seda harutynyan-2

Թե մեռնել ես ուզում` աչքերդ տուր կույրին…

Ես ուրախ անձնավորություն եմ, այո՛։ Ինչո՞ւ եմ ուրախ, որովհետև հասկանում եմ, որ կյանքը շատ կարճ է անիմաստ տխրելու համար։ Ժպտա, ժպիտ պարգևիր մյուսներին, հավատա լավին, մոռացիր չարը, վերջապես, սովորիր ապրել։ Ապրի՛ր։ 

Մտնում ենք համացանց ու նորությունները թերթելիս հանդիպում հիվանդ երեխաների, անհույս հաշմանդամների նկարների։ Ինքներդ եք տեսնում, թե ինչպես են մարդիկ վերջին հույսը դրել մեր օգնության վրա, և պայքարում գոնե մի քանի տարի ավել ապրելու համար։ Իսկ մե՞նք։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները երջանիկ լինելու համար, բայց ամեն օր մի փոքր բանից տխրում, ու սկսում ենք ատել կյանքը։ Ատել ամենաքաղցր բանը, ատել այն, ինչը մեզ տրված է վայելելու համար։
Մի ուրիշ օրինակ բերեմ։ Հաճախ ֆեյսբուքում տեսնում ենք բարետես արտաքինով 13-15 տարեկան աղջիկների, բայց մտնելով իրենց էջերը, միանգամից հիասթափվում տեսնելով «Մեռնել եմ ուզում», «Ինքը ինձ էլ չի սիրում, ու դրա համար ատում եմ կյանքը», «Ես դժբախտ եմ քո պատճառով», «Հոգնել եմ կյանքից» հղումները։ Համբերությո՜ւն։

15 տարեկան անչափահաս երեխա, ի՞նչ ես հասկանում դու կյանքից, որ ատում ես։ Կամ` ինչի՞ց ես հոգնել։ Թե մեռնել ես ուզում` աչքերդ տուր կույրին, ականջներդ` խուլին, լեզուդ` համրին։ Գոնե էդպես օգուտ տուր մարդկանց։ Ատել կարող է կյանքը միայն զավակ կորցրած մայրը։ Հիմա էլ կասեք` բոլորն էլ մահկանացու են, և դա պատճառ չէ կյանքը ատելու, բայց ըստ ինձ, ոչ մի ծնող չպետք է լացի իր ծնած զավակի գերեզմանի վրա։
Խոսքս ուղղում եմ երիտասարդությանը։ Սովորեք ապրել ու գնահատել կյանքը։ Կյանքի տված դառը և քաղցր պտուղները։ Կգա մի օր, կհասկանաք, որ էլ հետ չի գալու ուրախ ու անհոգ տարիները։ Մանուկ մնացեք հոգով, և միգուցե այդժամ սկսեք գնահատել ամենափոքր մանրուքները։ Սիրեք կյանքը, և երջանկությունը կլուսավորի ձեր սրտի ամենամռայլ անկյունները։