anush

Սևան մեդիա ճամբար. Թե ինչու այդ օրը բորշչ չկերանք

-Այ աղջի՛կ ջան, խելքի՛ արի, հերդ չի թողնի գնաս:

-Մա՛մ, դե վերջ, իբր ինձ կանչեցին` դուք էլ չեք թողնում գնամ, բայց, որ կանչեն է՜, հաստատ գնալու եմ:

-Էդ հեչ, դու, դու կգնաս:

Մայրս դուրս գնաց: Մի պահ հիասթափվեցի ու որոշեցի ոչինչ չգրել, բայց ընդամենը մի վայրկյան: Արագ մոտեցա գրասեղանիս ու սկսեցի նոր նյութս՝ «Եթե արևը հեռու է ու չի գալիս, ես կգնամ նրա մոտ՝ դանդաղ, բայց կգնամ»: Ինձ համար սա էր սկզբունքը: Մի քանի օր անընդմեջ նյութեր էի գրում՝ գիշերները ու առավոտյան, դպրոցի համակարգչից ուղարկում էի 17.am-ի խմբագրություն: Չեմ սիրում քնել, բայց օրական երկու ժամ քնում էի, որն ինձ համար դարձավ երազանք: Հինգշաբթի առավոտյան վեցն էր: Նոր էի մաքրագրել տեքստս, ձեռքերս դողում էին, աչքերս ցավում, գլուխս պտտվում էր իմ փոփոխված ռեժիմից: Հիշեցի, որ դասերս չեմ արել, ոչ էլ պարապմունքներս: Ծաղկաքաղ անելով իբր արեցի դասերս: Բարեբախտաբար, ինձ այդ օրը դաս չհարցրին, իսկ պարապմունքներս մի կերպ հասցրի: Արդեն ուշանում էի ու սկսեցի վազել, բայց ուղեղիս մեջ ճամբարն էր: Եթե ինձ կանչեին, է՜…

Այդ ընթացքում քիչ էր մնում ընկնեի: Հենց ոտքերիս մոտ, ճանապարհի մեջտեղում, մի կատվի ձագ՝ միայնակ, փոքրիկ, դողացող մարմնով: Չկարողացա թողնել այդտեղ, վերցրի ու հետը խոսելով տարա տուն, ու որովհետև ես նրան գտել էի ճամբարի մասին մտածելով՝ անվանեցի «Մանանա», բայց, որովհոտև շատ երկար էր, նրան կարճ «Մոնո» եմ անվանում: Ուշացա պարապմունքիցս, բայց ոչինչ, կարևորը նոր ընկեր կունենամ: Որքան էլ որ հոգնած էի, պետք էր գիշերը նյութ գրել՝ վաղվա համար: Հոգնած տուն մտա: Տանը միայն տատիկս էր, որ ցածրաձայն խոսում էր.

-Տոմատը գցե՞լ եմ, թե՞ չէ: (ինձ տեսնելով) Իյա, ա՛յ բալամ, քեզ ճամբար են ուղարկում:

Ես լսել էի իմ ամենասպասված լուրը, բայց, ինչպես բոլորը, սկզբում ես էլ չհավատացի:

-Տա՜տ, լավ է՜ ..

-Տո լուրջ եմ ասում, խեվա, իրոք ուղարկում են, մերդ էլ գնացել ա ընկերուհուդ տուն՝ իմանա, ինքն է՞լ ա գնալու, թե՞ չէ:

Ես ուրախությունից ո՛չ ճչացի, ո՛չ ցատկեցի, ուղղակի ամբողջ ուժով գրկեցի տատիկիս ու սկսեցի վալս պարել: Ինձ շուրջս ոչինչ չէր հուզում, նույնիսկ այն, որ իմ անփույթ շարժումներից տատիս սիրած բաժակը կոտրեցի, և ըստ տատիս օրենսգրքի, պետք է վեցը գնեի: Իմ և տատիս չստացված վալսը տևեց 30 վայրկյայն, որից հետո սենյակը լցվեց վառված սոխեռածի հոտով:

Տատս մի կերպ կարողացավ ազատվել ձեռքիցս, բայց արդեն գազօջախի վրա դրված բորշչը վառվել էր: Չհամարձակվեցի էլ տատիս կողքին մնալ. բա որ իր երկաթե շերեփով «վրեժ» լուծեր: Դուրս թռա ու վազեցի մորս մոտ: Իմ վազելու ընթացքում երևի ոտքերս գետնին էլ չէին կպչում: Շնչակտուր մտա ընկերուհուս տուն.

-Մա՛մ, երևի նոր կոշիկներ են պետք, իսկ պայուսակս ոչ մի բանի պետք չէ …

-Մի րոպե, շու՛նչ առ:

-Ես տատիկին կասեմ իր ոսկե ականջօղերը կտա. էնպես որ, փողը խնդիր չէ:

Մայրս իմ հանցավոր արտահայտության վրա ժպտաց: Հաջորդ օրը ամեն բան գնել էի, իհարկե առանց ականջօղերի «օգնության»: Ճամբար գալու օրը իմ կյանքի լեցուն օրերից էր: Ես հասկացա, որ իմ առաջին քայլն արված էր, բայց բազում քայլեր դեռ կան, իսկ ես չեմ վախենում: