artyom safaryan

Թե ինչու չի բարգավաճում մեր ֆուտբոլը

Գնացել էի, որ իմանամ, թե արդյոք հաղթե՞լ եմ իմ ու շտեմարանի անզիջում պայքարում: Կարճ ասած,  ուզում էի իմանալ` ընդունվե՞լ եմ, թե՞ ոչ: Եվ ահա, անցնում եմ գետնանցումով և, հանկարծ մտքերով տարված` նկատեցի տարօրինակ գրություն. «Save Armenian football»: Լավ է, որ փոխել էի ակնոցս, թե չէ բաց կթողնեի իմ սրտից բխող այդ հիասքանչ գրությունը: Եվ տեսնելով դա` ակամա մտածեցի, թե ինչո՞ւ է մեր ֆուտբոլը գտնվում նման ողբալի վիճակում: Կարծում եմ, որ պատճառը այն վերաբերմունքն է, որը կա ֆուտբոլի նկատմամբ մեր բարձր ատյանների մոտ: Թիմը, որը գտնվում էր հոյակապ մարզավիճակում և կարող էր խաղալ EURO 2012-ում, իրավունք չունի նման խայտառակ ձևով հանդես գալ հետագայում: 

Ես ուզում եմ համեմատել մեր երկիրը համաշխարհային ֆուտբոլային դարբնոց համարվող Եվրոպայի  հետ, որտեղ ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատում են ֆուտբոլի նախկին լեգենդներ: Իսկ մեր մոտ այդ ամենը վստահված է բանից բոլորովին անտեղյակ անձանց, որոնք իրենց սխալ և անմիտ որոշումներով վերացնում են առանց այդ էլ կարմիր գիրք ուղևորվող հայկական ֆուտբոլը, որը հասցրել է իր պատմության ընթացքում ունենալ բազմաթիվ փառահեղ դրվագներ: Հիշենք լեգենդար «Արարատ 73»-ը, որը կարողացավ դառնալ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, իսկ հաջորդ տարի Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում երևանյան հանդիպման ժամանակ կարողացավ հաղթել գործող չեմպիոն Բավարիային, սակայն, ցավոք, Մյունխենում մերոնք պարտվեցին 2:0 հաշվով, այդ պատճառով էլ երևանյան 1:0 հաշիվը չբավարարեց առաջ շարժվելու համար:

Եվ ահա հիմա, երբ մենք ունենք Եվրոպայի լավագույն փլեյմեյքերներից մեկին՝ Հենրիխ Մխիթարյանին, մենք պարտավոր ենք առավել ուշադիր լինել Ֆոտբոլի նկատմամբ:

Մոտենում է աշխարհի առաջնությունը և կադրային փոփոխությունները չէին խանգարի մեր ֆուտբոլին: Ուզում եմ, որ շատանան աշխատասեր ֆուտբոլիստները, որպեսզի ես էլ իմ թոռների մոտ գլուխ գովեմ, որ տեսել եմ մեր հավաքականի հրաշք սերնդի խաղը: