Իմ առաջին ծանր բաժանումը

Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը…
Վարդգես Պետրոսյան

 

Անցյալ ամառն իմ կյանքի թերևս ամենածանր շրջանն էր, որովհետև մի շաբաթվա ընթացքում ես կորցրեցի միանգամից երկու ինձ շատ հարազատ մարդկանց:

Պապիկիս անունը Գառնիկ էր: Իմ մանկության ամենալավ հիշողությունները կապված են նրա հետ: Նա ինձ հաճախ էր դպրոց տանում, միասին գնում էինք անտառ՝ մոշ կամ մասուր հավաքելու: Մոտ յոթ տարի առաջ պապիկս հիվանդացավ և ընկավ անկողին: Այլևս չէր աշխատում, հազվադեպ էր տանից դուրս գալիս: Տատիկս խնամում էր նրան, խմեցնում անհրաժեշտ դեղերը, և պապիկս քիչ թե շատ ապրում էր, թեև շատ բան չէր հիշում և մեզ էլ դժվարությամբ էր ճանաչում: Ամռանը պապիկիս վիճակը ծանրացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց: Հիշում եմ նրա վերջին հայացքը, վերջին անգամը, երբ տեսա նրան: Հիշում եմ՝ միանգամից հասկացա, որ մոտ էր այն, ինչից ամենաշատն էի վախենում…Մի քանի օր հետո պապիկս մահացավ, և հօդս ցնդեցին բոլոր այն հույսերը, որ տալիս էին ինձ աննպատակ: Պապիկիս կորուստը առաջին ծանր բաժանումն էր իմ կյանքի, որ հիմա չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչպես կարողացա անցկացնել: Բայց ամեն ինչ դրանով չավարտվեց…

Պապիկիս առողջության վատթարացմանը զուգահեռ հիվանդացավ նաև իմ ամենասիրելի Լուսիկ տատիկը: Նա 89 տարեկան էր, բայց առողջ ու առույգ էր շատ շատերից: Վերջին տարիներին նա գյուղից տեղափոխվել էր մեզ մոտ՝ Երևան: Միշտ ոտքի վրա էր, սիրով զբաղեցնում էր իր փոքր ծոռնիկներին, ինձ էլ տեսնելուն պես ուրախացած ասում էր.

-Իմ Միլե՞նն ես, արի համբուրեմ, էն մի կուռն էլ, հը՞ն, ո՞նց ես:

Ես նստում էի նրա կողքին, երկար զրուցում հետը, ափիս մեջ էի առնում նրա կնճռոտ ձեռքերը և դրանց մեջ զգում էի տարիների ներկայությունը: Ամռանը, երբ տատիկս շատ հանկարծակի անկողին ընկավ, սկսեց լավ չսնվել, ուժասպառ եղավ, դարձավ լրիվ ուրիշ մարդ: Վերջին օրերին միայն ջուր էր խմում, շատ քիչ էր խոսում մեզ հետ, շարունակ քնում էր: Այդպես նա երկար չդիմացավ և մահացավ սովորական մի առավոտ՝ պապիկիս մահվանից ճիշտ 7 օր հետո:

Հիմա ինձ համար աննկարագրելի դժվար է հիշել և գրել այն ամենը, ինչ ես ապրեցի այդ օրերի ընթացքում: Կասեմ միայն, որ անչափ կարոտում եմ տատիկիս էլ, պապիկիս էլ, և դեռևս չեմ կարողանում ընտելանալ կյանքիս ամենածանր բաժանման հետ, որը ինձ ստիպեց էլ ավելի չսիրել ամառը և մեկընդմիշտ զգալ այն մարդկանց բացակայությունը, ովքեր անսահման թանկ են ինձ համար…