astghik ghazaryan

Իմ երեք մայրերը

Բարի օր, ինչպե՞ս ես: Արի՛ ինձ հետ, դե՛, ու՞մ ես սպասում, բռնիր ձեռքս ու արի՛. ես ուզում եմ քեզ ծանոթացնել իմ երեք մայրերի հետ: Մի՛ զարմացիր, շուտով ամեն ինչ կհասկանաս: Մի քիչ արագ փոխիր քայլերդ: Ըհը՛, տեղ հասանք, ահա և մեր տունը, մի՛ ամաչիր, նե՛րս արի: Սպասի՛ր, մինչև ներս մտնելը ուզում եմ քեզ մի բան զգուշացնել. մենք այս տանն ապրում ենք տասնհինգ հոգով, ու չվախենաս, երբ ամեն անկյունից մեկը դուրս գա: Ու մի բան էլ. առաջինը կմոտենաս ու կբարևես թախտի վրա նստած տատիկին. կարգն այդպես է: Պատրա՞ստ ես: Ուրեմն գնացինք:

-Սա տատիկս է, մենք նրան Ամայ ենք ասում:

-Բարև, չա՛րդ տանեմ, առաջ արի… Աստղի՛կ ջան, էս էկել եք, որ էն իրեք շների հետ ծանոթացնե՞ս…

-Հա՛, Ամայ ջան…

Մի՛ զարմացիր, Ամայը իր հարսներին կատակով շներ է ասում, մեկ-մեկ էլ՝ հրաշքներ՝ էլի կատակով: Լավ, հիմա արի գնանք խոհանոց: Տեսնո՞ւմ ես այն խոպոպներով կնոջը, որ ալյուրոտ ձեռքերով խմոր է հունցում. նա մեծ մայրս է՝ Անո մաման, իսկ քեզ հասկանալի լեզվով ասած՝ մեծ հորեղբորս կինը: Բայց արի մի բան պայմանավորվենք. թող ես իմ լեզվով խոսեմ, իսկ դու փորձիր հասկանալ. չեմ սիրում ձեր լեզուն: Ի՞նչ էի ասում… Հա, Անո մաման մեծ մայրս է, նա հաց թխելու աշխարհի չեմպիոն է. պատկերացնո՞ւմ ես, նա երկու օրը մեկ այնքան հաց է թխում, որ բավարարում է տասնհինգ հոգու: Նաև, ինչպես ինքն է ասում, «կատաղած» ճաշեր է եփում: Լավ, առաջ շարժվենք: Այն տղան, որ նոր քեզ բարևեց, եղբայրս է, բայց արի այսօր քեզ չծանրաբեռնենք, ես այսօր քեզ միայն մայրերիս հետ կծանոթացնեմ: Ահա, լվացարանի մոտ կանգնածը միջնեկ մայրս է՝ Սաթիկ մաման, փոքր ժամանակ ես նրան Զատիկ մամա էի ասում: Նա էլ աման լվանալու չեմպիոն է. պատկերացրու՝ ամեն օր ինչքան աման է լվանում: Նա նաև մեր տան բուժքույրն է, երբ ինչ-որ գանգատ ենք ունենում, նրան ենք դիմում:

Իսկ որտե՞ղ է մյուս մայրս: Հա՜, երևի բաղնիքում է, արի: Ահա և նա: Ծանոթացիր, սա փոքր մայրս է, ուղղակի մաման: Տան մյուս երեխաները նրան Արմինե քույրիկ են ասում: Փոքր ժամանակ նեղանում էր այդ «քույրիկի» համար, ուզում էի, որ նրան էլ մամա ասեն, բայց նա համեմատաբար ջահել է, դրա համար հիմա «քույրիկի» հետ համակերպվել եմ: Իմիջիայլոց, նա էլ լվացքի աշխարհի չեմպիոն է, մեկ էլ ինձ վրա բարկանալու ռեկորդակիր… Բայց իմ երեք մայրերի ամենաբարձր կոչումը մայր լինելն է:

Իսկ հիմա… Ի՞նչ, արդեն գնու՞մ ես, մի քիչ էլ մնա… Ա՜խ, գործեր ունես… Լավ, հիմա գնա, բայց խոստացիր, որ էլի կգաս, ու երևի այդ ժամանակ բոլորը տանը կլինեն, ես էլ քեզ բոլորի հետ կծանոթացնեմ: Իսկ հիմա կարող ես գնալ:

Է՜յ, սպասի՜ր, մյուս անգամ որ գաս, քեզ Անո մամայի պատրաստած «կատաղած» ճաշերից եմ հյուրասիրելու…

Լա՜վ, բարի ճանապա՜րհ… Սպասելու՜ ենք…