հելոուինի տոնի մասին պատմում են ականատեսի աչքերով

Տոնի քաղցրահամ հուշերը

Երեկ ամբողջ Հայաստանում (ինչու չէ նաև ամբողջ աշխարհում) քննարկվում էր Հելոուինի հարցը: Նայում էի ֆեյսբուքում ծավալված գաղափարական պատերազմին ու մտածում՝ «Ախր, որ ասեմ իմաստ կա, չէ, էլի: Երկու սահմանափակ ծայրահեղականների բախում ա ընդամենը»:

Սկզբից բացատրեմ Հելոուինի բուն նպատակն ու խորհուրդը: «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվում է 16-րդ դարում ու թարգմանաբար նշանակում է՝ «բոլոր սրբերի երեկո»: Տոնի ամենակարևոր դետալները քաղցրավենիքներն ու դդումներն են: Լուսատու դդումների պատրաստման ավանդույթն ունի  կելտական ծագում: Ըստ կելտերի՝ լուսավորված լապտերների միջոցով հոգիները գտնում էին մաքրագործման ուղին: Երեկ ազգակիցներիս շրջանում նկատեցի Հելոուինի վերաբերյալ տարբեր սխալ կարծիքներ ու մեկնաբանություններ: Խոսեմ նրանց մասին, որոնք տպավորվել են:

1.«Հելոուին» նշանակում է՝ «բարև, ձյուն»: Էդ տոնի մեջ ոչ մի վատ բան չկա, մարդիկ հագնում են սպիտակ հագուստ և ուրախանում ձյան առթիվ (Հը, ժպտո՞ւմ եք: Ես էլ եմ ժպտում):

2. Հելոուինը խաղ է, որի ժամանակ մարդիկ հագնում են սարսափելի հանդերձանքներ, որ վախեցնեն չար հոգիներին: (Ավելի զվարճալի՞ է, համաձայն եմ):

3. Բոլոր Հելոուին նշողները ջհուդ վհուկներ են: Վառել ա պետք էդ սատանիստներին: (Ըհ…էս մեկն էդքան էլ ծիծաղելի չէր…)

Ասելիքս այն էր, որ տոնին կողմ կամ դեմ արտահայտվողների մեծամասնությունը գաղափար չունի բուն տոնից:

Իսկ հիմա ձեզ կտանեմ Ուիլլոուբենդ փողոց, ու միասին կքայլենք Հելոուինյան շնչով լցված թաղամասով:

Նախ, Հելոուինն ունի չգրված օրենքներ: Առաջին՝ թակել միայն այն տների դուռը, որոնց շքամուտքի լույսը վառ է: Վառ լույսը նշանակում է, որ տվյալ տան բնակիչները նշում են Հելոուին ու ձեզ տալու կոնֆետ ունեն: Երկրորդ՝ կոնֆետի կարող են գնալ մինչև 15 տարեկանները: Կոնֆետ հավաքելու ավանդույթը երեխաների համար է:

Մութն ընկնելուն պես վառում ենք դդումների մոմերը, միացնում շքամուտքի լույսը, կոնֆետներով լցված թասը դնում դռան մոտ ու պատրաստվում անվերջ զանգերին: Լսվում է դռան առաջին զանգը: Բացում ենք դուռը, արքայադստեր հագուստով, խուճուճ մազերով մի աղջնակ կանգնած է դռան առաջ: Մի բուռ կոնֆետ եմ հանում, տալիս աղջնակին, գրկում ու ճանապարհում: Երկրորդ զանգի ժամանակ դռան առաջ հավաքվում են մի խումբ երեխեք: Առաջին աղջիկը, համեմատաբար ավելի մեծ, մոտենում է կոնֆետ վերցնելու: Մազերի մեջ մազերի փաթաթաններ (բիգուձիներ), դեմքին դիմակ, հագին՝ խալաթ ու հողաթափեր: Աղջիկն արագ վերցնում է կոնֆետներն ու առաջնորդում իր շքախումբը դեպի հաջորդ տուն: Շարքի վերջինը պիցայի հագուստով, կոնֆետներից փայլող մեծ բարի աչուկներով, բարակ ձայնով տղա է:

-Բարև Ձեզ, քանի՞ հատ վերցնեմ:

-Լրիվ, ջան, լրիվ վերցրու:

Տղան կոնֆետները լցնում է տոպրակն ու հետևում խալաթով տանտիրուհու դերի մեջ մտած առաջնորդին:

Որոշ ժամանակ անց որոշում ենք ինքներս գնալ “trick or treating”-ի: Քայլում ենք փողոցով: Մոտենում ենք առաջին տանը: Տան դիմաց նստած է հաշմանդամի սայլակով մի տարեց տղամարդ: Երևում է, որ դժվարությամբ է շարժվում, բայց ամեն մոտեցող երեխայի համար իր ձեռքով մի լավ բուռ կոնֆետ է հանում ու լցնում տոպրակի մեջ: Եո մոտենում եմ նրան: Գրպանիցս մի հայկական կոպեկ եմ հանում:

-Որ ինձ հիշեք,- ասում եմ ես ու կոպեկը դնում նրա ձեռքերի մեջ:

Շարունակում ենք քայլել: Մոտենում ենք հաջորդ տանը:

-Թույլ տվեք հարցնել, օրիորդ: Էս ձեր ո՞ր տարիքն ա կոնֆետի գնալու:

Ու ինչպես միշտ, ես իմ լավագույն արդարացումով եմ պատասխանում:

-Ես փոխանակման աշակերտ եմ, առաջին անգամ եմ էստեղ:

-Էդ ուրիշ բա՜ն,- ծիծաղելով ասում է տղամարդն ու երկրորդ անգամ մի մեծ բուռ կոնֆետ լցնում տոպրակս:

Որոշ ընտանիքներ հավաքվում են բակում իրենց հարևանությամբ ապրողների հետ, խարույկ վառում, ու շուրջը նստած բաժանում կոնֆետները:

Մեկ ժամ հետո մի մեծ տոպրակ կոնֆետներով հետ ենք գալիս:

Գիշերվա 10-ին անջատվում են լույսերը: Բոլորը վերադառնում են տուն:

Եվա Խեչոյան

***

Խորամանկությո՞ւն, թե՞ հյուրասիրություն 

Հայաստանում ապրելով ու մեծանալով երբեք հնարավորություն չեմ ունեցել Հելոուին տոնը նշելու, իսկ ինչ կարծիքներ էլ որ լսել եմ տոնի մասին շատ բացասական են եղել։ Կարծիքները հիմնականում այսպիսինն են եղել, որ Հելոուինը սատանայական տոն է, և այն նշելը հարիր չէ քրիստոնյաներին։

Լուսանկարը՝ Աննա Անդրեասյանի

ԱՄՆ-ում առնչվելով այս տոնի հետ և նշելով այն, միայն դրական տպավորություն ու լիցքեր եմ ստացել։ Այնքան ջերմություն, ժպիտներ, ուրախ ու հաճելի պահեր կան այս տոնի հետ կապված, որոնք միշտ իմ հիշողության մեջ կմնան։  Այն մարդիկ, ովքեր թյուր կարծիք են կազմել այս տոնի մասին, նախ, կխնդրեի, որ մի քանի րոպե տրամադրեն իրենց ժամանակից և կարդան, թե ինչ է իրենից ներկայացնում Հելոուինը։

Իսկ հիմա ուզում եմ մի քիչ պատմել Հելոուինի ամենահետաքրքիր անվանդույթներից մեկի՝ Trick or treat-ի մասին։ Trick or treat թարգմանաբար նշանակում է՝ խորամանկությո՞ւն, թե՞ հյուրասիրություն։ Զգեստավորված երեխաները այցելում են տնից տուն և կոնֆետներ խնդրում, հարցնելով.

-Խորամանկությո՞ւն, թե՞ հյուրասիրություն։

Ես էլ որոշեցի փորձել, չէ՞ որ դժվար էլ այդպիսի հնարավորություն ունենայի։ Հավատացեք, որ սա իսկապես շատ հետաքրքիր, ուրախ ու հաճելի սովորություն է, մանավանդ, երբ դա փոքրերի հետ ես անում։

-Թըխկ, թըխկ։

-Օ՜, ինչպիսի գեղեցիկ հանդերձանք։

-Խորամանկությո՞ւն, թե՞ հյուրասիրություն։

Քաղցրավենիքը արդեն պայուսակի մեջ է, իսկ լայն ժպիտը բոլորիս դեմքին։

-Շնորհակալությու՜ն։ Ուրախ Հելոուին։

-Ուրախ Հելոուին։ Հաջորդ տարի կտեսնվենք։

-Ափսո՜ս, հաջորդ տարի էլ այստեղ չեմ լինի։ Սա իմ առաջին ու վերջին trick or treat -ն էր։

Հ. Գ. Կարևորը հիմա շա՜տ քաղցրավենիք ունեմ։

Սոնա Զաքարյան

***

Թե ինչպես ես դու այն ընդունում

Հելոուինը շատ սպասված տոն է այստեղ, հատկապես երեխաների համար։ Նրանք անհամբերությամբ սպասում են այս տոնին։ Տոնից դեռ շաբաթներ առաջ բոլոր խանութներում կարող ես տեսնել տարատեսակ իրեր Հելոուինի հետ կապված։ Ամեն տեղ սկսում են զարդարել տոնին համահունչ դեկորատիվ իրերով։ Հա, մոռացա ասել, որ Հելոուինից առաջ բոլորը դդումներ են փորագրում ու դնում տան դիմաց։

Շատերը կազմակերպում են խնջույք տոնին նախորդող հանգստյան օրերին և ընդունում տարբեր կերպարներ։ Իսկ Հելոուինին նախորդող երեկոյան բոլոր երեխաները տարբեր կերպարների պես հագնված գնում են տնից տուն, ինչ որ կատակ ասում և ստանում են իրենց կոնֆետը։ Այն ընտանիքները, որոնք Հելոուինին կոնֆետներ են տալու երեխաներին, վառում են բակի լույսերը, որպեսզի երեխաները իմանան, թե ուր գնան։ Տոնը հարուստ է շոկոլադով ու բոլոր տեսակի այլ կոնֆետներով։

Այնպես որ Հելոուինը, որ այդքան բանավեճերի առիթ է տալիս, իրանակում ուրախ տոն է։ Դա կախված է նրանից, թե ինչպես ես այն ընդունում։

Աննա Անդրեասյան