Երջանիկ ես այնտեղ, որտեղ ծնվել ես

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի

Հիմա չեմ փորձի համոզել, որ մեր գյուղը բոլորից առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր անձնավորություն յուրահատուկ է համարում իր ծննդավայրը: Հենց այդ անձնավորություններից մեկն էլ ես եմ: Ես այնքան բան ունեմ ասելու իմ գյուղի մասին, որոնք առանձնահատկություն եմ համարում: Իմ գյուղը` Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրը, առանձնահատուկ է ամեն ինչով: Որպես առաջին առանձնահատկություն նշեմ, որ մենք շատ մոտ ենք թշնամուն: Առաջին պահից ձեզ իմ գրածը արտասովոր չթվաց, որովհետև բոլորն են ասում այդ մասին և բոլորն են շոշափում այդ թեման: Երևի կան մարդիկ, ովքեր ասում են. «Հա՜, ի՞նչ կա որ, համարյա բոլոր գյուղերն էլ սահմանին մոտ են, բոլորի վրա էլ կրակում են»: Ճիշտ է, դա այդպես է, բոլոր գյուղերի վրա էլ կրակում են, բոլորն էլ սահմանամերձ են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում երեկոյան պատրաստվել քնելու և հանկարծ վեր թռչելով, արագ հագնվել, որպեսզի գնալ հարևանի տուն՝ ապահով տեղում գտնվելու համար: Դեռ կրակոցներից շատ բան կարելի է պատմել, բայց կենտրոնանամ ուրիշ յուրահատկությունների վրա, որոնք ավելի մեծ երջանկություն են ներշնչում:
Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի


Սկսեմ նրանից, որ մեր գյուղում են ծնվել շատ տաղանդավոր և նշանավոր մարդիկ, որոնք այլևս այստեղ չեն ապրում: Դրանցից մեկը Արսեն Գալստյանն է՝ օլիմպիական չեմպիոն: Ներկայումս գյուղում կա 5 խմբակ՝ ֆուտբոլի, բասկետբոլի, նկարչության, ռոբոտաշինության: Վերջինս նոր է սկսել գործել: Ամենաերկար ուղին ունի ֆուտբոլը: Ֆուտբոլիստ երեխաները մինչ օրս ունեցել են բազմաթիվ հաղթանակներ, ավելի ճիշտ, չեն ունեցել պարտություն: Ինչ-ինչ պատճառներով մեծահասակների խմբակը այլևս չի գործում (15-17 տ.), բայց նրանց փոխարեն պարապում է նոր սերունդը (10-13 տ.), որոնք ի դեպ, նույնպես մեծ հաջողությունների են հասել: Ուզում եմ նշել, որ գյուղի համարյա բոլորը` թե՛ աղջիկները, թե՛ տղաները գտնվում են լավ մարզավիճակում և միշտ պատրաստ են մասնակցելու տարբեր մրցույթների: Նկարչականը և բասկետբոլը նույնպես հետ չեն մնում ֆուտբոլից: Ես նույնպես մեծ հետաքրքրությամբ ու սիրով հաճախում եմ նկարչական և բասկետբոլի խմբակի: Ռոբոտաշինության մասին ներկա պահին բան չունեմ ասելու, որովհետև այն նոր է սկսել գործել, և երեխաները նոր են սկսել ծանոթանալ ծրագրերին և տեխնիկային: Անցնեմ ամենակարևոր և գեղեցիկ առանձնահատկություններին՝ գյուղի բնությանը և այդ բնության մեջ անցնող կյանքին: Ուրիշների մոտ գուցե առօրյան կախված է եղանակից, բայց մեր գյուղում եղանակը չի կարող մարդկանց շեղել ամենօրյա գործերից:
Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի


Իսկ բնության մասին խոսելն ինձ թվում է, ավելորդ է: Տավշո բնությունը միշտ էլ առանձնացել է իր գրավչությամբ: Տարվա ամեն եղանակին այն առանձնահատուկ գեղեցիկ է: Ներքին Կարմիրաղբյուրը նույնպես աչքի է ընկնում իր կախարդող բնությամբ: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է յուրովի: Նույնիսկ կիսախարխուլ տների և չորացած ծառերի համադրությունն է գեղեցիկ լինում: Ահա իմ բառերով փորձեցի նկարագրել գյուղիս առանձնահատկությունները, բայց կարծում եմ, որ մեծանալուն համընթաց կկարողանամ ավելի խորը տեսնել և բացահայտել դրանք:
Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի

Լուսանկարը՝ Տատյանա Ղուկասյանի