Զալցբուրգ. Media moving forward. օր 2

Քաղաք՝ ամպերի մեջ

Ես բացում եմ աչքերս ու առաջինը նայում առաստաղին. սպիտակ է, նկարս էլ չկա, այսինքն՝ տանը չեմ: Կրկնում եմ այս նախադասությունը մի քանի անգամ, ինքս ինձ հիշեցնում բոլոր նրանց, ովքեր գալիս են մտքիս՝ տուն բառն ասելիս, և նրանց, ովքեր հենց տունն են, որ կան, կրկնում եմ, երբ հանկարծ միանում է անծանոթ մի երաժշտություն, ու ես հասկանում եմ՝ դա ինձ հետ ապրող բելառուս աղջկա զարթուցիչն է:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Ժամը ութն է՝ վեր կենալու ժամանակը:

Երկրորդը, որ անում եմ, երկինք նայելն է: Առհասարակ, երկինքը միակ տեղն է, ուր ես երբեք չեմ հոգնի նայել: Զալցբուրգի երկինքը մեծ հաշվով նույնն է, ինչ մերը: Իսկ գուցե ամեն տեղ է նույնը…

«Ամպամած է, անձրև կգա հաստատ»,- մտածում եմ ինձուինձ ու քայլում դեպի պատշգամբ, երբ անձրևի երկու կաթիլ ընկնում է երեսիս: Նախաճաշ՝ անձրևի տակ. հավես է, չէ՞:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Այսօր երկրորդ օրն էր Զալցբուրգի. քաղաք, որ ինձ Վանաձորն է հիշեցնում, քաղաք՝ սարերի ու ամպերի մեջ: Եվ հակառակ սրան՝ անչափ արևոտ ու անսահման պայծառ մարդիկ:

Այդ մարդկանցից մեկն էլ Մարտինն է: Նա ողջունում է մեզ և ներկայացնում Youth Press-ը, խոսում մեր ծրագրի, մասնակից երկրների մասին: Հետո մենք բաժանվում ենք խմբերի և քննարկում խոսքի և մամուլի ազատությունը տարբեր երկրներում: Հետաքրքիր է, որ մի հետազոտության համաձայն՝ հարյուր ութսուն երկրներից Հայաստանը ութսուներորդն է: Այս ցուցանիշը պիտի որ փոխվի շուտով, չէ՞:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Ապա քննարկում ենք ավանդական տեխնոլոգիաներից անցումը թվայինի. մի բան, որ կատարվում է հիմա, հենց այս պահին և կատարվում է ողջ աշխարհում: Արդյունքում, անգամ համացանցն է միտված մնալու ավանդականների կողքին: Իսկ այ, թերթերը… Մեկ այլ հետազոտության համաձայն՝ տպագիր մամուլը նախընտրում է երիտասարդների ընդամենը հինգ տոկոսը, որոնց շնորհիվ էլ վերջինս չի մահանում, և լավ է, որ այդ հինգ տոկոսից մեկն էլ դու ես… Այո, ես սիրում եմ թերթն ավելի, քան ռադիոն, և շատ ավելի, քան հեռուստատեսությունը, գուցե որովհետև սիրում եմ այն, ինչ հնարավոր է շոշափել ու զգալ կամ գուցե սիրո համար ամենևին էլ պետք չէ պատճառներ փնտրել…

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Մինչ ես մտածում եմ այս մասին, գալիս է ժամը ընթրիքի: Մենք գնում ենք քաղաքի կենտրոն՝ ընթրելու և հանդիպելու այն ծրագրավորողներին, որոնք վաղը պիտի ներկայացնեն մեզ իրենց նախագծած հեռախոսային ծրագրերը:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Իսկ մինչ ա՞յդ… Մինչ այդ մենք ունենք մի քանի ժամ՝ շրջելու այս խաղաղ քաղաքի խաղաղ փողոցներով ու սիրով նայելու բոլոր նրանց, ովքեր անառիթ ժպտում են մեզ ամենաանկեղծ բարևով: