hasmik givargizyan

Ընդմիջում

Օրը շաբաթ է, բայց դպրոց գնալու պատճառով մեջս ընդհանրապես ուժ չի մնացել: Գրքերս տարածված են անկողնուս ամբողջ մակերեսով. սիրում եմ անկողնուս վրա դաս անել, քանի որ ցանկացած պահի կարող եմ քնել ու չանհանգստանալ ինձ սպասող մեջքի և ուսի ցավերի մասին: Բացում եմ օրագիրս ու դասավորում երկուշաբթի օրվա գրքերը: Հերթով անցկացնում եմ աչքիս տակով, հասկանում՝ որ հեչ դաս սովորելու տրամադրություն չունեմ: Ամեն դեպքում գրավոր աշխատանքներն անում եմ ու թողնում միայն բանավորները՝ իհարկե, կիրակի օրվա համար: Վերցնում եմ հեռախոսս ու երաժշտություն միացնում, ճոճվելով տեղումս նստած՝ երաժշտության ռիթմին համընթաց:

-Հաս, ի՞նչ ես անում:

-Յանթամ դաս, բայց երգ եմ լսում:

Մայրս ծիծաղում է ու փակում դուռր: Մայրս գրեթե երբեք չի բարկանում ինձ վրա «ինքս ինձ համար» կազմակերպած արձակուրդի համար, քանի որ երբեմն առանց դրանց ուղղակի անհնար է: Բայց դրանից ես «երես չեմ առնում» ու աչքաթող անում դասերս, այլ ընդհակառակը՝ փոքրիկ ընդմիջումից հետո ավելի եռանդով եմ սկսում սովորել:

Վերցնում  եմ նոթատետրս ու այս բոլորը գրառում նրա մեջ, մտածելով, որ ինչ-որ մեկին հետաքրքիր կլինի: Լսում եմ երգը մինչև վերջ ու անցնում դասերիս, որ թողել էի կիրակի օրվա համար:

-Հաս, ի՞նչ ես անում:
-Դաս, մամ:

Ծիծաղի փոխարեն մայրիկիս դեմքին ժպիտ եմ նկատում: Նա փակում է դուռը ու հեռանում: Երևի երկու ժամ անցած կլիներ արդեն, զգում էի, որ ընդմիջման կարիք ունեմ, ու ինչպես միշտ, մայրիկս հայտնվեց ճիշտ տեղում ճիշտ ժամանակին:

-Հաս, չվերջացրեցի՞ր:

-Համարյա մամ, բան ա՞ պետք:

-Ուզում էի տորթ թխեի, ասեցի՝ կարող ա օգնես:

Երևի արդեն գուշակեցիք, թե ինչքան ուրախ էի այդ ամենը լսելով: Վեր թռա տեղիցս և ուղիղ խոհանոց: Մնացած դասերս այդպես էլ մնացին մինչև կիրակի, որովհետև երեկոյան դաս անելու փոխարեն ես ավելի լավ ժամանակ անցկացնելու ձև գիտեմ՝ դիտել սիրելի ֆիլմերը ընտանիքի հետ: