Ի՞նչ է լինելու մեզ հետ

Ես Բեգլարյան Դիանան եմ, 13 տարեկան, Իջևան քաղաքից։ Խնամվում եմ Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, սովորում եմ Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցում։ Փոխադրվել եմ 9-րդ դասարան։

Դիլիջանի հեքիաթային բնության մի անկյունում 1961թ. իր դռները բացեց N19 առողջարանային գիշերօթիկ դպրոցը: Կարճ ժամանակում այն դարձավ Հայաստանի ճանաչված գիշերօթիկներց մեկը: Այստեղ իրենց կրթությունն ու բուժումն են ստացել հանրապետության տարբեր մարզերի բազմաթիվ երեխաներ: Հետագայում գիշերօթիկ դպրոցը դարձավ հատուկ դպրոց, այնուհետև  2007 թվականից՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:
Ես այս հաստատություն եմ ընդունվել 3 տարեկանից։ Որոշ պայմաններից ելնելով՝  մայրս բացակայում էր, ուստի ես և մեծ քույրս հայտնվեցինք այստեղ։ Առաջին իսկ օրվանից մենք շրջապատվեցինք ջերմությամբ և հոգատարությամբ։ Ողջ անձնակազմը փոխարինեց իմ ընտանիքին և բարեկամներին։ Այստեղ ես խնամվում եմ մինչև օրս։ Հիմա մայրիկիս հետ մեր կապը ամուր է, արձակուրդներին տոնական օրերին ես գտնվում եմ մորս մոտ, ինքն էլ է այցելում հաստատություն։ Սակայն նա իր ստացած ցածր աշխատավարձով չի կարող ինձ վերադարձնել ընտանիք։ Ես երազում եմ սովորել Դիլիջանի պետական քոլեջում։

Օրերս Իջևանի սոցիալական ծառայության աշխատակիցները մայրիկիս զգուշացրել են, որ մեր հաստատությունը սեպտեմբերից այլևս չի գործելու, և առաջարկել են, որ ինձ տանեն խնամատար ընտանիք։ Բայց մեզ համար դա բացառվում է։ Ես շատ եմ սիրում այս հաստատությունը: Ավելի լավ է շատ խղճուկ ու աղքատ պայմաններում ապրեմ մորս հետ, եթե այն փակվի, քան ուրիշի ընտանիքում։ Մեր հաստատությունում խնամվում են մոտ 100 երեխա տարբեր մարզերից։ Նրանցից շատերը շատ ավելի վատ պայմաններում են ապրում՝  խիստ անապահով են, ծնողազուրկ, անտուն․․․
Մի՞թե մեր ճակատագիրն այսպես էլ ոչ մեկին չի անհանգստացնում, հաստատությունը կփակվի, և մենք կհայտնվենք փողոցում։ Շատերը կրթությունից դուրս կմնան։
Ես և հաստատության սաները մեծ հույսեր ենք կազմում նորանշանակ նախարար տիկին Մանե Թանդիլյանի հետ և խնդրում ենք  վերանայել նախորդ որոշումը։