Nane Eghiazaryan

Ի՞նչ է փոխվել

Արդեն ամռան առաջին օրերն են, Հայաստանի առաջին ամառը հեղափոխությունից հետո: Իսկ ի՞նչով է այն տարբերվում այլ ամառներից:

Մինչ հեղափոխությունը ես ցանկանում էի ընդունվել համալսարան ու ավարտելուց հետո մեկնել արտասահման՝ աշխատելու նպատակով: Ես նույնիսկ չէի ցանկանում պատկերացնել իմ ապագան երկրումս, որովհետև անձամբ եմ ականատես եղել, թե ինչպես են իրենց գործում լավագույնը հանդիսացող մարդիկ (հանրապետության մակարդակով) հրաժարվել արտերկիր գնալու հնարավորությունից, իսկ հիմա կա՛մ աշխատանք չունեն, կա՛մ էլ ապրում են չնչին աշխատավարձով:

Երբ հարցնում էին, թե ինչ եմ հասկանում հայրենիք ասելով, ինչ եմ զգում, երբ արտասանում եմ «Հայաստան» բառը, ես չգիտեի՝ ինչ պատասխանել: Ես միշտ հպարտացել եմ իմ ժողովրդի պատմությամբ ու անցյալով, բայց ես ապրում եմ ներկայով, ու այդ պահին ես ոչինչ չէի զգում այդ բառերը արտասանելիս: Հեղափոխությունը փոխեց ինձ, ու կարծում եմ ոչ միայն ինձ, այլ ինձ նման շատերին: Այժմ հայրենիք  բառը արտասանելիս ես ուժ եմ զգում, համառություն: Հայաստան ասելիս ոչ թե ինչ-որ փոքրիկ պետություն եմ պատկերացնում, այլ մի հզոր ազգ, հին, բայց միևնույն ժամանակ, երիտասարդ մի ժողովուրդ, որ գիտի՝ ինչ է ուզում, ու հասկանում է, որ լավ ապագա կերտելու համար բավական չէ միայն խոսել դրա մասին, որ իր ապագան իր ձեռքերում է և անում է ամեն ինչ՝ այն ավելի լավը դարձնելու համար:

Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես եղավ, որ տարեցների այդքան հուսահատեցնող խոսքեր լսող երիտասարդները որոշեցին ու ոտքի ելան:

Եթե մտածենք, ապա ազատատենչ ոգին պետք է, որ դպրոցից մեզ սովորեցնեն, բայց դպրոցների մեծ մասը աշակերտներին սովորեցրել է  «հանգիստ տեղը նստել»: Օրինակ բերեմ  հենց իմ քաղաքը՝ Ջերմուկը: Այստեղ ոչ ոք չէր հավատում հեղափոխության հաջողությանը, բայց իմ տարիքի դպրոցականները, հենց առաջին օրերից ցանկանում էին միանալ շարժմանը: Եթե լավ մտածենք, ապա կհասկանանք, որ այդ ազատատենչության, հավասարության գաղափարը մենք ստացել են ոչ ֆորմալ կրթության շնորհիվ: Եթե երիտասարդը գիտակցում է, որ իրենից է կախված իր ապագայի կայունությունը, իր պետության զարգացումը, հասկանում է, թե ինչ է նշանակում լինել պահանջատեր քաղաքացի, եթե երիտասարդը գիտի իր իրավունքները, և եթե նրան սովորեցնում են լինել պատասխանատու և իրավագիտակ քաղաքացի, ապա նա այդպիսին էլ մեծանում է: Այդ հատկանիշները մենք`երիտասարդներս, ձեռք ենք բերել տարբեր ՀԿ-ների շնորհիվ, որոնք անց են կացրել շատ սեմինարներ, հյուրընկալել են ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա մասնագետների, որոնք մեզ հետ կիսվել են իրենց գիտելիքներով: Այդպիսի կրթությունը իմ քաղաքում ապահովել է Երիտասարդական կենտրոնը, որը հնարավորություն  է տվել մայրաքաղաքից հեռու գտնվողներիս խոսել սեռերի հավասարության, տեխնոլոգիաների զարգացման, բնապահպանության և այլ կարևոր թեմաների շուրջ: Հենց նման կրթությունն է, որ երկրի բոլոր գյուղերում ու քաղաքներում գտնվող երիտասարդներին թույլ է տվել ավելի ազատ մտածելակերպ ունենալ, ձգտել ավելիին, եթե ինչ-որ բան չի ստացվում՝ չհուսահատվել ու շարժվել առաջ:

Երիտասարդությանը համախմբել են շատ ծրագրեր, որոնցից է նաև 17.am-ը, որտեղ մենք սովորել ենք ինքնաարտահայտվել, տեսնել մեր շրջապատում եղած խնդիրները, նաև՝ լավագույնը, բարձրաձայնել, վերլուծել: Այդպիսի ծրագրերն են հենց հիմք դարձել, որ մենք`երիտասարդներս, ցանկանանք  փոխել մեր ապագան`դարձնել այն ավելի լավը:

Հեղափոխության  շնորհիվ է, որ շատ մարդիկ, ովքեր ունեն երազանքներ, սկսեցին հավատալ դրանց իրագործմանը, հասկացան, որ եթե կա նպատակ, ապա պետք է ճանապարհ հարթեն դեպի իրենց նպատակը: Իսկ ճանապարհի սկզբին միայնակ լինելուց պետք չէ վախենալ, որովհետև մինչ մեր նպատակակետին հասնելը, մենք կհանդիպենք տարբեր մարդկանց, որոնցից շատերը կմիանան  մեզ մեր ճանապարհորդության ընթացքում:

Ի՞նչ է փոխվել այս ամառ:Ես ցանկանում եմ համալսարանն ավարտելուց հետո ոչ թե աշխատել արտերկրում, այլ արտերկում ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել ու դրանք ծառայեցնել իմ երկրի զարգացմանը: