hayk qalantaryan

ԵՐԿՐԻ ԱՓԻ ՄԵՋ. ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ, ՄԱՍ 2

Երբևէ այնքան անմիտ ու ինքնավստահ չէի եղել, քան այն օրը, երբ սկսեցի իմ 2 ամիս պլանավորած ճամփորդությունը (Դանիա-Շվեդիա-Նորվեգիա)՝ ունենալով ընդամենը 1 տոմս՝ Ցվիկաու քաղաքից դեպի Դրեզդենի գնացքի կայարան: Մինչ օրս զարմանում եմ, թե ոնց էինք համարձակվել երկշաբաթյա ուղևորության համար, որը ներառում էր Ցվիկաու-Դրեզդեն-Կոպենհագեն-Մալմո -Ստոկհոլմ-Նարվիկ-Ցվիկաու ուղղությունները, չունենալ մնալու տեղի որևէ ամրագրում, իսկ տոմսերից ունենալ միայն  դեպի Դրեզդենինը:

Ինչևէ, ես փայլուն աչքերով էի, գարունը նոր էր սկսվում. դե, նոր էի Հայաստանից տեղափոխվել, ու շորերիս վրայից դեռ չէին մաքրվել գյուղի՝ փետրվարը մարտ ամիս հիշեցնող օրերից դեռևս ինձ մնացած հազիվ նշմարվող կանաչի հոտը, իսկ միտքը, որ ես մեկնում եմ Սկանդինավներ, ինձ հիշեցնում էին այն օրերը, երբ դպրոցում կանգնում էի դասարանի անկյունում, իսկ աշխարհագրության դասատուն ցույց էր տալիս քարտեզից տարբեր կետեր, ու ես պետք է կռահեի, իսկ վերջում հարցնում էր՝ հը՞ն, հիմա ո՞ր երկիրն ես քո ամենասիրելին դարձրել:

Ինչ խոսք, շատ անհավատարիմ ու դավաճան աշակերտ էի, ամիսը մեկ մի նոր երկիր էի շատ ուսումնասիրում ու որոշում, որ ես սիրահարվել եմ (ինչ տխմարն էի, գոնե էդ տարիներին Վալենտինը կտոնեի, էլի):

Ինչևէ, ժամանակն էր երբեմնի սերերիս այցելելու:

Էլի մի ամբողջ գիշեր քնեցի ֆլիքսբասում: Մի անհայտ ծագման էակ որոշել էր, որ գիշերվա 3-ին տհաճ հոտով ուտելիքներ ուտելը լավ գաղափար է, իսկ քնելիս ինձ վրա գլուխը հենելը՝ կատարելությանը հասնելու միակ ուղին:

Ուղևորությունը պահի տակ ընդհատվեց, ինչ-որ փակ տարածք էինք մտել, որից մի 3 ժամ քնած մարդը հազիվ էլ թե գլուխ հաներ: Իջանք բասից ու սկսեցինք բարձրանալ տարօրինակ աստիճաններով: Պարզվեց, մտել էինք նավ ու 2 ժամ Բալթիկ ծովի վրա պետք է անցկացնեինք: Ես աղոտ հիշում էի, որ երբևէ չեմ դավանել հեթանոսություն, բայց չգիտես ինչու` մի 10 րոպե մտքումս գոռում էի.  «Աստվածնե՜ր, ինչի պետք ա նավերից վախեցողին ասեին, որ ինքը 2 ժամ պետք ա մնա բաց ծովում»:

Վերջապես երևաց դանիական դրոշը, ու ես Դանիայում էի, էն լեգոների երկրում, որի անունը ինձ հանդիպած բոլոր գրքերում մարկերով ընդգծել էի, որի թաց կանաչը ինձ աշխարհագրության գրքերի հոտն էր հիշեցնում, որի մայրաքաղաքում ես ինձ զգում էի ոչ թե ձուկը ջրում, այլ հենց ջուրը՝ որպես օվկիանոս:

Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի

Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի

Էդքան քաղցր ու ժպիտով ազգ դեռ չէի տեսել, անընդհատ ժպտում էին, ցանկացած հարցով օգնում, ստիպում էին,որ սիրահարվես…

Կոպենհագենում ես առաջին անգամ կորա: Տարօրինակ ցանկություն էր միշտ մեջս առաջանում.  մի կողմ դնել քարտեզը և ուղղակի սրտիս թելադրածով քայլել, մի երկու հատ կրուասան առնել ու գնալ առաջին իսկ պատահած կամուրջի վրա նստել ու ամեն անցորդի մասին փորձել կարծիք կազմել՝ ելնելով դիմագծերից:

Էդ կամրջին նստած էի, երբ մի աշտարակ նկատեցի հեռուներում ու որոշեցի, որ պետք  բարձրանամ ու էդտեղից քաղաքը վայելեմ: Խարխուլ փողոցներով մեկ ժամ տևած ճանապարհից հետո, մի կղզուց մյուսը չհասկանալով անցնելուց հետո, վերջապես հասա նպատակակետիս:

Բայց նորից  հիշեցի, որ ես անմիտի մեկն եմ: Ախր, ո՞վ էր տեսել Եվրոպայում երեկոյան ժամը 6-ին բաց եկեղեցի, քիչ չի, մի հատ էլ կողքի աշտարակը բարձրանալու հնարավորություն: Շատ էի նեղվել, երևի թե անգիտակցաբար մի քանի անգամ նույն ճանապարհով անիմաստ քայլեցի ու վերջապես գլուխս վեր բարձրացրի:

Մթնում էր, ու  ես չգիտեի, թե քաղաքի որ մասում եմ: Ինձնից գոհ հանեցի հեռախոսս, որ հասկանամ, թե ուր եմ գնում, ու 10%… Ես նորից  հիշեցի, որ հեթանոս չեմ եղել երբևէ, բայց «աստվածներ» ասելուց հետո, քարացած կանգնել էի անհայտության եզրին, և ունակ էի էնքան բարձր գոռալու, որ Կոպենհագենի կենտրոնից հասկանան, որ օգնության կարիք ունեմ:

Միակ բանը, որը կարողացա ինքս ինձ հասկանալ, դա այն էր, որ ես քաղաքի արևմուտքում եմ, ու պետք է քայլել, շատ արագ քայլել: Բարեբախտաբար ճիշտ էի գնում, անընդհատ զգում էի, որ մոտենում եմ կենտրոնին: Ինձ մոտ էդ բնազդը միշտ ուժեղ էր, քաղաքների կենտրոնները աչքերս փակ էլ զգում էի, թե որ ուղղությամբ կլինեն: Ու հենց էդ զգալու գաղափարը, ու էն, որ ես 2 ժամ նավով ծովում եմ եղել ու հաղթահարել եմ վախս, ինձ ուղղակի տանում էին առաջ: Վերջապես մի զույգ տեսա, բարի-բարի հարցերիս պատասխանեցին, ու պարզվեց, որ ես էդ անտեր հյուրատան անունը սխալ եմ հիշում: Էդ կրկնակի շոկ էր, որ ես քաղաքի կենտրոն հասնելուց հետո էլ նույնիսկ չգիտեի, թե ուր գնալ:

Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի

Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի

Անընդհատ մի կղզուց մյուսն էի անցնում, հետ էի նայում, ժպտում, հասկանում, որ ես իրոք ադրենալին եմ ստանում էս ամենից, հիշում, որ ի վերջո, հենց էս է ինձ մեծացնելու, ու էդպես մեծանալով, բայց փոքրացող քայլերով գնում էի առաջ: Չերկարացնեմ, ի վերջո երեկոյան ուշ գտա իմ մնալու տեղը, ես երջանիկ էի ու… Ոչ թե նրա համար, որ ես գտա, այլ նա համար, որ ես անցա էդ ճամփով: “The Mountain between us” ֆիլմն էր մտքիս, թե ոնց էին անհայտ լեռներում երկու անծանոթ մարդ դեգերում՝ վայելելով էդ լեռների անտանելի սիրունությունը ու վերջում գտնում ճիշտ ճանապարհը:

Իսկապես, ես խելառ ու հիմար էի: Բայց քանի՞ անգամ ենք մենք հիշում էն օրերը, երբ մենք «նորմալ» էինք:

Բայց ես զգացի Կոպենհագենը: Էդ քաղաքը քեզ պետք է կուլ տա, որ դու ներսից տեսնես իր բարությունը, պետք է էդ քաղաքում շենքերին չնայես, պետք է էդ շենքերի մեջ քո պատկերը գտնես ու  նայես, որ քեզ հասկանաս: Պետք է դուրս գաս քեզանից, որ դատարկվես, որ մաքուր քաղաքի մարդասեր ժպիտները դատարկությունդ լցնեն, իսկ դու քեզ վերադառնաս միայն  կեսիդ չափով, բայց էն կեսիդ, որը ամեն դժվարությունից առաջացած մաղձը դուրս է նետել բաց օվկիանոսի մեջ, ու հիշես, որ էդ քաղաքում դու քեզ չէիր էլ զգում ջուրը՝ որպես օվկիանոս, այլ ջուրը՝ որպես քո մտքերի մաքրման միջոց:

Իմ հուշերի մեջ շատ բան դաջեց էդ քաղաքը: Ես երբևէ էդքան իրականությանը առերեսված չկայի: Ես վախի նոպայով ինձ հետ էի պահել մի բանից, որը կոչել եմ կոպենհագենյան իրականություն: Ես գտել էի վերջապես էն կետը, որը միշտ քարտեզի վրա հեռվից հեռու գտնում էի: Ես գտել էի, որ էդ քարտեզի առաջ եթե ես կանգնեի մի քանի տարի ու հպարտանայի, որ ակնթարթում գտնում եմ իմ ուզած երկրները, ես առաջ չէի գնա, այլ միայն կբոյովանայի, իսկ էդ կետին հասնելու համար մի հասարակ քայլ էր պետք: Դրա համար էլ մինչ օրս ցանկացած նոր քաղաքում լինելիս իմ ամենաառաջին նպատակն է՝ քայլել այդ քաղաքում նվազագույնը 30 կիլոմետր մեկ օրվա ընթացքում:

Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի

Լուսանկարը` Հայկ Քալանթարյանի

Սկզբից ուզում էի ամբողջ ճամփորդության ընթացքը գրել, բայց հետո հասկացա, որ մտքերս թաքնված քարանձավից դուրս եկան, ես էլ  անթաքույց կերպով ապրած օրերս գրչով թղթին հանձնեցի, որ էդ քարանձավը ինչքան էլ փակվի, տարիներ հետո թղթերը մի ակնթարթում բացեն:

Ես հասկացա, որ մտքերս շատ են, իսկ շարունակությունը՝ չգիտեմ էլ երբ, բայց օրերից մի օր կգրեմ: