zara gevorgyan

Ընտանեկան տոնը սքայփով

Ում համար Նոր տարի, ում համար սովորական մի օր: Է՜, հիմա կմտածեք` դժգոհ մարդ եմ: Բոլորն այս գեղեցիկ տոնին ուրախանում են, իսկ ես կարծես աշխարհի «դարդերը» ուսերիս եմ վերցրել: Դե, աշխարհինը չէ, իմ սեփական «դարդերն» էլ են ինձ բավական:

Սկսեմ նրանից, որ այս տարի այդքան էլ ոգևորված չէի սպասում Ամանորին: Ամեն տարի նույնը, բոլորը կարծես դեկտեմբերից սկսում են պատրաստվել մինչև դեկտեմբերի 31-ը, որ մի քանի օր տևողությամբ սերիալ նկարահանեն, ու գլխավոր «հերոսն» էլ պարտադիր պիտի լինի խոզի բուդը, որի համար հայերը ամեն ինչի պատրաստ են՝ սկսած վարկերից ու տոկոսից:

Է՜, բայց, ժողովուրդ, անկեղծ ասած, այս ամենը ինձ անցած տարիներին այդքան էլ չէին հետաքրքրում, մինչև որ այս տարի մնացի մենակ, ու սկսեցի ամեն ինչին ուշադրություն դարձնել: Դե, մենակ նկատի ունեմ, որ իմ հասակակիցները՝ ինձ համար շատ հարազատ ու կարևոր մարդիկ, այս տարի ինձ հետ չէին: Էհ, էլ ի՞նչ Ամանոր առանց այն մարդկանց, ում հետ ամեն տարի նշում էիր այս տոնը, իսկ այս տարի պիտի սքայփով կամ վայբերով շնորհավորես:

Դե, մի խոսքով, Ամանորը Ամանոր չի առանց հարազատների: Բայց, ուզած-չուզած՝ եկել է Նոր տարին: