Էլի գարուն կգա

Աշունն իմ սիրած եղանակն էր, մինչև հոկտեմբերի 6-ին Երևանի ամայացած փողոցները 3 ժամ ոտքի տակ տալը:

Անձրևի տակ միայնակ քայլելն այս աշխարհում իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է, բայց այս տարի քայլելիս 3 ժամ շարունակ, սիրտս ճմլվում ու անվերջ թվացող անձրևի պես քամվում էր։ Մտածում էի. «Դիրքերում հիմա թրջվում ու մրսում են»։
Ու կոկորդիս կանգնած հիստերիկ գունդն ինձ 3 ժամ հանգիստ չտվեց, հետո ևս մի քանի օր, հիմա արդեն մի ամիս է, ինչ չի նահանջում…

Աշունը համարում էի հոգուս եղանակը, բայց հիմա հասկանում եմ, որ նո՜ր-նոր է իսկապե՛ս դառնում։ Ուղղակի այս անգամ տերևների փոխարեն տղե՛րքն են ընկնում՝ դեռ դեղնականաչ, դեռ կարգին չգունավորված:

Ես երբեք այսքան աշուն չէի ցանկացել։ Ոռնացող քամիներից դողացող ճյուղից պոկված մեկը, երկուսը, երեքը… Հերի’ք են, տեղ չկա՛ էլ թափվելու։ Բաց տեղ չկա, որ ոտքս դնեմ ու շարունակեմ քայլել։
Կոշիկներս ջուր էին քաշում։

Հերթական ճպճպան քայլն անելիս մտածում էի, թե ո՞նց ենք ոտքներս դնելու անվերջ թրջված այս հողին։ Երանի կոշիկնե՛րս միշտ թաց լինեին։
Ո՞նց ենք քայլելու անվերջություն ու ևս մեկով ավել թափված մերոնց ամենագունավոր կյանքերի կողքին էլ չէ՝ հենց վրայով, ու անցնելու։ Ու ո՞նց ենք կարմիրով օծված հողի վրա ուղղակի դնելու ոտքերը մեր ու հերթով գնալու` չիմանալով, թե ինչպե՞ս առաջ նայենք, եթե հայացքն անընդհատ ներքև ու վերև է անում՝ անվերջ փնտրելով…

«Լօֆթ»-ում զարմացան, որ առավոտյան 12-ին ինչ-որ մեկը ներս մտավ։
Ոտքերս լրիվ ջուր էին եղել։
Հասկացա, որ աշնանային կոշիկ գնելու ժամանակն է: Հետո մտածեցի, որ ունե՜մ, էլի, կոշիկներ: Գումարն էլ հիմնադրամին կփոխանցեմ, մի բանով կօգնեմ։
Ու ինձ հազիվ «ինչ-որ մեկ» զգալով՝ բացեցի գիրքս։ Միջից մի չորացած տերև ընկավ: Չգիտեմ, թե որքան ժամանակ ու քանի անգամ՝ մտքումս  նոր գիրք գրելով, կարդացի նույն տողը: Ափսոս, իմը հակաուտոպիա չէր…

«Ու հիմա ինչ-որ մեկը խնամքով իր գրքի ամենասիրելի էջին դնում է իրեն հանդիպած ամենաեզակի ու ամենահարազատ տերևը: Դնում է, որ միշտ մնա նույն տեղում, հանկարծ չչորանա ու փշրվի, հանկարծ չկորչի, հանկարծ չխունանա։ Որ պահի միշտ իր կողքին։ Որ քնելուց մտքով վերընթերցի նույն էջը, թեյ խմելիս կուլ տա տառ առ տառ, իսկ ինչ-որ լավ բանի հասնելիս՝ հիշի, թե որ տողի շնորհիվ է հասել, ու գունավոր մարկերով ընդգծի, որ միշտ տեսնի։ Որ միշտ հիշի։ Որ… Չմոռանա…»

Տաքսիով պետք է տուն գնայի, տրանսպորտը չէր աշխատում։ Բոլորն Արցախ էին գնացել։ Դրսում տաքսի տեսա ու էլ Յանդեքս-մանդեքս չկանչեցի։ Տաքսու վարորդը մոտ 400 դրամ նորմայից ավել գումար ուզեց։ Խոսե՛լս էլ չեկավ։ Գումարն առանց ափին դիպչելու շպրտեցի, մեքենայի դուռն էլ կոտրելով փակեցի ու մտա տուն՝ ամեն ինչը մեջս սեղմելով, որ հանկարծ տանեցիների վրա չթափվի։

Լուսամուտը բացեցի, որ շնչեմ սառն օդն ու հանգստանամ։ Արցունքից աղավաղվեց մեր բակի աշունը։

Ես ոչի՛նչ էլ չեմ տեսել։ Ես միայն կարողացա մի քիչ զգալ, միայն պատկերացնել, որ մի՝ ամենավառ ու գրքի մեջ պահելու համար չծլած տերևներով ծառ, այս աշնուն մերկացավ։

Բայց…

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Ու ես էլի կսիրեմ աշունը…

Երևի…