Gayane Avagyan

Ի՞նչ է արդարությունը

Մարդիկ հաճախ են բողոքում անարդարություններից: Արդարություն բառը ամեն տեղ հոլովվում, գործածվում է: Երբեմն էլ այդ բառը իր իմաստը ուղղակի կորցնում է: Դու էլ լսած կլինես, որ բոլորը, երբ ուզում են ինչ-որ բանից բողոքել, ասում են` անարդար է: Սակայն, չեմ ցանկանում, որ այս բառին միայն քաղաքական տեսանկյունից նայես, այլ ավելի ընդհանուր, համակողմանի:

Իսկ ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է անարդարությունը: Արդյո՞ ք ամեն տեղ այս բառի գործածումը ճիշտ է: Ես միանշանակ չեմ կարող պատասխան գտնել այս հարցին, փոխարենը` կհիշեմ, թե արդարության-անարդարության մասին ինչ եմ լսել շրջապատի մարդկանցից և հետևությունները կթողնեմ ձեզ:

Մեկ էլ կտեսնես, երթուղայինում մի կին ասում է, որ անարդար է, ինչու ոչ ոք իրեն տեղ չի տալիս նստելու, իսկ նստած երիտասարդ տղայի մտքով, երևի, անցնում է` ինչն է անարդար, չէ որ նույն գումարն են իրենք վճարում: Ի՞նչ տարբերություն` ով է կանգնած, ով` նստած: Շուկայում էլ լսում ես` որքան անարդար է: Տե ՛ս, տոներ են մոտենում, իսկ գները, փոխանակ իջնելու, բարձրանում են: Վաճառողն էլ երևի մտքում մտածում է` ինչքան անարդար է կյանքը, ինքը աշխատի, այսքան բերք ու բարիք ստեղծի, այս ցրտին էլ մրսի դրսում, ու իր ապրանքը ոչ ոք չգնի, փոխարենը` սակարկել փորձի: Անարդար է, չէ ՞:

Դպրոցում էլ հաճախ մտածում էի, թե արդա ՞ ր է, որ ես չարչարվեմ, գրեմ- ջնջեմ ու իմ փոխարեն` կողքիս նստողը, արտագրելով, բարձր թվանշան ստանա և իր պատկերացմամբ էլ` դա հեչ անարդար չի լինի, որովհետև ինքը կարծում է, թե տաղանդ է արտագրելը:

Բարեկամուհիներիցս մեկն էլ ասում էր, որ մեծ քույր լինելը լավ չէ, քանի որ փոքրերը միշտ շահում են, և մեծերի համար անարդար է լինում, որովհետև, հենց քույրիկներն սկսում են վիճել, մեղավորը մեծն է լինում:

Հարևաններից էլ հաճախ կլսես, որ սպասում են` մի լավ դուռ բացվի իրենց համար, աշխատանք գտնեն, փող աշխատեն: Ու այս մտածող մարդը` ամբողջ օրը հեռուստացույցի առջև նստած է: Նա ամեն օր բոլորին կրկնում է, որ կյանքն անարդար է:

Ամեն մարդ արդարության մասին իր պատկերացումներն ունի, ու, որքան տարբեր են մարդիկ, այնքան էլ տարբեր է նրանց մտածելակերպը:

Մոռանում ենք, որ ամեն բան իր հերթափոխին է սպասում` ցերեկը` գիշերվան, ձմեռը` գարնանը, տարին հաջորդում է տարվան, օրերը հերթափոխում են իրար… Այս ամենը առանց իրար գոյությունն ունենալ չեն կարող: Այսպիսին է նաև արդարությունը, եթե չլիներ անարդարը, որտեղի՞ ց պատկերացում կկազմեինք արդարության մասին: