margarita khazaryan verjin

Էլ աշակերտ չեմ լինի

Վերջին դաս, վերջին ղողանջներ, երգ ու պար, արցունք ու ժպիտ, մանկության վառ հուշեր ու բացված մի նոր դուռ՝ «երիտասարդություն» անունը կրող:

Երբ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց, այնքան էլ չէի գիտակցում, թե ուր եմ գնում և ինչ եմ անելու: Ասում էի՝ գնում եմ սովորելու և մեծ մարդ դառնալու համար: 2009 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ոտք դրեցինք մեր դպրոց, որը հետագայում երկրորդ տուն էր դառնալու մեզ համար, մանկության երազանքների օրրան: Մեր դասվարի՝ ընկեր Ղումաշյանի շնորհիվ դարձանք գրաճանաչ, որը մեր կյանքի առաջին մեծ ձեռբերումն էր:

Անհոգ էինք  և երջանիկ… Պատկերացում էլ չունեի, որ մի օր այդ հեքիաթը կավարտվի: Կողքիս ընկերներ կային, այն խենթ ու խելառները, որոնց հետ խաղացել եմ, ուրախացել, տխրել, վիճել, նեղացել ու հաշտվել: Եվ  արդեն իմ այդ ընկերներից, իմ հարազատ դպրոցից բաժանվելու ժամանակը եկավ: Որքա՞ն եմ սպասել իմ վերջին զանգին, երազել այդ օրվա մասին, բայց երբ քիչ-քիչ մոտեցավ այդ օրը, հասկացա, որ զուր էր և՛ իմ,  և՛ ընկերներիս շտապելը:

Նոր կյանք ենք մտնում, ավելի պատասխանատու կյանք, որտեղ արդեն բաժանված են լինելու մեր ճանապարհները: Տասներկու տարի շարունակ ապրել ենք մեկս մյուսով, թև ու թիկունք եղել իրար համար: Կարևոր էլ չէ, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ուներ, եթե մեզնից մեկը օգնության կարիք ունենար, անկասկած բոլորս էլ կօգնեինք: Հաճախ ենք վիճել, նեղացկոտ լինելուս պատճառով երբեմն որոշել եմ այլևս չխոսել երեխաներից որևէ մեկի հետ, բայց եթե այն տևեր ժամից ավելի, ապա պետք էր զարմանալ: Միշտ նեղացել եմ, ասել, որ չխոսեն ինձ հետ, հետո ինքս մոռացել կատարվածը ու ինձ պահել այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Վերջին տարում սկսեցի ավելի կարևորել ունեցածս և ուղղակի վայելել ամեն մի օրը, ամեն մի ժամը: Գիտակցում էի, որ դրանք պահեր են, որոնք հետո, որքան էլ փորձենք, չեն կրկնվի:

Ասում են՝ մարդիկ մեզ հետ են այնքան ժամանակ, քանի դեռ հիշում ենք նրանց: Իմ սիրելի՛ դասընկերներ, հավատացնում եմ, եթե նույնիսկ ցանկանամ, կյանքում ձեզ մոռանալ չեմ կարող: Գուցե շատ հազվադեպ հանդիպենք, բայց ցանկանում եմ, որ մեր հանդիպումների ժամանակ միշտ ձեր մեջ իմ նախկին ճանաչած հարազատներին տեսնեմ, տեսնեմ միշտ երջանիկ և հաջողակ: Հիմա խոստովանում եմ, որ դուք նույնիսկ ավելին եք ինձ համար, քան կարող եք պատկերացնել: Առանց արյունակցական կապի՝ դուք իմ հարազատներն եք, մարդիկ, որոնց ես իսկապես շատ եմ սիրում, և միայն վերջին զանգին իմ մեջ ուժ գտա խոստովանելու, որ բոլորդ ինձ համար կարևոր եք: Այս տարիների ընթացքում հնարավորինս  ճանաչեցինք իրար, կապվեցինք միմյանց՝ անգամ ինքներս չհասկանալով, թե ինչպես: Ուրախ եմ, շատ երջանիկ, որ ինձ բախտ է վիճակվել հենց ձեզ պես դասընկերներ ունենալ: Այո՛, մենք անասելի տարբեր ենք մեկս մյուսից, և միշտ դա է եղել միմյանց չհասկանալու պատճառը, բայց այդ տարբերությունները ընկերության մեջ խոչընդոտ չեն կարող հանդիսանալ: Եվ երբ վերջին դասից հետո դուրս եկա դպրոցից, հասկացա, որ ինձ հետ նոր կյանք եմ տանում միայն լավ ու դրական հուշերը:

Չեմ կարող չասել, որ դպրոցի հետ մեզ կապողը առաջին հերթին մեր դասղեկն էր՝ ընկեր Գալստյանը, ում նվիրվածությունն ու հոգատարությունը չափ ու սահմաններ չեն ունեցել, ում ի սկզբանե շատ եմ սիրել, և  բոլորին միշտ ասել, որ դպրոցն ավարտելուց հետո ամենից շատ հենց նրան եմ կարոտելու:

Վերջ, այլևս իմ հարազատ կրթօջախում աշակերտ չեմ լինելու, ամեն օր այդ հարազատ դեմքերը տեսնելու հնարավորություն չեմ ունենալու: Գուցե հենց այստեղ է ավարտվում մանկությունը…

Իմ լավ, իմ բարի ուսուցիչներ, տնօրեն, դասվար և դասղեկ, սրտանց ասում եմ, որ բոլորիդ էլ  սիրում ու գնահատում եմ, երախտապարտ եմ բոլորիդ: Շնորհակալություն ձեր նվիրվածության, սիրո և ուշադրության համար, դուք լավագույնն եք: Բառերը չեն բավարարում, որ ձեզ մեծարեմ, գոնե մի փոքր հատուցեմ ձեր այսքան տարիների աշխատանքի, տնօրեն, ուսուցիչներ լինելուց բացի ավագ ընկերներ, վստահելի խորհրդատուներ լինելու համար:

Վերջին զանգիս երազանքն իրականացավ վերջին դասի տեսքով, բայց եղավ ավելին, քան երազել եմ, եղավ ամենագեղեցիկն ու հեքիաթայինը, ամենատարբերվողը: Վերջին դասով փակեցինք մեր դպրոցական կյանքի դուռը, և մեր քայլերն այսուհետ դպրոցի փոխարեն ուրիշ ճանապարհներով են գնալու: Կարոտելու եմ, արդեն իսկ կարոտում եմ, բայց այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

Մնաք բարով…