marine nikoghosyan

Ժենգյալով հաց՝ պատրաստված Կաքավասարում

Մենք ապրում ենք Արցախից շատ հեռու, բայց ունենք ղարաբաղցի հարսիկ: Մի օր որոշեցինք ժենգյալով հաց պատրաստել: Մեր գյուղում այդ բույսերից շատ քչերն են, որ աճում են: Բայց, եթե որոշել էինք, ուրեմն պետք է պատրաստեինք: Արցախից մեզ ուղարկել էին այդ բույսերից ամենակարևորը՝ կնձմնձուկը: Այս բառը ես այդպես էլ չկարողացա ճիշտ արտասանել:

Դե, պարզ էր, որ այդ մեկ բույսով ժենգյալով հաց չէինք կարողանա պատրաստել: Այդ իսկ պատճառով որոշեցինք այն Արցախի բույսերի փոխարեն պատրաստել Շիրակի բույսերով: Հավաքեցինք այն բույսերից, որոնք օգտագործում էինք առօրյայում՝ եղինջ (մեր բարբառով՝ ղըջի), սինձ, սոխուկ, և ամենատարօրինակ անուններով՝ չայիրչիրման և ճնճղպաշար:

Կաքավասարյան ժենգյալով հացը պատրաստ էր: Պարզ էր, որ արցախյանին չէր հասնի, բայց մեր տարբերակն էլ էր հետաքրքիր և շատ համեղ:

Համեցե՛ք Կաքավասար և համոզվե՛ք ինքներդ: