serine harutyunyan

Ժպտացեք

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Մարդկանց ինչքան էլ երկար ժամանակ ճանաչես, միևնույն է, էլի չես ճանաչելու: Հա, ճիշտ եմ ասում, այս անգամ իրոք չեմ փիլիսոփայում: Դու պետք է մարդու համար լինես բարեկամ, ընկեր, թշնամի, հարևան, որ կարողանաս նրան լավ ճանաչել: Բայց միաժամանակ բոլորը լինել այդքան էլ հնարավոր չէ, չէ՞: Հըմ, համ էլ կասկածում եմ, որ գոնե այդ ձևով կստացվի մինչև վերջ ճանաչել: Ինչևէ, այդքան շատ մտահոգվելու կարիք չկա, մեկ է, ոչինչ էլ չի փոխվի, իզուր կտխրես: Ուզո՞ւմ ես քեզ լավ զգալ, ժպտալ և ուրախանալ, ուղղակի այնպես արա, որ երեխաներով շրջապատվես, որ մանկանաս: Դու չես էլ կարողանա ժամանակ գտնել տխրելու համար: Մեկը քեզ անընդհատ կասի. «Ինչի՞ ես տխուր», ու դու հանուն նրա ու նրա ժպիտի կժպտաս, մեկը քեզ համար կերգի, ու դու ուղղակի չես կարողանա չժպտալ, մյուսն էլ ձեռքիցդ բռնած այստեղ-այնտեղ կտանի, տիկնիկ կդնի ձեռքիդ ու կսկսի համոզել, որ քնեցնես տիկնիկին:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Դասարանով գնացել էինք մեր Կոթի գյուղի  մանկապարտեզ, նստել այն տեղը, որտեղ մեկ էլ 10 և ավելի տարի առաջ էինք նստել։ Ու տարիների ընթացքում ինչքա՜ն բան էր փոխվել: Մեր ննջասենյակն արդեն ճաշասենյակ է դարձել, ճաշասենյակը՝ ննջասենյակ, աստիճանների վրայի գորգը հանել էին (դա բոլորս նկատեցինք), կահույքն ու խաղալիքներն էլ արդեն ավելի լավն էին: Փոքրիկներն էլ ամեն տարի փոխվել են, ու հիմա էլ ուրիշներն են մեր տարիներ առաջվա տեղը զբաղեցնում:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Նրանք էլ են ուրիշ, բայց նրանցից մեկը մեր խմբից մեկի նման շատախոս է, մեկը՝ ամաչկոտ, մյուսը՝ պարտաճանաչ, մեկն էլ ամենաչարաճճին է: Ինքս էլ չգիտեմ, թե նրանցից որ մեկն է ինձ փոխարինում, որովհետև բացի մանկապարտեզ գնալուս առաջին օրից ու այդ օրը ամաչկոտ հայացքով դռան մոտ նստած լինելուցս ուրիշ բան չեմ էլ հիշում:

Հերթը հասնում է փոքրիկների ներկայանալուն, դաստիարակն էլ իր հերթին մի քանի բառով ներկայացնում է նրանց։ Նոնայի հասցեին մի շարք գովեստի խոսքեր լսելուց հետո Լինան կանգնում է, թե.
-Ընկե՛ր Նունե, կուզեք, չէ՞, բոլորը Նոնա լինեն:
Պարզվում է՝ ընկեր Նունեի սիրած արտահայտություններից մեկն է. «Երանի, թե բոլորդ Նոնայի նման խելոք ու պարտաճանաչ լինեք»։

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Եթե ուզում ես մարդուն մինչև վերջ ճանաչել, ասեմ, որ դժվար թե ստացվի: Մի էլ փորձիր, ուղղակի քեզ փոքրերով շրջապատիր: Նրանց մինչև վերջ ճանաչել պետք է որ ստացվի: Նրանց անկեղծությունից ու պարզությունից ուրիշ ոչ ոք չի կարող ունենալ: Լինան հենց զգում էր՝ մեկը չի ժպտում, ասում էր. «Մի՛ տխրեք»։ Հետո սկսում էր շատախոսել ու էլի մեզ ուրախացնել: Վերջում էլ ասում եմ.
-Ա՛յ շատախոս, ինչի՞ ես էդքան շատ խոսում:
Ասում է.
-Ես շատախոս չեմ, դու ես շատախոս:
-Հա, ես էլ եմ խոսել շատ սիրում:
Ինչքա՜ն արագ անցան տարիները: Հիշում եմ մանկապարտեզում անցկացրած ընդամենը առաջին հինգ րոպեները, իսկ հիմա արդեն դպրոցն ավարտելու ժամանակն է: Հիմա անընդհատ ինձ հարց եմ տալիս՝ ես Նոնայի նման խելո՞ք եմ եղել, թե՞ Լինայի նման շատախոս, ու ինչպես ինքն է ասում՝ չարաճճի: