Ընդամենը ձու և շաքար

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի-Հը՞, Ամա’յ, չպրծա՞ր,- ցավեցնում էինք Ամայի գլուխը` չհամբերելով, թե երբ է պատրաստ լինելու «գոգլին»: Եթե չգիտեք, թե ինչ է այն, ասեմ, որ ընդամենը հարած ձու և շաքար: Շա~տ պարզ է չէ՞ թվում: Բայց մեզ համար Ամայի` գոգլի պատրաստելը մի տոնախմբություն էր: Ամայը ձեռքով երկա՜ր-երկա՜ր հարում էր ձուն, իսկ մենք` յոթ թոռներս, նստում էինք նրա շուրջը ու րոպեն մեկ հարցնում.
-Հը՞, Ամա’յ, չպրծա՞ր…
Ու երբ գոգլին պատրաստ էր լինում, յոթ թոռներով, ամեն մեկս մի կտոր հաց բռնած, հերթ էինք կանգնում ու սպասում մեր հերթին, որ Ամայը մեր ձեռքի հացին մի քանի գդալ գոգլի քսի: Երբ մեզնից մի անկարգ հերթը խախտում էր, Ամայն ասում էր.
-Չարդ տանեմ, սպասի…
Մեր բաժին գոգլին ստանալուց հետո մենք ոչ թե ուտում, այլ խժռում էինք: Երբ վերջացնում էինք, Ամայը մտածում էր, մտածում ու ասում.
-Ակոս նվեզ ա (թուլակազմ), հիլ արեք` իրան մի հատ էլ տամ:
Ու երբ եղբայրս իր երկրորդ բաժինն էր ուտում, վեցով նայում էինք մեկ նրան, մեկ` Ամային: Ամայը, ով իր կյանքում միշտ էլ սիրել է հավասարությունը, մեզ էլ երկրորդ բաժինը տալիս ու հանգիստ սրտով նստում, հանգստանում:
Այս ամենը այսօրվա պես եմ հիշում: Հիմա էլ եմ շատ ուզում Ամայի պատրաստած գոգլուց ուտել, բայց Ամայը արդեն հասակն առել է, էլ ձեռքերում ուժ չկա: Հիմա ես եմ գոգլի պատրաստողը, ու երբեմն ինձ հետ այդ գործում մրցում է նախկին «նվեզ» Ակոն` Սարգիսը: Բայց մենք ոչ թե ձեռքով ենք հարում, այլ էլեկտրական հարիչով: Եվ ինչքան էլ չարչարվում ենք, մեկ է, չենք կարողանում Ամայի նման պատրաստել:
Ընդամենը ձու և շաքար…