Haykush

Իմ գրադարակը

Մեր տան գողտրիկ մի անկյունում կա մեծ պահարան, որի մեջ իմ գրքերն են: Այնքան էլ շատ չեն, բայց լի են հիասքանչ տողերով:

Գրքերիս մեծ մասը գողացված են պապիկի գրքերի այն մեծ բազմությունից, որ օր օրի ավելանում էին: Եվ ոչ ոք չէր նկատում ինձ հետաքրքրող գրքերի բացակայությունը: Ես դրանք սիրով էի կարդում, բայց մի փոքր դանդաղ: Չէի սիրում, երբ ինձ խանգարում էին, որովհետև ընկղմվում էի կարդացածս գրքի մեջ, պատկերացնում ամեն մի մանրուք, որոնց վրա գուցե շատերը ուշադրություն չէին դարձնի: Հետաքրքիր էր, նոր գիրքը սկսելիս միշտ մտածում էի, թե ինձ դուր չի գա, բայց երբ ավարտում էի այն, միշտ ուզում էի նորից կարդալ: Փոխարենը ավարտելուն պես գնում էի պապիկի տուն, բարձրանում երկրորդ հարկ և տեսնում այդ ահռելի պահարանը: Փնտրում էի հետաքրքիր վերնագրով գիրք: Ձեռքս միշտ չէր հասնում վերին դարակի գեղեցիկ կազմով գրքերին, որոնց վերնագրերն անգամ չէին երևում այդ փոքրիկ աղջնակին: Բայց ես չէի հուսահատվում, ներքևի դարակից գտնում էի մի գիրք, կարդում նկարագրությունը և… հերթական գողությունը:
Հիմա, երբ նայում եմ իմ գրադարակի գրքերին՝ հիշում եմ ամեն գրքի պատմությունը, որն արդեն թանկ է, հետաքրքիր, լի ուրախությամբ, լի այն վախով, որ շուտով պապիկը կնկատի ձեռքիս գիրքը, կբարկանա վրաս այն վերցնելու համար:
Բայց նա հաստատ չէր բարկանա, եթե անգամ բարկանար, ես չէի վախենա, որովհետև նրա աչքերը բարի էին ինձ համար, խոր, ինչպես այն գրքերը, որոնք կարդալիս գտնում ես կյանքի լույսը: