Taguhi Agasyan

Ժուկով-ժամանակովից մինչև Իսրայել

Այսօր իմ կյանքում շատ կարևոր օր է։ Ասում են` կարևոր օրերը պատահական են գալիս։ Այդպես է, որ կա։ Ես երեկ իմացա, որ իմ հայրենի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տանը տեղի է ունենալու հանդիպում ընթերցասերների ու պարոն Հովիկ Չարխչյանի միջև։ Անկեղծ ասած, նախկինում նրա գրքերի մասին լսել էի, բայց չէի մտածել հեղինակին հանդիպելու մասին։ Այսպես, մի քանի բան նրա մասին կարդալուց հետո և իհարկե Սևակի մասին զրուցելու մեծ ցանկությամբ, ես ու իմ բանասեր ընկերը ճանապարհ ընկանք դեպի մեր քաղաքի ամենագունեղ շենք։ Կարմրահեր այս շենքի ներսում հեզ հարսի պես թաքնված է Բյուրեղավանի համայնքային գրադարանը։ Այստեղ կան բազում գրքեր` դասական և ժամանակակից գրողների գլուխգործոցները։

Ճանապարհին ուժեղ քամի էր, հետո անձրև սկսվեց, բայց տաղանդաշատ գրողին բացահայտելու ցանկությունը ամեն ինչ մոռանալ տվեց։ Եվ ահա այդ տպավորիչ հանդիպման հույզերով եկել եմ կիսվելու ձեզ հետ։
Պարոն Չարխչյանը շատ անմիջական ու անկեղծ գրող է։ Նա հեղինակ է մի շարք գրքերի, որոնցից թերևս ամենաընթերցվածը «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» փաստագրական վեպն է։ Բնականաբար մեր զրույցը կիսատ կլիներ առանց Սուլամիթայի մասին խոսելու։ Հարցին, թե  նա հանդիպե՞լ է Սուլամիթային, գրողը պատասխանեց, որ Իսրայելում ապրող տիկնոջ հետ միայն հեռախոսազանգերի և նամակագրության միջոցով է կապ հաստատել և ի վերջո ձեռք բերել Սևակի և Սուլամիթայի արժեքավոր նամակները։
Արիստոտելի, Ռեմարկի, Սելինջերի ու շատ այլ հռչակավոր մարդկանց մասին խոսեց պարոն Չարխչյանը. իսկապես հաճույք էր նրան լսելը։ Նա մեզ պատգամեց լինել հետաքրքրասեր և հաճախ տալ «ինչու» հարցը։
-Երբ ասում ենք` ժուկով-ժամանակով, այդ բաղադրյալ բառի մեջ ի՞նչ է նշանակում ժուկովը,- ծիծաղկոտ հայացքով հարցրեց նա, ապա նկատելով մեր անորոշ հայացքը` շարունակեց։- Ժուկովը առասպելական ծերունի է, ով ժամանակն է խորհրդանշում։ Նրա ամեն ձեռքում մի կծիկ կա։ Երբ սև կծիկը վեր է բարձրացնում` մթնում է, իսկ երբ սպիտակ կծիկն է բարձրացնում` բացվում է լույսը։ Նման հարցեր հաճախ տալով ու փորձելով բացահայտել տարբեր երևույթների պատճառը, դուք ավելի կհարստանաք գիտելիքներով։

Հեղինակության մասին խոսելիս պարոն Չարխչյանը մտաբերեց Արիստոտելի մասին մի պատմություն, թե ինչպես նա պնդում էր, որ ճանճը չորս ոտք ունի, և միայն շատ դարեր անց մի մարդ  համարձակվեց ասել, որ իրականում ճանճը չորսի փոխարեն վեց ոտք ունի։ Ի վերջո պարոն Չարխչյանը նշեց, որ իր համար անկարևոր են փառքն ու հեղինակությունը ու սիրում է գրելու գործընթացը և հավելեց, որ եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքը լավ կատարենք, ամեն բան լավ կլինի, ու հայրենիքը կշենանա։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ։

Քանի դեռ հայ գրականությունը ունի Հովիկ Չարխչյանի նման գրողների, մենք հարատևելու ենք սերնդեսերունդ։ Թումանյանի հաջորդները նույնպես կարող են լուսավորել մեր կյանքը իրենց յուրահատուկ մտածողությամբ, պարզապես պետք է արժանի ձևով գնահատենք մեր բոլոր ժամանակների մեծերին։