emma miqayelyan-2

Էտալոնային Կոտայք

Երբ ասում են՝ բարեփոխվելու է ամեն ինչ, ինչպես միշտ մտածում ես, որ դու վերջինն ես լինելու ու վերջինն ես տեսնելու բարեփոխումները։ Բայց, ի զարմանս ինձ ու երևի շատերի, Կոտայքում բարեփոխումները չեն ուշանում։

Մարզպետի հետ հանդիպման ժամանակ երիտասարդ հրազդանցիները մեր նորանշանակ մարզպետին հարցրին, թե ի՞նչն է առաջինը ցանկանում փոխել Հրազդանում, նա պատասխանեց.

-Ես հրազդանցիներին բնակչից դարձնելու եմ քաղաքացի։

Ինչքան մեծ ու պատասխանատու գործ է, չէ՞։ Շատերը իրենց նույնիսկ հրազդանաբնակ չեն համարում, քանի որ արտագնա աշխատանքի են գնում։

Հանդիպման ժամանակ պարոն Պետրոսյանին բողոքում էին Հրազդանի անմխիթար վիճակից՝ տրանսպորտը 7-ից հետո չի աշխատում, շենքերի տանիքները անմխիթար վիճակում են, «քաղաքային այգու» միայն ցուցանակը կա, այգին անմշակ է, գիշերային ակումբները տնամերձ են: Պարոն մարզպետն ուղղակի լսում էր։ Մարդիկ վերջացրին, ու նա ասաց.

-Մի՛ ասեք՝ ինչ չունենք, ասեք՝ ինչպես անենք, ունենանք։ Ա՛յ ժողովուրդ, մի՛ բողոքեք, ես ամեն խնդրի լավ տեղյակ եմ, դուք ասեք՝ ինչպես մեր մարզը դարձնենք զբոսաշրջության կենտրոն, ինչպես դարձնենք էտալոնային մարզ։ Մեր առաջին խնդիրն է՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մշակույթ։

Ու սկսվեց առաջարկների տեղատարափ՝ վթարային շենքը վերանորոգենք, դարձնենք կինոթատրոն, քաղաքային այգին գնանք բոլորով մաքրենք, մանկապարտեզները ջեռուցենք, մեծ էկրան դնենք այգում, շատրվաններ ավելացնենք Միկրոյում (թաղամաս Հրազդանում), գրքեր բերենք մարզպետարանի գրադարան, արվեստանոցներ բացենք։

-Ապրե՛ք, բա դրել ու բողոքում եք՝ թե էս չունենք, էն չունենք, միասին կունենանք։ Դե, ժողովուրդ ջան, կհանդիպենք այգին մաքրելու ժամանակ։

Ինչքան սիրով լցվեցին մարդիկ, ինչքան հույսով լցվեցին, որ բարեփոխումները իրենց դուռն էլ թակեցին։