Էկոդպրոց

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Սովորական աշխատաքային օր էր, ամեն մեկը իր գործին՝ երեխաները դասի, մեծահասակները` աշխատանքի, ամեն ինչ ընթանում էր իր հունով մինչ այն պահը, երբ դասարան մտան երկու անծանոթ աղջիկ: Մի պահ խառնաշփոթ տիրեց, բայց ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ այդ աղջիկները հայտնեցին, որ մոտակա երեք օրերին  դասարանի աշակերտների մի մասը մասնակցելու է «Էկոդպրոց» ծրագրին: Աշակերտներն այդքան էլ լավ չհասկացան, թե ինչի մասին են խոսում այդ երկու աղջիկները, բայց մեծ ուրախությամբ ընդունեցին լուրը: Նրանք 13-14 տարեկան երեխաներ էին, կային նաև 15-16 տարեկաններ:

Իսկ այդ երկու աղջիկները ես և քույրս էինք: Կազմակերպել էինք բնապահպանական դպրոց, քանի որ քաջ տեղյակ էինք մեր շրջապատի բնապահպանական խնդիրներին, և այն ամենը, ինչը մեզ հուզում էր, կարող էինք փոխանցել նաև երեխաներին: Սա լավագույն տարբերակը կլիներ նրանց բնապահպանական մշակույթով փոխանցելու:
Առաջին օրը նրանք մեծ հետաքրքրությամբ լսում էին այն, ինչ հաղորդում էինք իրենց, խոսնակներ էինք հրավիրել հատուկ երեխաների համար: Սա մեծ բավականություն էր պարգևում բոլորիս՝ ես տեսնում էի նրանց հետաքրքրված աչքերը, տեսնում էի` ինչքան ուրախ են, որ մասնակցում են ծրագրին:

Օրվա ընթացքում խաղեր էինք խաղում, հետաքրքիր փաստեր սովորում թե՛ բնության, թե՛ աղբի մասին: Անկեղծ ասած, ինձ համար ամենահետաքրքիր և սպասված պահը կարծիքները կարդալու պահն էր: Նրանք ամեն օր դասընթացի վերջում կարծիքներ էին գրում այդ օրվա մասին: Իսկ այ, երեխանների համար ոգևորիչ էին մրցույթները: Հաճելի էր տեսնել, թե ինչպես են պայքարում իրենց հաղթանակի համար, սակայն միևնույն ժամանակ, օգնում ընկերոջը:

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Երկրորդ օրը գնացինք աղբահավաքության: Սկզբից խոսեցինք աղբի մասին, հետո խմբերի բաժանվեցինք և գնացինք աղբահավաքության, բավականին հագեցած օր ունեցանք: Վերջում քայլարշավ կազմակերպեցինք, հետո նորից մրցույթ:
Եկավ երրորդ օրը, այսպես ասած, հրաժեշտի օրը: Ընդհանուր քննարկում արեցինք, զրուցեցինք, խաղեր խաղացինք և հրաժեշտ տվեցինք երեխաններին:
Հաճելի զգացողություն է, որ դու կարողացար այդ երեք օրվա ընթացքում երեխաներին փոխանցել կարևոր գիտելիքներ, անմոռանալի պահեր (դե, ասում եմ անմոռանալի, որովհետև սա նրանց առաջին ծրագիրն էր, որին երբևէ մասնակցել էին):

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Լուսանկարը` Մերի Մուրադյանի

Ուրախ եմ, որ կարողացանք մեր փոքր ներդրումն ունենալ նրանց կրթության մեջ: Եվ այս ամենը ևս մեկ անգամ համոզեց մեզ, որ ծրագիրը դարձնենք շարունակական և ընդգրկենք մեծ թվով մասնակիցների: