mariam barseghyan1

Թե ինչպես ընկա այս մտորումների գիրկը

Նկատե՞լ եք՝ ինչքան անիմաստ բաներ կան մեր կյանքում, ու ինչքան անիմաստ ծախսեր ենք մենք անում: Օրինակ` բոլոր առարկաների համար տետր գնելը: Կարո՞ղ ենք, չէ՞, համատեղել, բայց կան ուսուցիչներ, որ պարտադիր առանձին տետր են ուզում: Ու անիմաստ ծախսեր ոչ միայն մենք մեր ընտանիքներում ենք անում, այլ նաև մեր կառավարությունն է անում: Խոսքս գազի մասին չի, ժողովուրդ, այլ մեր ներքին, քաղաքային անիմաստ ծախսերի: Սկսեմ սկզբից…

Գնացել էի Երևան ու մի քանի շաբաթ Վանաձորի երեսը չէի տեսել: Միշտ, երբ երկար բացակայում եմ, քաղաքում ինչ-որ փոփոխություններ են լինում, օրինակ` նոր խանութ, ասֆալտապատած փոսեր, կամ էլ նոր առաջացած ավելի մեծ փոսեր: Մի խոսքով, այն, ինչ տեսա այս անգամ, շատ անսպասել էր: Հենց իմ թաղամասում` Դիմացում, Ունիվերսամի առջև, մեծ տառերով գրված էր թաղամասիս անունը: Բան չունեմ ասելու, լավ բան եք արել, բայց ախր, դրա իմա՞ստը: Մեր քաղաքում այնքան շատ ծախսելու տեղ կա, որ նման թիթիզությունների վրա գումար ծախսելը անիմաստ է: Մի որոշ ժամանակ անց էլ գնացի Բազում թաղամաս, ու նույն պատմությունն էլ այնտեղ էր: Դե բա հո Դիմացից հետ չէի՞ն մնալու: Սրա փոխարեն քաղաքում ավելի կարևոր խնդիրներ կարող էին լուծվել:

Մի հատ էլ անիմաստ բան կա: Կներեք, բայց էլի Դիմացից պետք է խոսեմ: Դե հիմա ի՞նչ անեմ, որ այստեղ եմ ապրում: Դիմացի այգում հեծանիվների համար հատուկ տեղ են հատկացրել, որ հեծանվորդները իրենց հեծանիվները կողպեքով ամրացնեն ու թողնեն այդտեղ: Էլի շատ լավ բան եք մտածել, հասկանում եմ, որ ուզում եք հեծանվորդների կուլտուրան զարգանա մեր քաղաքում: Բայց, նախ և առաջ, մեր քաղաքի հեծանվորդները այդքան շատ չեն, իսկ եղածներն էլ այդքան հարուստ չեն, որ իրենց միակ հեծանիվը համարձակվեն թողնել առանց հսկողության, այն էլ որտե՞ղ` Դիմացում:

Ու մի բան էլ պետք է ասեմ, չնայած նրան, որ այս թեման իմ կողմից շատ է շոշափվել: Դիմացի այգու վերևի փողոցում, մոտ մեկ շաբաթ առաջ սկսել էին փոսային նորոգումները, փոսերը կտրել էին, մնում էր միայն ասֆալտապատելը, բայց դեռ հույս չկա, որ այդ մի օրվա գործը մի օր կարվի: Մի խոսքով, Վանաձորում փաստորեն անիմաստ ծախս է նաև փոսային նորոգումը: Էլ ո՞ւր եք անում, սպասեք՝ ձյուն կգա ու բոլոր փոսերը կփակի: