Իմ ամենասիրելի մարդը

Հիշում եմ, երբ փոքր էի, իմ հայրական կողմի տատիկ-պապիկիս հետ էինք ապրում: Շատ էի սիրում նրանց երկուսին էլ, բայց հիմա իմ մեջ ավելի խոր հետք է թողել պապիկս, որին ես երբեք չեմ մոռանա: Նա մահացել է մոտ երկու տարի առաջ իննսուն տարեկան հասակում: Անունը Ռուբեն էր։ Հիշում եմ, պապիկս մեծ դժվարությամբ էր թողնում, որ բացակայեմ Ճամբարակից, միշտ ասում էր. 

-Չէ, մի գնա, մի թողեք՝ գնա երեխեն, ճանապարհին թուրքերը կկրակեն ավտոբուսին, մի թողեք՝ գնա։

Նրա մեջ դեռ ապրում էին թուրքերի հարձակումները։ Նա մասնակցել է Հայրենական պատերազմին ու միշտ ասում էր.

-Հիշում եմ, մտանք Բեռլին, մինչև Բեռլին հասել եմ։

Գիտե՞ք՝ ինչ հաճույքով էի լսում նրա պատմությունները, ցույց էր տալիս իր մեդալները և պատմում։ Հիշում եմ նաև՝ մենք երեք թոռնիկներ էինք, նա մեզ առանձնացնում էր բոլորից, մենք ունեինք յուրաքանչյուրս մեր բնավորությունը: Ամեն առավոտ արտասանում էինք, ես միշտ սկսում էի.

-Պապիկ, բարև, ո՞նց ես։ Ասե՞մ բանաստեղծությունս։

-Անուշ, դո՞ւ ես, լույս բարի, լավ եմ, լավ, հա, ասա, լսում եմ…

Հիշում եմ ժպիտը, ժպտում էր, և ես սկսում էի. «Դպրոցի ճամփան դժվար է, երկար…»: Հետո հեռացանք նրանցից, առանձին տանն էինք ապրում, բայց դա ինձ չէր խանգարում. ամեն առավոտ վազում էի պապիկիս տուն, մտնում նրա սենյակ, որպեսզի առաջինը ես բարի լույս ասեմ…

Անցան տարիներ… Մի օր էլ գնացի, ասացին, որ պապիկս հիվանդ է: Չէ, բայց ես զգում էի, որ նա ուղղակի հիվանդ չէ, նա թեկուզ անկողնային էր, բայց միշտ առույգ էր ինձ հետ…

Անցան օրեր, լսում էի թաքուն խոսակցություններ, որ նա մահանում է, բայց ես օրերս անցկացնում էի նրա մահճակալի կողքին: Մի օր արթնացա և կրկին գնացի: Սարսափելի էր այդ առավոտը. պապիկս ծայրահեղ վիճակում էր, գոռում էի.

-Չէ՜, չեմ ուզում, չեմ ուզում պապիկս մահանա, չէ՜…

Բոլորն ասում էին.

-Չէ, չի մահանա, ուղղակի հիվանդ է, էլի կառողջանա, շուտով բժիշկը կգա ու դեղեր կնշանակի…

Բայց ես հասկանում էի՝ ինչ է կատարվում…

Մոտ երեք օր լացով էին անցնում օրերս, չէի ուզում կորցնել նրան… Նա մահացավ… Ինձ համար սարսափելի էր այդ ամենը… Մահվանից հետո էլի բնազդաբար վազում էի նրա սենյակ, բացում դուռը և տեսնում դատարկ սենյակը: Պապիկս ինձ համար ամեն ինչ էր: Հա, մոռացա ասեմ, մահանալուց առաջ հորաքույրներիս ասաց.

-Անուշին լավ կնայեք, նա ձեր քույրն է, և ոչ թե եղբոր աղջիկ…

Տատիկս էլ ասում էր.

-Քո աղջիկներից մեկն է, լավ կնայենք…

Պապիկս ինձ համար ամեն ինչ էր…