AnnaHovhannisyan

Թող գան մեր Հայաստան

Իմ ամենասովորական օրերից մեկն էր: Դասից գնացել էի պարապմունքի և տուն էի վերադարձել ուշ երեկոյան: Տանն ամեն մեկն զբաղված էր իր գործով, իսկ ես գրքերն ու տետրերը վերցրել, նստել էի սեղանի մոտ: Իբր դաս էի անում, բայց իրականում սավառնում էի իմ երազանքների աշխարհում: Մտքումս միայն ապագայում սպասվող ուսանողական ծրագրերն էին, որոնք տանում են արտերկիր, խոստանում փայլուն ապագա: «Ի՜նչ լավ կլինի. կգնամ, կսովորեմ ու հենց այնտեղ էլ կկառուցեմ իմ կյանքը: Հայաստանում ի՞նչ կա, որ…»,- մտածում էի ես:

Այդ պահին, երբ ես իրականությունից կտրված մտածում էի ապագայիս մասին, մայրս խոսում էր Ռուսաստանում բնակվող բարեկամների մասին: Ասում էր, որ շատ են կարոտել:

Ու հանկարծ լսվեց քրոջս բարձր ու զրնգուն ձայնը, որը կարծես արթնացրեց ինձ:

-Թող գան մեր Հայաստան,- բռունցքը վեր պահած բղավում էր նա:

Կարծես մի վայրկյանում կոտրվեց վարդագույն ակնոցս: Ես եմ Հայաստանիս ապագան, ո՞ւր եմ գնում: Թող նրանք գան մեր Հայաստան: